Այլանդակված մայրաքաղաք... Ալլա Հակոբյան
ՄշակութայինԱյլանդակված մայրաքաղաք...
Բարձր գնով պարտադրված
Անհամություն ու անճաշակ
Արվեստ կոչվող ինչ-որ թեյնիկ,
Հռոմեացի անկապ զինվոր,
Մի սեւ կատու ու ծխող կին,
Ծուռտիկ-մուռտիկ նապաստակներ,
Իբրեւ առյուծ ներկայացող ինչ-որ հրեշ...
Այս ամենը ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ներկայացվեց
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ ու Կասկադում՝
Իբրեւ տնազ՝ տեղադրվեց
Հենց թիկունքում Թամանյանի...
Էհ, Թամանյան...
Գաղափարդ կիսատ մնաց...
Այստեղ պիտի բլուրն ի վայր
Գահավիժեին ջրվեժները,
Խիտ կանաչով շրջապատված...
Ավաղ չարվեց...
Իսկ եղածն էլ բռնաբարվեց...
Ու հատվեցին լայնատերեւ
Երեւանի ծառերը մեր՝
Որ այլեւս մենք չշնչենք...
Որ պարզապես էլ չլինենք...
Որ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ու տուֆակերտ
Մայրաքաղաք Երեւանս
Բետոնապատ ջունգլի դառնա՝
Իսկ թե այստեղ հայ կմնա՞
Ո՞վ կիմանա...
Առաջներում Աբովյանով
Հանճարներն էին հանգիստ ճեմում
Ու հիացած երեւանցիք
Նրանց խոսքն էին օդում որսում...
Սակայն այսօր
Թամանյանի Հյուսիսային պողոտայով՝
Քսանվեց մետրով խիստ նեղացված,
Էլ չես ճեմի՝
«Քայլող մարդն» է այնտեղ իշխում՝
Պարտադրված մթնոլորտն է մեզ թելադրում՝
Բարբառներով բազմատեսակ...
Ամե՛ն բարբառ ես լսեցի...
Հայերենը, ավաղ, չկար...
Ալլա Հակոբյան
11.08.2024