ՖԻԲԱ-ն (Բասկետբոլի միջազգային ասոցիացիան) որոշել է բասկետբոլի ամառային Օլիմպիական խաղերի մրցաշարի MVP-ին: Լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել ԱՄՆ-ի հավաքականի և Լոս Անջելես Լեյքերսի հարձակվող Լեբրոն Ջեյմսը։
Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 98:87 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին: Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը 5-րդ անգամ անընդմեջ և ռեկորդային՝ 17-րդ անգամ դարձավ Օլիմպիական Խաղերի չեմպիոն։
ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձավ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, ով երկու անգամ թրիփլ-դաբլ է գրանցել։
2024 թվականի Օլիմպիական խաղերում 39-ամյա ամերիկացին Սերբիայի հետ կիսաեզրափակիչ խաղում (95:91) վաստակել է 16 միավոր, 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և 10 արդյունավետ փոխանցում կատարել։ Խաղերի պատմության մեջ սա նրա երկրորդ թրիփլ-դաբլն է։ 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում նա Ավստրալիայի դեմ խաղում ևս գրանցել էր թրիփլ-դաբլ։
Օլիմպիական խաղերի պատմության մեջ չորս անգամ է թրիփլ-դաբլ գրանցվել: Բացի Լեբրոնից, դա արել էին միայն Ալեքսանդր Բելովը (ԽՍՀՄ, 1976 թվականին) և Լուկա Դոնչիչը (Սլովենիա, 2021 թվականին):