Մեդալի հակառակ կողմը. Նազիկ Ավդալյանը փակագծեր է բացում
ՏեսանյութերՇուտով կինոսերների դատին կհանձնվի կին ծանրորդ, կանանց ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ կյանքի եւ անհավանական սպորտային կարիերայի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորն է Աննա Հարությունյանը՝ Աննա Մաքսիմը, ով նաեւ ստանձնել է գլխավոր հերոսուհու կերպարը՝ մարմնավորելով Նազիկ Ավդալյանին: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 90 մլն դրամ, որից 40 մլն դրամը տրամադրել է Ազգային կինոկենտրոնը, իսկ բյուջեի մնացած մասը լրացվել է անհատ ձեռներեցների միջոցով։
«Իրավունք»-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում Նազիկ Ավդալյանը բացեց փակագծեր եւ ասաց, որ ֆիլմի պրեմիերան կլինի սեպտեմբերի 12-ին, այնուհետեւ կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:
«Հույս ունեմ, որ ֆիլմը կծառայի իր նպատակին: Համաձայնել եմ իմ մասին ֆիլմ նկարելու առաջարկին այն պատճառով, որովհետեւ իսկապես ասելիք ունի: Ու շատ եմ ցանկանում, որ ֆիլմը դիտելուց հետո՝ հանդիսատեսից յուրաքանչյուրն իր համար ինչ-որ օգտակար բան գտնի: Մտահղացումը Աննա Հարությունյանինն էր, եւ նրանից ստացա առաջարկություն ֆիլմ նկարելու: Առաջին իսկ խոսակցությունից մեծ հույս առաջացավ մեջս, որ ֆիլմը կայանալու է եւ ծառայելու է իր նպատակին, քանի որ Աննայից զգացի այնպիսի էներգիա, որն ինձ հավատ ներշնչեց», - անկեղծացավ կրկնակի չեմպիոնը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ