ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՀասարակությունԱյսօր, օգոստոսի 19-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս, ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 23 - տարեկան։ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը Ազատանի հերոսների պանթեոնում էր։ Անմահ հերոս Հրաչ Մահտեսյանի շիրիմին այցելեցին, ծաղիկներ խոնարհեցին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ ։Անմահ հերոսի մայրը տիկին ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «2019 թվականի դեկտեմբերին էր անցել պարտադիր ժամկետային ծառայության Հրաչս, նա սպասում էր ծառայությանը։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ որդիս կռվել է Ջրականում, պատերազմի թեժ օրերին ժամանակ էր գտնում ու զանգում մեզ, հավատացնում, որ ամեն ինչ լավ է։ Մեզ ստել էր, ասելով, որ հոկտեմբերի 4-ին իրեն տեղափոխել են Ջրական, իսկ 6֊ին կրկին տեղափոխել Մեղրի, սակայն, հենց ամսի 1֊ից Ջրականում է եղել։ Դեպքն էլ տեղի է ունեցել այդտեղ հոկտեմբերի 9֊ին։ Իրենց ամբողջ վաշտը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, միայն մեկն է փրկվել։ Հրաչս իմ ուժն էր, իմ շունչը, հույսը, թևերը, որ կտրեցին։ Հրաչիցս հետո կյանքը կանգ է առել։ Նա շատ նպատակներ ուներ, սեփական տուն կառուցել, մեքենա ունենալ, զբաղվել հողագործությամբ։ Հրաչս ինձ պատմում էր, որ պատերազմական ծանր օրերին կարողացել է խուսափել թշնամու արկի 2 հարվածից ու վստահեցրել, որ իրեն ոչինչ չի պատահի։ Ասում էր մամ ջան, էս ուրիշ կռիվ է, մեր կռիվն է, էս հարցը մենք պիտի լուծենք, որ մեր երեխաները չգնան կռիվ»։ Անմահ հերոս Հրաչ Մահտեսյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։ Ներկաները այցելեցին նաև մյուս բոլոր անմահ հերոսների շիրիմիներին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ