Ռուսները հեռացան, իսկ ՔՊ-ական պատգամավորները փախան հարցերից
Տեսանյութեր«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությանն իրենք իրենցից, չգիտես ինչու, գոհ, եկել ու «ցցվել» էին ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Վահե Ղալումյանը: Տպավորություն էր, որ եկել էին իրենց լուռ ներկայությամբ համոզվելու՝ հաստա՞տ ռուսները գնում են:
«Իրավունքն» արարողությունից հետո նախ փորձեց ռուս սահմանապահների հեռանալու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ավելի շատ նիկոլազգի, քան թե` ռուս ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԻՑ.
— Հարմար չի, չեմ մեկնաբանում:
— Տեղի ունեցած արարողության մասի՞ն էլ ոչ մի ասելիք չունեք:
— Մեկնաբանություն չունեմ, միջոցառում է, մասնակցել ենք:
— Ուրա՞խ եք, որ ռուսները հեռանում են օդանավակայանից:
— Եղբայր, ուրախության կամ տխրության ինչ բան ա, միջոցառում ա, մասնակցում էինք:
Եվ թեպետ ոչ մի կծու-թթու հարց չէինք տվել Սանդիկովին, նա ուղղակի փախավ զրույցից: Իսկ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ սկզբում ավելի «դուխով» էր: Որոշեց հարցերին պատասխանելու փոխարեն՝ նախ բեյջ պահանջել՝ համոզվելու համար, որ իրեն հարց տվողը լրագրող է: Պարզվեց՝ բեյջն առկա է, բայց այ իր մանդատն իր մոտ չէր: Պատճառաբանեց, թե՝ դե իրեն ճանաչում են: Չնայած նրան, որ արարողության ժամանակ քչերը տեղը բերեցին, որ Սանդիկովի հետինն էլ էր պատգամավոր: Ինչեւէ, վերադարձանք հարցերին:
— Դուք գո՞հ եք այս իրողությունից, ռուս սահմանապահները հեռանում են օդանավակայանից:
— Մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, քանի որ սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության արդյունքում է եղել:
— Կարծում եք՝ Հայաստանը կկարողանա՞ միայնակ իրականացնել օդային սահմանի պահպանությունը՝ առանց ռուս սահմանապահների օգնության:
— Իհարկե…
Ահա այսպես էլ ավարտվեց զրույցը, ինքն իր ասածից զարմացած՝ Ղալումյանն էլ հեռացավ Սանդիկովի հետքերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ