«ՀՐԱՊԱՐԱԿ». Դասագրքի հեղինակները դատարան են դիմելու
ԻրավականԴասագրքերի այս տարվա մրցույթին «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայտ էր ներկայացրել նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ Արսեն Թավադյանի հետ համատեղ, հեղինակելով «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը, որը, սակայն, մերժվեց ԿԳՄՍՆ-ի կողմից։
Նախարարությունը, տարօրինակ կերպով, դասագիրքը փորձաքննող առաջին հանձնաժողովը լուծարել էր՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ հանձնաժողովականները սխալ են օգտագործել գնահատման սանդղակը։ Ապա ստեղծվել էր նոր հանձնաժողով, եւ դասագիրքը կրկնակի փորձաքննություն էր անցել։
Սակայն այստեղ էլ հեղինակներին ասել էին, թե 2-րդ հանձնաժողովն իրենց դասագիրքն անբավարար է գնահատել, մինչդեռ, ծանոթանալով գնահատման արդյունքներին, գրքի հեղինակները պարզել են, որ 2-րդ հանձնաժողովն էլ ոչ միայն անբավարար չի գնահատել, այլև նույնիսկ բավական բարձր է գնահատել դասագիրքը, եւ դասագիրքն արդյունքում հաղթահարել էր անցողիկ շեմը։ Հաջորդիվ, դասագրքի հեղինակները բողոքարկել էին որոշումը՝ խնդրելով անցկացնել նոր, լրացուցիչ փորձաքննություն, որին, սակայն, ԿԳՄՍՆ-ն, երկար լռությունից հետո, պատասխանել էր մերժումով։
Դասագրքի համահեղինակ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ ԿԳՄՍ նախարարությունը զավեշտալի պատճառաբանությամբ է մերժել «Հասարակագիտություն-8» դասագրքի բողոքարկումը․ «Մեզ ասացին՝ ուշ է, քանի որ դասագրքերի տպագրությունը սկսվել է, չենք կարող լրացուցիչ փորձաքննություն անել։ Սա` այն դեպքում, երբ մեր բողոքարկումը նախարարությունը ստացել էր հուլիսի 3-ին։ Հետո, գրականության եւ աշխարհագրության դասագրքերի դեպքում բողոքարկումն ընդունվել է, հետեւաբար, սա խտրական վերաբերմունք է, եթե 2 դասագրքի համար ընդունվել է բողոքարկումը, ինչո՞ւ մեր դեպքում չի ընդունվում։ Այս խնդիրը մեզ շատ մտահոգեց»։
Այդ ընթացքում նաեւ «Հասարակագիտություն-8» մասնագիտական հանձնաժողովի անդամ Արշակ Բալայանը ներկայացրեց հաղթած դասագրքերից մեկի սխալների մի մասը․ «Մենք նաեւ անուղղակի ձեւով որոշակի արձագանքներ ստացանք նախարարությունից, որոնք անընդունելի էին մեզ համար, օրինակ, նախարարությունը նշում է այն, որ հաղթող ձեռնարկները չունեն բովանդակություն, ընդամենը տեխնիկական խնդիր է եւ 5 րոպեում կշտկվի։ Սակայն հանձնաժողովի անդամներից մեկը՝ Արշակ Բալայանը, շատ լուրջ բովանդակային սխալներ է բարձրաձայնել՝ աղաղակող սխալներ, եւ դրան ի պատասխան` նախարարությունն ասում է, որ դրանք տեխնիկական խնդիրներ են, 5 րոպեում կուղղենք։ Բայց այս մոտեցումը մեզ համար անընդունելի է, որովհետեւ դասագրքերի որակը չափվում է ոչ թե մրցույթից հետո կատարված շտկումներով, այլ թե մրցույթին դիմելու պահին ինչ որակի են եղել 3 դասագրքերն էլ։ Սա է չափանիշը, հետո մենք էլ շատ բաներ կարող ենք փոխել, բայց հետոն հաշիվ չէ»։
Ս․ Խաչատրյանը նկատում է՝ առանց բովանդակության ձեռնարկներ ներկայացնելն ինքը տեխնիկական խնդիր չի համարում, այլ՝ ակադեմիական գրագիտության նշաձողի իջեցում շրիշակի մակարդակի: «Պետական բյուջեի փողերով՝ հարյուր հազարավոր աշակերտներին վերաբերող գործը չի կարելի այդ ձեւով անել։ Այստեղ ինձ ավելի շատ դա է մտահոգում՝ չկա այդ գիտակցումը, որ սա կարեւոր գիրք է, սա դասագիրք է, որ 4 տարով մտնում է դպրոցներ՝ պետբյուջեի փողով, ծնողների վճարներով։ Ո՞նց կարելի է ասել՝ ոչինչ, հետո կուղղենք, կամ՝ ի՞նչ անենք, թող մի քանի հատ էլ սխալ լինի։ Նաեւ մեզ համար զարմանալի է, որ ասում են՝ դե, 12 սխալ է եղել․․․ նախ, հանձնաժողովի անդամը ներկայացնում է այդ սխալներից մի քանիսը, այսինքն, ոչ բոլոր սխալներն են ներկայացված․․․ստացվոմ է՝ եթե հաղթող գիրքն առնվազն 12 գիտական սխալ է ունեցել, ուրեմն մեր պարտված գիրքն առնվազն 13 գիտական սխալ պետք է ունենար, որ ավելի վատը համարվեր։ Բայց մեր գրքի սխալների քանակը շատ փոքր է, եւ մեծ մասը տեխնիկական սխալներ են, ու այն դիտողությունները, որ արվել են մեր գրքի հետ կապված, մենք մի ժամում կշտկենք։ Մեծ մասը վրիպակներ են, եւ որոշ բաներ էլ կան, որ մենք նույնիսկ չենք էլ ընդունում որպես դիտողություն»,-նկատում է հեղինակը։
Օրերս դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում արդեն տեղադրվել են «Հասարակագիտություն-8» առարկայի հաղթող դասագրքերի վերջնական տարբերակները․ «Այսինքն, սրանք արդեն այն տարբերակներն են, որոնք տպվում են կամ գուցե տպված են, որովհետեւ օրենքով նախարարությունն օգոստոսի 20-ից դպրոցներին պետք է հանձնի դասագրքերը։ Եվ ի՞նչն էր մեզ համար զարմանալի՝ այն սխալները, որ նշել էր հանձնաժողովի անդամը, ոչ էլ շտկված էին։ Այն տեխնիկական սխալները, որ նախարարության պաշտոնյան ասում էր՝ 5 րոպեի գործ է, դրանք էլ շտկված չէին։ Նախարարությունը պետք է զգույշ լինի, թե իր կայքերում ինչ եւ ինչ որակի բաներ են տեղադրվում։ Սա կարեւոր է, եւ չպետք է թույլ տալ նշաձողն իջեցնել։ Տարիներ առաջ ոչ ոք ռիսկ չէր անի այդ որակի նյութեր տեղադրել, բայց հիմա դրվում է, եւ ցավալին նաեւ անտարբերությունն է, ոչ մեկը չի արձագանքում, չի կարդում, կամ կարդում են, բայց լռում են։ Այս ամենը մտահոգում է մեզ»։
Ս․ Խաչատրյանը տեղեկացնում է՝ առաջիկայում պատրաստվում են դատարան դիմել եւ, դասագրքի հետ կապված, վիճարկել հանձնաժողովի որոշումը․ «Մենք հիմա պատրաստում ենք անհրաժեշտ փաստաթղթերը, պնդումները, հիմնավորումները, որովհետեւ համոզված ենք, որ մեր դասագրքի հանդեպ եղել է անարդար մոտեցում։ Առնվազն 2-րդ տեղով մեր դասագիրքը պետք է անցներ, քանի որ հնարավորություն ունեցել ենք ծանոթանալու մյուս 2 գրքերին, հաստատ` մեր գիրքն արժանի չէր 3-րդ տեղ գրավելուն»։
Դասագրքի հեղինակը մատնանշում է նաեւ այլ խնդիրներ` նկատելով, որ մրցույթի հետնաբեմում կասկածելի բաներ են կատարվում: «Մեր տեղեկություններով, այս 2-րդ՝ կրկնակի փորձաքննություն անող հանձնաժողովում եղել է ընդամենը մեկ մարդ, որովհետեւ այն դիտողությունները, որոնք մենք ստացել ենք, մի մարդու դիտողոթյուններ են։ Հիմա հարց է առաջանում` այդ ո՞նց եղավ, որ այն 3 մարդուն դուրս մղեցիք, եւ այս մի մարդը միայնակ որոշեց դասագրքի ճակատագիրը։ Սա պետք է մենք ստուգենք, ցավոք, այս մասով մեզ որեւէ տեղեկություն չեն տալիս, բայց փաստ է, որ մեզ տվել են մեկ մարդու գնահատման սանդղակ, եւ այստեղից էլ հարց է առաջանում, որ, ուրեմն, 2-րդ հանձնաժողովում մեկ մարդ է գնահատել։ Սա էլ կփորձենք պարզել դատարանում, եւ եթե այդպես է, ապա որքանո՞վ է ճիշտ, որ մեկ հոգին որոշում կայացնի, հատկապես որ գիտենք, թե ինչքան հեշտ է մեկ մարդու վրա ազդելը, ու, մանավանդ, եթե ընտրեք ձեր ուզած մարդուն եւ ուղղորդեք նրան։ Այնպես որ, մենք փորձելու ենք պայքարել, քանի որ կարծում ենք՝ անարդար վերաբերմունքի ենք արժանացել»,-ընդգծում է Ս․ Խաչատրյանը։