Շատ հուզիչ է տեսնել, թե ինչպիսի սրտի թրթիռով է Սաշան սպասում սեպտեմբերի 1-ին. Ելենա Վարդանյան
ՄշակութայինՍեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիների շարքերում կլինի նաեւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ որդին՝ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ: Նա հաճախելու է Ա. Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոց, որտեղ նրան առաջին անգամ կուղեկցեն մայրիկն ու հայրիկը: Թե ինչու ընտրեցին հենց այս դպրոցը, «Իրավունք»-ի հետ զրույցում մայրիկն ասաց, որ շատ դրական արձագանքներ է լսել եւ ամենակարեւորը՝ այն գտնվում է իրենց տան մոտ:
Անդրադառնալով սեպտեմբերմեկյան եռուզեռին՝ դերասանուհին նշեց, որ սա իրենց համար մեծ իրադարձություն է, եւ հայրիկն ու մայրիկն անպայման կլինեն Ալեքսանդրի կողքին. «Ասեմ, որ Սաշան համակերպվել է դպրոց գնալու մտքի հետ: Ավելին՝ ի սկզբանե, երբ գնում էր մանկապարտեզ, ասում էր, որ շատ է ուզում դպրոց գնալ, որ այնտեղ սովորեցնի ուրիշ երեխաներին, մենք միշտ ծիծաղում էինք այդ մտքի վրա: Իհարկե, հիմա ուրիշ երեխաներին սովորեցնելու մտքից հրաժարվել է, բայց շատ է սպասում, թե երբ է նոր պայուսակի մեջ տեղավորելու գրքեր, գրենական պիտույքներ: Այս ամենը շատ հուզիչ է, որովհետեւ տեսնում ես, թե ինչպես է սրտի թրթիռով սպասում: Ինչ խոսք, սա նաեւ մեզնից է գալիս, որովհետեւ մենք նրան միշտ պատմում էինք, թե ինչքան հիանալի ու լավ է դպրոց գնալը, ինչքան ուրախ է անցնելու, եւ որ նոր ընկերներ կունենա»:
Որպես դպրոցականի մայրիկ, թե ինչ մտահոգություններ ունի Ելենա Վարդանյանը, նա անկեղծացավ. «Չէի ասի, թե ինձ, որպես ծնողի, ինչ-որ բան շատ անհանգստացնում է: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր նորմալ ծնողի մտահոգում է շատ բան երեխայի հետ կապված: Երբ փոքր է, երբ մեծանում է, միշտ մտածում ես, Աստված չանի, մի բան չլինի, կընկերանա՞ շրջապատի հետ, թե՝ ոչ եւ այլն: Սա նորմալ է, բոլոր ծնողներին, կարծում եմ՝ հետաքրքրում եւ հուզում է: Բայց ես, չգիտեմ ինչու, ունեմ ներքին վստահություն, որ ամեն ինչ կլինի լավ, անհանգստանալու բան չկա, որովհետեւ որքանով գիտեմ եւ լսել եմ իմ ծանոթներից, որոնց երեխաները սովորում են այս դպրոցում, այնտեղ հրաշալի դաստիարակություն են տալիս երեխաներին, հիանալի ուսուցիչներ կան: Մեր շատ ընկերների երեխաներ գնում են հենց այդ դպրոցը: Դրա համար չեմ կարծում, որ իմաստ ունի այս փուլում մտածել, անհանգստանալ ինչ-որ բանի համար»:
Ինչ վերաբերում է իր դպրոցական հիշողություններին, դերասանուհին կարոտով հիշեց բոլոր միջոցառումները՝ հատկապես առանձնացնելով իր առաջին սեպտեմբերի 1-ն ու Վերջին զանգը. «Դա, պարզապես, հիանալի էր»:
Իսկ վերջում դպրոցի շեմին կանգնած երեխաներին Ելենա Վարդանյանը մաղթեց, որ լավ սովորեն, չարաճճիություն չանեն, լսեն ուսուցիչներին, ծնողներին էլ ցանկացավ՝ համբերություն եւ ամենալավն ու բարին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ