Կա՞ն Պուտինի միջնորդությամբ Ալիեւ-Փաշինյան «ստվերային» բանակցություններ
ՎերլուծությունՕրերս Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հանդիպեց արտերկրում Հայաստանի դեսպանների հետ: Սա տարեկան միջոցառում է, եւ ամեն անգամ նման հանդիպումը պաշտոնապես լուսաբանվում-մեկնաբանվում է մանրամասնորեն: Բայց այս տարի գրեթե լռություն էր: Այսինքն, նման իրոք կարեւոր միջոցառումը պաշտոնապես գրեթե մնաց չմեկնաբանված, այն դեպքում, երբ Նիկոլն իր խայտառակ վարկանիշի պատճառով ձգտում է առավելագույնս երեւալ հանրությանը, անգամ դրա համար Սեւանի շուրջ գերթանկարժեք հեծանվավազք կազմակերպելու տեսքով:
ՆԻԿՈԼԻ ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Այսպիսով, ամեն բան խոսում է այն մասին, որ Նիկոլը, մեղմ ասած, չէր ցանկանում, որ իր իսկ նշանակած դեսպանների հետ, ովքեր, այն էլ՝ բազում զտումներից հետո, քնում-արթնանում են Երեւանից գնացած հրահանգներով, հրապարակայնացվի: Դա արդեն իսկ վկայում է, որ խոսվել է այնպիսի բաներից, որոնք անգամ տոտալ պետական գրաքննությունից հետո հարմար չէ թեկուզեւ հատվածաբար ներկայացնել հանրությանը:
Բայց ահա, չնայած նման գաղտնապահությանը, պտտվում են խոսակցություններ, որ այդ հանդիպմանն առանձնապես էական բան չի էլ խոսվել: Նիկոլն ընդամենն իր ստանդարտ պատկերացումներից է խոսել աշխարհում եւ Հայաստանի շուրջ իրավիճակից, ընդ որում, բավականին թույլ եւ կիսատ-պռատ: Նույնկերպ անդրադարձել է այն աշխատանքներին, որոնք պետք է իրականացնել: Այսինքն, էլի առանց որեւէ ռեալության, կոնկրետացման: Ապա անցել է դեսպաններին հայհոյանքի աստիճան փնովելուն: Օրինակ, «Հրապարակի» տեղեկացմամբ. «Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետների, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան»: Այդ «նվաստացումից» հետո էլ Նիկոլ խստիվ կարգադրել է, թե իր մի ակնարկն էլ պետք է ամեն մեկի համար բավական լինի, որ առանց ավելորդ հարցերի, շտապի հրահանգները կատարել, ինչքան էլ որ դրանք դեսպանների համար անընդունելի լինեն: Ու, թերեւս, հենց սա էլ այս պատմության ամենագլխավոր դետալն էր:
Այսպես, կրկնենք, որ առանց այդ էլ հրավիրված դեսպանները, գոնե տեսականորեն, Նիկոլի կադրերն են, նրա կողմից նշանակված եւ ամեն մի քմահաճույք պատրաստակամորեն կատարող: Այսինքն, եթե քննադատելու խնդիր կա, Նիկոլն իրեն ու սեփական ԱԳ նախարարին՝ Միրզոյան Արոյին պետք է դա ուղղեր: Սա տեսականորեն: Բայց գործնականում դեսպանները Նիկոլի՞, թե՞ Արոյի հրամաններն են կատարում. այստեղ հարցեր կան: Առավել եւս, մասնավորապես անցած տարի արձանագրվեցին մի շարք դեպքեր, երբ Նիկոլի եւ Արոյի հրապարակային հայտարարություններն ուղղակիորեն հակասում էին իրար: Օրինակ, ամենակարեւոր դեպքերից մեկով՝ Արցախի հայաթափման ժամանակ, երբ Նիկոլը նախ հայտարարեց, որ հայերը կարող են մնալ. «Ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա… Այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ, ավելի դրական առումով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա»: Իսկ երբ դրան հետեւեց Արոյի ակնարկ-հայտարարությունը Վաշինգտոնից, թե մնալու դեպքում կլինի ֆիզիկական ոչնչացումը, եւ Նիկոլը պատրաստակամորեն անցավ այդ քարոզչական կուրսին: Ընդ որում, այդ ընթացքում նաեւ նկատելի էր, որ որոշ դեսպաններ ի սկզբանե առաջ գնացին հենց Արոյի ներկայացրած ուղղությամբ:
Նման դրվագներ քանիցս են նկատվել, որոնք երբեմն անգամ հարց էին առաջ քաշում՝ Միրզոյան Արո՞ն է Նիկոլի մոտ ԱԳ նախարար աշխատում, թե՞ Նիկոլն Արոյի մոտ՝ վարչապետ: Այսինքն, երբ Դիլիջանում Նիկոլը «շան լափ թափեց» դեսպանների գլխին, ապա առաջ է գալիս այս հարցը՝ իսկ որքանո՞վ էր այդ ամենն ուղղված նաեւ նույն դեսպանների անմիջական ղեկավարին՝ Միրզոյանին: Ի վերջո, չէ՞ որ այդ դեսպանները գործել եւ գործում են (իսկ հաճախ, պարապ նստած, ոչիչն չեն անում) հիմնականում հենց Արոյի կանտորայից ստացած հրահանգներով, եւ եթե դրանից հետո Նիկոլն այն աստիճան դժգոհ է, որ բոլորին մի տեղ է հավաքում եւ «պորտները տեղը դնում», ապա նախ՝ Արոն կարող է հանգիստ այդ ամենը նաեւ իր աշխատանքի գնահատականը համարել: Եվ երկրորդը, դրանով Նիկոլը նաեւ դեսպաններին է փորձում ցույց տալ, թե ում հրամանները պետք է կատարեն, եւ եթե չեն ուզում՝ կարող են դիմում գրել եւ հեռանալ: Ասենք, դա եւս Արոն կարող է համարել իրեն ուղղված անվստահության նշան:
ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Եթե ընդունենք, որ Նիկոլի այս հարվածն իրոք «տակից» ուղղված էր իր սեփական ԱԳ նախարարին, ապա այլ հարց է առաջ գալիս՝ իսկ նա Միրզոյան Արոյից դժգոհելու կամ որ ավելի վատ է՝ զգուշանալու առիթ ունի՞: Պետք է որ, հաշվի առնելով որոշակի նյուանսներ: Միրզոյան Արոն հանրային ընկալումներում համարվում է «մաքուր» արեւմտյան կադր, ավելին՝ Արեւմուտքի կողմից «սիրված» հայաստանյան պաշտոնյաների եռյակի մեջ մտնող՝ ԱԽՔ Արմենի եւ Ալենի հետ միասին: Քանի դեռ Արեւմուտքը Նիկոլին «վստահում» է, վերջինս այդ եռյակից զգուշանալու խնդիր չունի: Բայց քանիցս օրակարգում պտտվեցին համառ լուրեր, թե այդ կադրերը Նիկոլի գլխին կախված «հեղաշրջումային սպառնալիք» են. մեկ քայլ աջ կամ ձախ, եւ մեխանիզմը կսկսի գործել:
Ներկա փուլում եւս Նիկոլն ակնհայտորեն այդ վտանգի տակ է, եթե հաշվի առնենք Պուտինի Բաքու կատարած այցն ու հաջորդած զանգը Նիկոլին: Սրան էլ նախօրեին գումարվեց եւս մեկ դրվագ՝ Պուտինի եւ Ալիեւի նոր հեռախոսազրույցը, որի ժամանակ, ըստ Կրեմլի մամուլի ծառայության. «Շարունակվել է Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի տարբեր ուղղությունների քննարկումը, ներառյալ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի, սահմանազատման եւ սահմանագծման, երկու պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ եւս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու հարցում»:
Հետաքրքիր պատկեր է ստացվում. մոտ 10 օր առաջ էր, որ Պուտինը Բաքվում էր, հանգամանորեն քննարկեցին այդ բոլոր հարցերը: Ու չնայած իր ներկա ծայրահեղ զբաղվածության, ՌԴ նախագահը նորի՞ց է հայ-ադրբեջանական թեմայով խոսում Ալիեւի հետ: Դա շատ ավելի տրամաբանական տեսք կունենա այն դեպքում, եթե հիշեցնենք մեր ենթադրությունը, որ այս պահին կովկասյան ուղղությունը ոչ թե անգամ մոսկովյան, այլ Պուտինի անմիջական կարեւոր օրակարգային հարցերից է: Ստացվում է, որ Նիկոլի հետ հեռախոսազրույցում ինչ-որ կոնկրետ բաներ են խոսել, եւ հիմա պետք էր այդ ամենը նորից քննարկել Ալիեւի հետ: Իսկ դա ավելի նման է, որ Պուտինի անձնական միջնորդությամբ որոշակի բանակցային գործընթաց է ընթանում: Դեռ այս պահին «կիսաստվերային», բայց հաջողության դեպքում, որը կարող է շատ արագ լինել, դա կարող է տանել եռակողմ հանդիպման՝ մոսկովյան հարթակում:
Ի դեպ, կան նաեւ խոսակցություններ, որ Նիկոլը դեսպաններին զգուշացրել է հնարավոր անակնկալ, քիչ սպասելի քայլերի մասին, որը եւս տեղավորվում է նշված գործընթացի տրամաբանության մեջ: Հիմնական քայլը, որ այս պահին սպասվում է Նիկոլից, կապված է Ադրբեջանի հետ բանակցությունների եւ կոմունիկացիաների թեմայի հետ: Արեւմտյան հարթակը, ինչպես քանիցս ֆիքսվել է, պարզապես չի աշխատում Ալիեւի դիրքորոշման պատճառով: Այսինքն, Նիկոլն անակնկալ քայլեր ներկա պահին կարող է անել ռուսական հարթակի ուղղությամբ: Չնայած, անակնկալ քայլ կարող է լինել, եթե նա հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական բազան հեռացնելու մասին: Միայն թե ներկա տնտեսական իրողությունների պարագայում սա այս պահին ունի հավանականության խիստ ցածր մակարդակ:
Եվ եթե կա Պուտինի անձնական ներգրավմամբ նման ստվերային գործընթաց, ապա Արոյի «վախը բռնելու», իսկ շատ համառելու դեպքում՝ նրանից ազատվելու խնդիր Նիկոլը կարող է ունենալ: Այնպես, ինչպես ժամանակին Ալենի «վախը բռնեց»՝ նրա հարազատներին կալանքի ուղարկելով:
ՔԱՅԼԸ ՆԻԿՈԼԻՆՆ Է
Ահա այս ֆոնին նաեւ նկատենք, որ Նիկոլի ուղղությամբ Բաքվի ճնշումները վերսկսված են: Այսպես, Անկարա այցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում խոսեց «խաղաղության պայմանագրից», նորից մատնանշելով, թե դրան խանգարում է ՀՀ Սահմանադրությունը: Ավելին, այս անգամ պարզվեց, որ ՀՀ Սահմանադրությունը, բացի Ադրբեջանից, նաեւ Թուրքիային է խփում: «Չնայած բանակցությունների գործընթացում դրական դինամիկա է նկատվում, եւ համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունները նախկինի պես պահպանվում են Հայաստանի Սահմանադրությունում եւ մի շարք այլ նորմատիվա-իրավական ակտերում։ Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաեւ տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի Հանրապետության հանդեպ։ Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»,- հայտարարեց Բայրամովը: Եվ չմոռանանք, որ այդ դեպքերում, երբ քննարկումներ են ծավալվում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հարթակում, ՀՀ Սահմանադրության թեման, որպես կանոն, ի հայտ չի գալիս:
Այսպիսով, Նիկոլը նորից նույն «կոտրած տաշտակի» առաջ է: Եթե համառորեն փորձում է շրջանցել ռուսական հարթակը՝ թեկուզեւ Բաքվի հետ դեմ առ դեմ բանակցությունների գնալու գնով, ապա պետք է լուծի Սահմանադրության հարցը: Ասել, թե նա ելնելով գոնե տարրական բարոյականությունից, չի ուզում ՀՀ Սահմանադրությունը հարմարեցնել թուրք-ազերիական տանդեմի քիմքին, միամտություն կլիներ: Պարզապես նա գոնե այս պահին չի կարող այն փոխել: Պետք է հանրաքվե, որով պետք է ոչ միայն վերջնականապես հրաժարվի Սահմանադրության հիմքում դրված «Անկախության հռչակագրից», այլ նաեւ՝ Ցեղասպանությունից: Ու տեսանելի չէ այն մեխանիզմը, որով նա կկարողանա նման նախագիծ հանրաքվեի դնելով, ստանալ դրական արդյունք: Եվ երբ Բաքուն մշտապես Նիկոլի այդ «ցավոտ կոշտուկին» է սեղմում, ապա դա մեկ բան է նշանակում՝ ոչ մի «խաղաղության պայմանագիր», եթե միայն դա չի բխում Պուտին-Ալիեւ-Փաշինյան հայտնի եռակողմ պայմանավորվածությունների դրույթներից:
Հենց այդ մոտեցումն էր դրված Բաքվում Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական հարցով քննարկումների հիմքում: Այդ սցենարին էր վերաբերում նաեւ նրանց վերջին հեռախոսազրույցը: Եվ հիմա, շատ նման է, որ սպասում են Նիկոլի վերջնական կողմնորոշմանը՝ բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ: