Արարատ Միրզոյանը, ով փոշեկուլի փող չուներ 250 000 դոլարանոց տուն է գնում
ԹեմաԲագրատ Սրբազանը Մասիս քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ հիշեք, թե ինչ էին խոսում գործող իշխանության այսօրվա անդամները՝ իշխանության գալուց առաջ և ինչպիսի պատկեր է հիմա, երբ նրանք իշխանության ղեկին են։
«Մի փոքրիկ տուն տեսել են՝ ասել են «դղյակ»․ Իջևանում դղյակ չեն կառուցու՞մ էդ «դղյակ» ասողները։ Կառուցում են, շատ լավ դղյակներ են կառուցում, և ընդամենը մի քանի տարվա մեջ։
Ընդամենը մի քանի տարվա մեջ արտգործնախարարը, որը փոշեկուլի փող չուներ, 250 000 դոլարանոց տուն է գնում։ Պաշտպանության նախարարը, որը պատմության ուսուցիչ էր, եկել է իշխանության, իր ապիկարության պատճառով Ազատ գյուղում զինվորները վառվել են կացարանի մեջ, ինքը շարունակում է տներ գնել՝ թանկանոց։ Սա բարոյականության ո՞ր աստիճանն է։ Բա, քննադատում էիք կոռուպցիան, տները, մեքենաները, դուք ավելի սարսափելին եք անում։
49 հատ նոր մեքենա են գնել՝ ի՞նչ միջոցներով, ու՞մ հաշվից հանած»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա անդրադարձավ նաև Սրբազան պայքարի դեմ սև քարոզչություն իրականացնելու համար իշխանության ծախսած հսկայական ռեսուրսներին․
«Մեր պայքարը սևացնելու համար տեղեկատվական դաշտում զուտ մեկ ամսում մինչև 50 միլիոն դոլար են ծախսել։ Ստացվե՞լ է․ չի ստացվել, որովհետև ճշմարիտ մարդկանց պայքար է սա, որովհետև դռների հետևներում կեղծ պրոֆիլներով փող ուտող, ծախված մարդկանց պայքար չէ, այլ պարզ երեսով կանգնած մարդկանց պայքար է։
Երեկ էլ կառավարության աշխատակազմի ֆեյքերի ՊՈԱԿ-ի ատամանն ասում է, իբրև իմ ասածները «զառանցանք են», կառավարությունը փողերը ծախսում է «ըստ նպատակահարմարության՝ պետության շահի համար»։ Ծիծաղելի է։ Սրանց նայիր․․․ Սնուփ Դոգի չեղած համերգի համար ինչքա՞ն փող ծախսեցիք։ Մնացածը դեռ չեմ ասում։
Իսկ այս 47-50 միլիոնը, որ ասում եմ, հենց էդ ՊՈԱԿ-ի միջոցով են արել, «Վիվառո»-ների միջոցով են արել՝ սևացրել՝ օրը 24 ժամ, հսկայական փողեր ծախսել, կեղծ պրոֆիլներ բացել, մարդկանց փչացրել՝ ասելով՝ դուք մարդ չեք, գործիք եք։
Ա՛յ սա է կեղծիքը, սուտը։
Փողով փորձում են անել ամեն ինչ, բայց իրենք են ժամանակին խոսել կոռուպցիայի մասին, դղյակների մասին, մեքենաների մասին, «թալան» կեղտոտ բառը մտցրել մեր բառապաշարի մեջ։
Իսկ հիմա ի՞նչ են անում․․․»։