Պոկրովսկի ուղղություն. ուկրաինական բանակը քաոսի ու խուճապի մեջ է
ՄիջազգայինԱյն, որ Կուրսկի ուղղությամբ հարձակումը ուկրաինական բանակին լրջագույն խնդիրներ էր խոստանում, ի սկզբանե էր ենթադրելի: Այս պահին արդեն իսկ այդ խնդիրներն ակնհայտ են: Մի կողմից, Տորեցկի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզված է: Եվ միաժամանակ, այն ինչ կատավրում է Դոնեցկի հատվածում` Պոկրովսկի ուղղությամբ, արդեն անգամ ճակատի փլուզում չէ, այստեղ ուկրաինական ուժերը հայտնվել են իսկական քաոսի ու խուճապի մեջ: Ամեն դեպքում, ուկրաինական կիսառազմական ալիքները, դատելով իրենց գրառումներից, այլեւս անգամ հույս չունեն, որ իրավիճակը կկայունանա։
Արդեն տեղեկացնելու առիթներ ունեցել ենք, որ այս պահին առանցքային է դարձել Սելիդովոյի ուղղությունը: Ռուսական ուժերն արագ ընթացքով մոտենում են այն բնակավայրին, ու արդեն դուրս են եկել Մ-30 մայրուղի` կտրելով Կառլովկայի ուկրաինական խմբավորման մատակարարումների ուղին: Եվ այն, որ ուկրաինական ուժերն արագորեն լքում են այդ ողջ գոտին` բավականին հզոր պաշտպանական համակարգերով հանդերձ, հուշում է, որ տեսնում են մեծ շրջապատման լուրջ ռիսկ: Իսկ Կառլովկայի կորուստը, որն ուկրաինական բանակը տեւական ժամանակ համառորեն պաշտպանում էր, թերեւս, օրերի խնդիր է:
Ռուսական ուժերն այս պահին Սելիդովոյի մատույցներում են, եթե արդեն չեն սկսել բնակավայրի գրոհը: Այդ բնակավայրի գրավման դեպքում գործնականում անպաշտպան է մնում նաեւ Կուրախովոն, եւ դժվար չէ ենթադրել, որ ռուսական ուժերն արագորեն կզարգացնեն հարձակումն տվյալ ուղղությամբ (հնարավոր հարձակման քարտեզը ստորեւ):
Իսկ ահա Սելիդովոյից մի փոքր ավելի հյուսիս ռուսական ուժերն արդեն գրոհում են Նովգորոդովկա եւ Կրուտոյ Յար առանցքային բնակավայրերը, որոնք վերահսկողության տակ առնելու դեպքում բացվում է Միրնոգրադ-Պոկրովսկ ուղղությունը:
Այսպիսով, չափազանց մեծ է հավանականությունը, որ Պոկրովսկ-Կուրախովո ողջ գիծը կանցնի ռուսների վերահսկողության տակ, որը Դոնեցկի արեւմտյան ուղղությամբ գործող ուկրաինական ուժերի համար կնշանակի մեծ կաթսա, եթե չշտապեն հեռանալ: Բացի այդ, Պոկրովսկ-Կուրախովո գիծը վորահսկելու դեպքում ռուսները հայտնվում են հարավդոնեցկյան ճակատի ուկրաինական պօաշտպանության խորը թիկունքում: Վերջապես, անպաշտպան է մնում նաեւ արեւմտյան ուղղությունը, եթե ուկրաինական բանակը չկարողանա ինչ-որ կերպ ռեզերվների խնդիր լուծել եւ դեպի Դնեպրոպետրովսկ-Զապորոժե տանող ուղղությամբ պաշտպանական ամուր համակարգ ստեղծել:
Իսկ ահա Կուրսկում ուկրաինական հարձակումն արդեն իսկ սկսել է խեղդվել, քանի որ ռեզերվների բացակայությունն ու հսկայական կորուստները հենց այդ տրամաբանությանն են տանում: