Ինչո՞ւ Շահինյանը չդարձավ Արշակ Կարապետյանի կուսակցության նախագահ
Ներքաղաքական«Իրավունքն» անդրադարձել էր, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել երկրորդ անգամ, քանի որ նախորդը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել ու չէր գրանցվել: Հատկանշական էր այն, որ ի տարբերություն նախորդ համագումարի, որտեղ կուսակցության գլխավոր քարտուղար էր ընտրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարին ներկայացվեց բոլորովին այլ ղեկավար կազմ, եւ ընտրվեց կուսակցության նոր նախագահ: Իսկ Հովհաննես Շահինյանն ընդհանրապես ներկա չէր համագումարին: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել նրա եւ Արշակ Կարապետյանի միջեւ, մանրամասներ ենք պարզել հենց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻՑ:
— Տարբեր ասեկոսեներ են շրջանառվում, թե ինչո՞ւ Դուք չդարձաք «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր եւ գեներալ Կարապետյանի միջեւ:
— Մինչ կուսակցությունը, ասեմ, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, որը կոչվում է «Մենք գալիս ենք»: ՀԿ-ն եւ «Համահայկական ճակատ» շարժումը կնքել են համագործակցման համաձայնագիր, որում կար նպատակ` կուսակցություն հիմնադրելու: Մենք անցկացրել ենք համագումար, եւ կուսակցությունը, որը կոչվում է «Համահայկական ճակատ», պետական ռեգիստրի կողմից տարբեր պատճառաբանություններով գրանցում չի ստանում, որոնք իրենցից ներկայացնում էին միայն տեխնիկական թերություններ: Երկրորդ համագումարը կայացավ, եւ իմ որոշմամբ՝ ես չմասնակցեցի կուսակցական աշխատանքներին, քանի որ քրեական հետապնդումները, որոնք կային իմ նկատմամբ՝ 2019 թվականից սանձազերծված, կրկին վերաբացվել էր, ու ես իմ ուժերը պետք է կենտրոնացնեի դատաքննության մեջ, որը շատ ինտեսիվ գնում է, ու ամիսը 3-4 նիստ է տեղի ունենում: Իհարկե, գեներալը համաձայն չէր իմ որոշման հետ, բայց ես խնդրեցի, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտենան այդ հարցին: Ես 7 քննիչ եմ փոխել, եւ այս ողջ ընթացքում իմ նկատմամբ երկրից դուրս գալու ելքը բացվել-փակվել է, գործը փակվել, վերաբացվել է: Եվ այդ ամենը սկսվեց իմ մի շատ կարեւոր հայտարարությունից հետո, որը ես արել էի լրատվականներից մեկում: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ ծանր տարան, եւ նաեւ հետագայում դա նպաստեց քրեական գործը վերաբացելուն՝ 2023 թվականի ապրիլին: Ես գեներալ Կարապետյանին ճանաչում եմ 1994 թվականից, եւ մեր համագործակցությունը այնպես չէ, որ բացառապես կախված է եղել իր կողմից շարժում սկսելու կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու հետ: Մենք եղել եւ մնում ենք բարեկամներ, ու որեւիցե գաղափարական տարաձայնություններ, ճանապարհային շեղումներ կամ մեկս մյուսից նեղվածություն, բացարձակ չկա: Նաեւ ասեմ, որ գաղափարական սկզբունքայնությունը մեզ մոտ շատ համահունչ է: Եթե անգամ Կարապետյանը տեսներ Հայաստանը Եվրամիության կազմում, նա կշարունակեր մնալ իմ բարեկամը, բայց այդքանից հետո մենք քաղաքական, գաղափարական առումով նույն դաշտի մեջ լինել չէինք կարող:
— Իսկ իրականում Արշակ Կարապետյանը նման միտու՞մ ունի՝ Եվրամիության կազմում Հայաստանը տեսնելու:
— Գեներեալն ունի միտում Հայաստանի սուվերենության, իշխանության եւ փրկության հարցում: Ես գիտեմ, որ նա շատ լավ տիրապետում է, թե որտեղ է Հայաստանի պետական պահպանման բանալիները թաքնված: Արեւմուտքը որ պետություն մտնում է, այնտեղ ծաղիկ չի աճում: Տեսեք, Լիբիայի նման պետությանն ինչ օրի գցեցին: Այն Լիբիան, որն ուներ իր առավելությունները, որտեղ ժողովուրդը ապրում էր բարեկեցիկ մակարդակի վրա, այժմ այնտեղ ծաղիկ չի աճում: Դա մեզ պետք չէ: Պետք է վերջապես ընդունել՝ գեներալ Կարապետյանը,, Հովհաննես Շահինյանը մարդիկ են, ովքեր իրենց բնագավառում, շրջապատներում եւ ոլորտներում կայացած են: Մենք գործ ունենք արած, համակարգեր ստեղծած: Ունեցել ենք նախարարներ, որոնք տակդիրով գնում էին դիրքերը հանձնելու եւ վերադառնալու, իսկ Կարապետյանն այնպիսի աշխատանք է տանում, որն անմիջական կապ ունի մեր պետության վաղվա օրվա հետ, Արցախի խնդիրների հետ, գերիների վերադարձման հետ: Գուցե այդ ամենը մարդկանց համար տեսանելի չի, բայց մենք խնդիրներ ենք փորձում լուծել: Պետք չէ մոռանալ, որ մենք կորցրել էինք հուսալի գործընկեր լինելու այդ կարեւրագույն փաստը: Հիշեք 2013 թվականը, երբ մենք մտածում էինք՝ արդյո՞ք չգնանք Եվրամիություն, տեսնենք` այնտեղ ինչ կա, երբ մեր ողջ անվտանգությունը՝ տնտեսական, քաղաքական, ռազմավարական կապված է համակարգի հետ, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն: Բայց մենք քննարկում էինք` գնանք Եվրոպա, տեսնենք այնտեղ ինչ կա: Այս ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ունեցել կայունություն, հստակություն եւ դիմացի կողմի մոտ հստակ տպավորություն ենք ստեղծել, որ մենք հուսալի գործընկեր չենք: Ու այդ ամենի պտուղները հիմա մենք չենք քաղում, այլ ուտում ենք, իսկ պտուղը եղել է Արցախի կորուստը, պատերազմը, եղել է այն անտերուդուրս իրավիճակը, ինչի մեջ այսօր գտնվում ենք: Իրեն հարգող կազմակերպությունը, պետությունը չի ցանկանա գործ ունենա այնպիսի մի պետության, մարդկանց քանակի հետ, որոնք ցանկացած պահի պատրաստ են դավաճանելու: Կյանքում էլ է այդպես, երբ սիրտդ կոտրվում է, ինչքան էլ այն ամրացնես, միեւնույնն է, հետքը մնում է: Մենք ենք մեզ բերել հասցրել այն ողբալի իրավիճակին, որում այժմ գտնվում ենք: Մեր երկրի հարցերը այժմ քննարկում են՝ առանց մեր ներկայության, որովհետեւ մենք մեզ փալասի նման ենք պահել, իսկ փալասի վրա ոտքերը սրբում ու անցնում են:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ