«Նոր Ալիք»-ում առաջին դեպքն է, երբ արտիստը կրում է իր դիզայների հագուստները. Արայիկ Գաբաջյան
ՄշակութայինՀայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողը: Նա ժյուրիին եւ հանդիսատեսին շլացրեց ոչ միայն իր կատարումներով, այլեւ զգեստներով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նոր Ալիք 2024»-ի հաղթողի հագուստների հեղինակ, հայտնի ոճաբան ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս ընտրվեց Անահիտ Հակոբյանի բեմական հագուստը: Այն Ձե՞ր մտահղացումն էր, թե նրա հետ միասին եք որոշել ստանալ այդպիսի գեղեցիկ ու տարբերվող զգեստ:
— Անահիտի հետ դեռ վաղուց եմ աշխատել, երբ Անահիտը մասնակցում էր «Հայաստանի ձայն» նախագծին, սակայն առավել ինտենսիվ աշխատեցինք հայաստանյան ակումբներից մեկի շոու ծրագրում, եւ այդ ժամանակ առավել ամրապնդվեց մեր մտերմությունը: Հագուստների գաղափարը այսպիսին էր. երբ Անահիտը Մոսկվայում մասնակցեց նախընտրական փուլին, շատերն էին հավանել նրա հագուստներն ու ոճը: Այդ իսկ պատճառով արդեն Սոչիի համար խնդրել էին, որ նա տաներ իր հագուստներից, չնայած՝ նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է կրեր ռուս դիզայների պատրաստած հագուստները: Սակայն «Նոր ալիք» մրցույթի ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ասել էր, քանի որ արտիստն ունի իր ուրույն ոճն ու դիզայները, ապա թող էսքիզներն ուղարկեն: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ արտիստը կրում է իր դիզայների հագուստները: Մնացած տարիներին կա՛մ կտրականապես արգելել են, կա՛մ փոփոխության ենթարկել հագուստը: Ինչպես ասացի, իրենց պահանջով մենք ուղարկեցինք 5 հագուստի էսքիզներ, եւ 5-ն էլ հաստատվեց միաձայն: Ինչ վերաբերում է Անահիտի հետ քննարկելուն, պիտի ասեմ, որ նման քննարկումներ չեն եղել: Անահիտը լիովին վստահում է ինձ եւ գիտի ինչ է հարկավոր իրեն: Միակ ցանկությունը եղել է քարերով, շքեղ զգեստ, որը ցանկացած երգչուհու երազած հագուստն է: Ես լսեցի երգերն ու սկսեցի նկարել: Ստացվեց այն, ինչը հիմա շատերի քննարկման թեման է:
— Կարելի՞ է ասել, որ ընտրված զգեստը ժյուրիին տպավորելու եւ հաղթանակի մեջ մեծ դեր ունի։
— Առհասարակ, արտիստի արտաքին տեսքը շատ կարեւոր է թե՛ մրցութային ելույթների, թե՛ համերգների ժամանակ: Չէ՞ որ հագուստով դիմավորում եւ հագուստով ճանապարհում են: Սակայն կուզեմ մի բան նշել, որ այս դեպքում ամեն բան այնքան հարմոնիկ էր՝ Անահիտը գեղեցկացնում էր իմ հագուստները, իսկ հագուստները ընդգծում էին նրա ողջ հմայքը: Կարծում եմ՝ զգալի դեր ունի հագուստն արտիստի համար: Ի դեպ, պետք է նշեմ, որ բացի բեմական 5 լուքերից, Անահիտի համար մտածված էր նաեւ նրա այնտեղ գտնվելու՝ 17 օրվա լուքերը: Մտածված էր, թե ինչ պետք է հագնի փորձերին, ծովափին, մամլո ասուլիսներին եւ առհասարակ, թեկուզ զբոսնելիս: Եվ պետք է նշեմ, որ կարմիր հագուստի վրա աշխատել ենք մեկ ամիս, եւ հագուստն իր վրա ունի 15.000 ճենապակե ուլունքներ, իսկ վերջին օրվա հագուստը՝ մոտավոր 20.000 քարեր, որը կշռվում էր՝ 9 կգ 800 գրամ:
«ԱՆԱՀԻՏՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՈՒԺԵՂ ՏԵՍԱԿ Է, ԱՍԱՑ ԿՀԱՂԹԵՄ ՈՒ ՀԱՂԹԵՑ»
— Որպես ոճաբան` ինչպե՞ս կգնահատեք «Նոր ալիք» շոուի մասնակիցների հագուստներն ու կերպարները։
— Ես տեղում չեմ տեսել, սակայն որքանով որ հետեւել եմ, չեմ կարող առանձնացնել մասնակիցներից որեւիցե մեկին: Միայն Վրաստանի ներկայացուցիչն էր քիչ թե շատ տարբերվում: Իսկ Անահիտը նույնիսկ փորձերի ժամանակ տարբերվում էր իր ոճով: Ի դեպ, այդ ամեը եւս մտածված էր: Սակայն արտիստներից թերեւս Ալսուին կառանձնացնեմ:
— Փաստորեն, Դուք մրցույթին հետեւում էիք Հայաստանի՞ց:
— Ցավոք, չկարողացա ներկա գտնվել անձամբ, բայց անընդհատ կապի մեջ եմ եղել Անահիտի հետ: Պայքարը իսկապես դժվար է եղել, եւ կային բավականին լավ ձայնային տվյալներ ունեցող մասնակիցներ, սակայն Անահիտը ոչ միայն լավ ձայն ունի, այլ, կարծես, պատրաստի արտիստ է ու շատ լավ գիտի, թե իրեն ինչպես պահի, դրսեւորի, հուզի: Ամենից կարեւորը շատ անկեղծ էր ե՛ւ ետնաբեմում, ե՛ւ բեմում: Դա էր պատճառը, որ նրան սիրեց եւ գնահատեց հազարավոր ռուս հանդիսատեսը: Վկայությունը, որ մեկուկես ժամ համերգից հետո Անահիտին բաց չէին թողնում:
«ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՆՐԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ»
— Հայաստանյան պատվիրակությունը սպասու՞մ էր նման գեղեցիկ հաղթանակի։
— Իրականում այստեղից պատվիրակություն չէր մեկնել, ու ամեն-ինչ Անահիտը միայնակ է արել: Ոչ մի հեռուստաընկերություն կամ հիմնադրամ նրան չի աջակցել: Նրա կողքին էր միայն սիրելին՝ Նժդեհը: Մրցութային երրորդ օրը նրանց պետք է միանայինք ես եւ Արտյոմ Հակոբյանը, սակայն, ցավոք, իմ գնալը չստացվեց: Միացավ միայն Արտյոմը: Ու չնայած այս ամենին՝ Անահիտն իր տեսակով ուժեղ տեսակ է, ասաց կհաղթեմ ու հաղթեց: Նրա հաղթանակին հավատում էինք ես, Արտյոմը, նրա սիրելին ու, բնականաբար, հենց ինքը ՝ Անահիտը:
— Ֆիլիպ Կիրկորովը հիացմունքով արտահայտվեց թե՛ մեր մասնակցի եւ թե՛ մեր երկրի մասին։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Իրականում չէի ցանկանա մեկնաբանել նրան ու անդրադառնլ Ֆիլիպի ելույթին, քանի որ մեկ անգամ իր ազգը ուրացողը, միշտ էլ կուրանա: Դրանք պարզապես խոսքեր էին: Տեսնելով Անահիտի ազդեցիկ ելույթը՝ տրվեց հույզերին ու ցանկացավ ցույց տալ, որ ինքն էլ է այս տաղանդավոր ազգից: Սակայն, կարծում եմ՝ մեզ պետք չէ նման թուլամորթ հայրենակից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ