Շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու. Օկամպո
ՄիջազգայինՀայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ տեսակապով հանդիպում են ունեցել իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ իրավաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրավունքների համար, փոխանցում է «Ապառաժ»-ը։
Պրոֆեսոր Օկամպոն մասնավորապես կարևորել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը առանց պետության ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում որպես իրավական կարևոր գործիք։
Oկամպոն նաև նշել էր, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը հայտարել էր, որ կա ցեղասպանության ռիսկ Արցախում, իսկ դա արդեն իսկ ենթադրում է միջազգային հանրության կողմից գործողության պարտավորություն։
Այս համատեքստում նաև շատ կարևոր կլինի, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համատեքստում բարձրաձայնենք գերիների հարցը ու ցույց տանք, որ Ադրբեջանը անմեղ մարդկանց գերի է պահում իր բանտերում։
Հանդիպմանը խոսվել է նաև այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, սակայն դա որևէ հետևանք չի ունեցել։ Օկամպոն ասում է, որ աշխարհը շատ տարբեր է հիմա․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփյուռքը և այլն։ Եվ շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու։
Նա նաև ասում էր, որ ինչքան էլ Ադրբեջանը հակառակն է պնդում, արցախցիները հողի սեփականատերերն են, ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչքան պատրաստ կլինենք պայքարելու։ Նա խորհուրդ է տալիս արցախցիներին ավելի ակտիվ լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։