Հայաստանում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկը. Մհեր Գրիգորյան
ՏնտեսությունՆախորդ ամիս ՀՀ-ում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկը, ինչը կարևոր իրադարձություն է:
Այս մասին Կառավարության օգոստոսի 8-ի նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ շուրջ 540 հազար կենսաթոշակառու և նպաստառու արդեն իսկ օգտվում է գումարը քարտով ստանալու տարբերակից, իսկ նրանց 44 տոկոսն օգտվում է նաև հետվճարի ծրագրից:
Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կենսաթոշակառուների մյուս կեսը չի օգտվում ծրագրից, ապա շտապեց կարծիք հայտնել՝ տերմինալների սփռումը ՀՀ-ում բավարար չէ:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արձագանքելով, նշեց, որ հնարավոր է՝ վերլուծություն արվի և պարզվի, որ կանխիկով գնումները հիմնականում գյուղաբնակ վայրերում են արվում: Բայց լինում են նաև դեպքեր, որ ասվում է՝ ինտերնետ չկա, սարք չկա, կապ չկա, թեև դրանք խախտումներ են:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս արձագանքեց՝ նշելով, որ տպավորիչ է, թե ինչքան է ավելացել անկանխիկ գործարքների քանակը:
«Բոլորը սկսել են գիտակցել, որ անկանխիկ գնումներն ավելի հարմար են, ավելի շահավետ են, և լայնորեն կիրառում են այն գործիքները, որոնք տրամադրվում են:
Կարծում եմ՝ նույնիսկ երկար վիճել չարժի, որ կանխիկն ավելի թանկ է նստում, քան անկանխիկը»,- ասաց Բադասյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս համատեքստում մեկ այլ հանգամանք ընդգծեց: Ստացվում է՝ հետվճարի ավելացման արդյունքում թոշակները ևս 1000 դրամով ավելանում են, եթե հետվճարը 5000-ից դառնում է 6000 դրամ: