Ալիեւի հայտարարություններին հայկական կողմից ընդհանրապես ոչ մի արձագանք չկա. Ղազարյան
ՆերքաղաքականԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիվանագիտական կիքսերն օգտագործել՝ ի շահ Հայաստանի:
— Հիշո՞ւմ եք, քանի դեռ Լաչինի միջանցքը գոյություն ուներ, Ալիեւը հայտարարեց, թե Հայաստանը Սյունիքի մարզով այն կարգավիճակի միջանցք պետք է տրամադրի Ադրբեջանին, ինչպես Լաչինի միջանցքն է: Եթե Հայաստանն ունենար նորմալ դիվանագետ, վերցնելու էր այդ ձեւակերպումը ու ասեր՝ դա դու ասացիր: Սա նշանակում է, որ դու ճանաչում ես Արցախը Հայաստանի համար այն նույն կարգավիճակում, ինչպես Նախիջեւանը Ադրբեջանի համար է: Այսինքն` Նախիջեւանը հանրապետություն է Ադրբեջանի կազմում, Արցախն էլ հանրապետություն է Հայաստանի կազմում: Նույն է, թե Հայաստանն է իր հանրապետության հետ կապված Լաչինի միջանցքով, դու ուզում ես նմանատիպ միջանցք: Ո՞վ է դա օգտագործել՝ ոչ ոք: ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասել է ու գրառում էլ է արել, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Սրանով նա տարածքային ամբողջականության հարցը համարում է ավարտված՝ 2023 թվականի սեպտեմբերին: Հարց է առաջանում՝ այդ դեպքում 2024 թվականի ապրիլ-մայիսին ինչո՞ւ Ադրբեջանը Տավուշից տարածքներ վերցրեց, եթե 2023-ի սեպտեմբերին իր, այսպես ասած, տարածքային ամբողջականությունն ամփոփել էր: Ստացվում է, որ Տավուշի մարզի տարածքները, որ վերցրել էր իր տարածքային ամբողջականությունից դուրս էր՝ Հայաստանի տարածքների հաշվին իր սահմաններն ընդլայնել է: Բայց դրա մասին ո՞վ է խոսում, ո՞վ է շահագրգիռ՝ էլի ոչ ոք: Ու ընդհանրապես, Ալիեւի հայտարարություններին հայկական կողմից ընդհանրապես ոչ մի արձագանք չկա: Արարատի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայր չի գնացել, բայց Պարույր Սեւակ գյուղ գնացել է, որովհետեւ Տիգրանաշենը Պարույր Սեւակ նախկին համայնքի նախկին բնակավայր է: Այսինքն` ինքն արդեն ասում է, որ այնտեղ չի գնա, որովհետեւ Ադրբեջանը կասի՝ ինչի՞ ես եկել: Եվրոպացի դիտորդներն էլ մինչեւ Տավուշի տարածքներն Ադրբեջանին հանձնելը Վանաձորով էին գնում, ասում էին՝ սա Ադրբեջան է, անկլավները համարում էին Ադրբեջանի տարածք: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հատուկ գնացել է Պարույր Սեւակ գյուղ ու հատուկ չի մտել այդ գյուղի մի թաղամաս հանդիսացող Տիգրանաշեն: Ինքն այդպես ցույց է տալիս, որ Տիգրանաշենը Հայաստան չէ: