Տխուր է հեռանալը… ռուս սահմանապահները ծառայում էին բարեխիղճ եւ առանց տրտնջալու. Ելենա Սարկիսյան
ՏեսանյութերՀայաստանի առաջարկով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարությունը հայկական կողմի պահպանությանը հանձնեց «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը: Ռուսները հեռացան օդանավակայանից՝ հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ տարբեր տարիներին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը պահպանած պահեստազորի եւ պաշտոնաթող սպաներ: Նրանց թվում էր նաեւ պաշտոնաթող մայոր ԵԼԵՆԱ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ: Նա կարոտով էր հիշում իր ծառայության տարիներին ռուս սահմանապահների կատարած մեծ աշխատանքը:
— Ո՞ր թվականից եք ծառայել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունում, մասնավորապես՝ «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում:
— Հենց «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում՝ 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2004 թվականի մայիսը: Իսկ ընդհանրապես` սահմանապահ եմ 1992 թվականից: Հիշում եմ՝ երբ Մեղրիի սահմանապահ զորքերից տեղափոխվեցի «Զվարթնոց»-ի օդային անցակետ, ընդամենը մոտ 60 հոգի սահմանապահ կար: Ռուս սահմանապահներն այդ տարիներին ծառայեցին շատ մեծ ծանրաբեռնվածությամբ: Գրեթե՝ առանց հանգստի: Եվ նրանք ծառայում էին բարեխիղճ ու առանց տրտնջալու: Հետագայում, իհարկե, սահմանապահների թիվն ավելացավ:
— Ի՞նչ առանձնահատկություն ունի «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում իրականացվող ծառայությունը:
— Անցակետում սահմանապահ ծառայության առանձնահատկությունն այն է, որ սահմանապահը գործ ունի տարբեր պետությունների քաղաքացիների անձնագրերի հետ: Եվ ամեն անգամ քաղաքացու անձնագրում կնիք դնելով՝ նրա մուտքը թույլ տալու կամ չտալու որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով անձնագրի վավերականությունն ու իրական լինելը: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական մեծ գիտելիքներ:
— Իսկ ի՞նչ կասեք դժվարությունների մասին:
— Անցակետում ծառայության դժվարությունն այն է, որ շուրջօրյա է: Իսկ ինչպես գիտեք, գիշերը ծառայություն իրականացնելն առավել բարդ է: Բայց ամենակարեւորը միշտ պետք է պատրաստ լինես արգելել պետական սահմանի խախտումները:
— Ի՞նչ եք կարծում, հայ սահմանապահները միայնակ՝ առանց ռուսների, կկարողանա՞ն պաշտպանել օդային սահմանը:
— Հույս ունեմ… Կարծում եմ՝ այս տարիներին, երբ հայերն ու ռուսները միասին են իրականացրել այս ծառայությունը, ռուս սահմանապահները լիովին փոխանցել են իրենց փորձն ու պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ հայ եւ ռուս սահմանապահների համատեղ ծառայությունը շարունակվեր:
—Ի՞նչ զգացողություններ ունեք՝ ներկա լինելով ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությանը:
— Իհարկե, տխուր է հեռանալը, որովհետեւ գրեթե 55 տարի ռուսները ծառայություն են իրականացրել օդային անցակետում: Բայց կյանքը շարունակվում է, ամենակարեւորն այն է, որ պատերազմ չլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ