Պառլամենտական ընդդիմությունը պետք է գիտակցի, որ «գոլը» միայնակ չեն խփում. Մհեր Մեսրոպյան
ՏեսանյութերՆերքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:
— Ձեր կուսակցությունը շարունակում է մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Դուք մասնակցում եք այս իշխանության դեմ կազմակերպվող ընդդիմադիր հավաքներին, անգամ հացադուլ էիք հայտարարել՝ պահանջելով ներկայիս վարչապետի հրաժարականը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ մինչեւ այսօր ընդդիմությանը չի հաջողվում արդյունքի հասնել:
— Չեմ կարող միանշանակ գնահատական տալ: Պատճառները տարբեր են: Ես շատ ակտիվ եմ հասարակական-քաղաքական կյանքում, ու իմ հայրենիքը շատ թանկ է ինձ համար: Ես անտարբեր լինել չեմ կարող: Կարծում եմ՝ քաղաքական իրավիճակից է կախված յուրաքանչյուրիս ճակատագիրը: Եվ ցանկացած քաղաքացի պարտավոր է հետաքրքրված լինել իր երկրի ապագայով, քաղաքական գործընթացով, ընտրություններով: Ես չէի ասի, որ չի հաջողվում: Յուրաքանչյուր պայքարի տեսակ, որն արվում է այս իշխանության դեմ, արդեն քաղաքականության մեջ ունի անուն, եւ հասարակությունն էլ տեսնում ու հասկանում է այս ազգակործան իշխանության գործունեությունը: Մենք ցանկանում ենք արդյունքը միանգամից տեսնել: Ես արդեն հաջողված եմ համարում այնքանով, որ հասարակությունն արդեն գիտակցության է գալիս եւ լավ տեսում է, թե ով ինչ է անում: Վստահ եմ որ գալու է ժամանակը. 2026 թվականի ընտրությունները լինելու են ճակատագրական՝ Հայաստանի համար: Գիտեք, ինչպիսին կցանկանայի տեսնել Հայաստանի խորհրդարանը: Ոչ թե լինեին ընդդիմադիր երկու կուսակցություն, այլ լիներ իսկական պառլամենտական երկիր, որտեղ ընդգրկված կլիներ ընդդիմությունը՝ այս նորաստեղծ կուսակցություններով, որոնք կներկայացնեին իրենց գաղափարախոսությունները, որի հետեւից կգնար հասարակությունը: Այլ ոչ թե Ազգային ժողովը կձեւավորվեր երկու ընդդիմադիր կուսակցությամբ, ինչպես հիմա է: Ընդդիմությունը՝ ես հիմա պառլամենտական ընդդիմության մասին չեմ ասում, այլ՝ ընդհանուր, պետք է համախմբվի, եւ այս իշխանությանը պետք է հրաժեշտ տան: Պառլամենտական ընդդիմությունը պետք է իր ամբիցիաները մի կողմ դնի եւ գիտակցի, որ «գոլը» միայնակ չեն խփում, դա թիմային աշխատանք է: Մենք ժամանակ չունենք. արդեն 6 տարի կորցրել ենք: Մենք կորցնում ենք մեր հողերը, մեր զավակներին, մեր ինքնությունը: Այսօր նաեւ սփյուռքն է հոգեբանորեն վատ վիճակում, երբ տեսնում է Հայաստանի վիճակը: Մենք կորցրել ենք մեր ապագայի հանդեպ վստահությունը: Ինչքան էլ իշխանությունները փորձեն իրենց պրոպագանդիստներով կարծիք փոխել, բայց մարդը տեսնում ու ապրում է այս իրականությունը: Մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը պարզ եւ հստակ ներկայացնում է ծրագիր, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանի զարգացումը, արտաքին քաղաքականությունը, ինչպես պետք է դա զարգացնել, որ ի շահ հայի լինի:
— Մինչդեռ այսօր փորձում են հանրությանը համոզել, որ պետք է գնալ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով…
— Այժմ իշխանություններն ամեն բան անում են՝ հային տանելով Եվրոպա, բայց դրա փոխարեն այնպես արեք` Հայաստանը ամուր լինի, պինդ լինի, նորից չդառնա գաղթական: Ի՞նչ տվեց Վրաստանին Եվրոպան, մեծ հաշվով ՝ ոչինչ, բացի երեք ամսով Եվրոպայի «վիզա», որը երրորդ ամսին կրկին ավարտվում է: Նոյեմբերին կայանալիք ընտրությունները Միացիալ Նահանգներում շատ բան կփոխի ամենուր: Կարծում եմ՝ այլեւս չի լինի գլոբալիստների միջամտությունը: Այնպես որ, պետք է ավելի իրատես լինենք ու սթափ նայենք իրականությանը: Պետք է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եթե մենք Ռուսաստանի դաշնակիցը մնանք, գուցե մենք էլ Բելառուսի նման կունենանք ատոմային պաշտպանություն: Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն են նաեւ շատ կարեւոր: Իսկ Եվրոպան մեզ ի՞նչ շուկա է առաջարկում: Հիմա մենք գլոբալ խնդիրների եւ մարտահրավերների առջեւ ենք կանգնած եւ բացարձակ Եվրոպայի ժամանակը չէ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.