Մերձավոր Արեւելքի մեծ պատերազմը այս անգամ էլ չի լինի
ՎերլուծությունՈւ մինչ «Ապոկալիպսիսի հեծյալը» Փարիզում մահ ու ավերածությունների է կանխատեսում, Մերձավոր Արեւելքում այդ կանխատեսումներին սկսել են գործնական տեսք տալ: Խոսքն այն ծայրահեղ սրացումների մասին է, որոնք այս պահին կան Իսրայելի եւ Լիբանանի, այն է՝ Հեզբոլլահի, այն է՝ նաեւ Հեզբոլլահի թիկունքին կանգնած ուժերի միջեւ:
Հերթական լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ չգիտես էլ ում կողմից հրթիռակոծության ենթարկվեց Հոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրը, որտեղ կան տասնյակի չափ զոհեր եւ վիրավորներ: Իսրայելը շտապեց մեղադրել Հեզբոլլահին, ինչքան էլ որ վերջինս պնդում եւ հիմնավորում է, որ ինքն այս հարվածի հետ որեւէ առնչություն չունի: Ընդ որում, այդ պնդումները միանգամայն հիմնավոր են: Նախ, մինչ այս չի եղել ապացուցված դեպք, որ Հեզբոլլահը ոչ ռազմական օբյեկտներին, առավել եւս՝ խաղաղ բնակչությանը հարվածներ է հասցրել: Առավել եւս, նման հարված Մաջդալ Շամս բնակավայրին հասցնելու իմաստ չկար: Բանն այն է, որ Մաջդալ Շամսում բնակվում են ոչ թե հրեաներ, այլ հիմնականում արաբական ծագումնաբանությամբ դրուզներ: Ընդ որում, քաղաքական առումով շատ ավելի սիրիական կողմնորոշմամբ, քան` իսրայելյան: Այսինքն, Մաջդալ Շամսի բնակիչները Հեզբոլլահի համար առնվազն չեզոք, եթե ոչ բարեկամական ընկալման մեջ են, որոնց թե հանուն ինչի պետք է հրթիռակոծեին, առնվազն անհասկանալի է: Իսկ Իսրայելը, եթե ռեալ նայենք, հանուն ինչ-որ դրուզների կարո՞ղ էր հրեաներին մահացու վտանգի ենթարկել. բացառվում է:
Բայց մեկ է, իսրայելյան իշխանությունները Հեզբոլլահին են մեղադրում՝ դրա տակ որեւէ ապացույց չդնելով: Իսկ դա մեկ բանի մասին է խոսում՝ այս միջադեպն ընդամենը սովորական պատրվակ է, որ Թել Ավիվը պատերազմական ծրագրեր առաջ տանի, թեեւ չբացառենք, որ իրականում բոլորովին այլ նպատակներ կարող են լինել:
Այսպիսով, այս անգամ կսկսվի՞ Մերձավոր Արեւելքի մեծ պատերազմը, որի մասին այդքան խոսվել է: Չնայած նրան, որ Նեթանյահուի կառավարությունը մի իսկական մարտական կեցվածքի մեջ է, թե՝ այսօր կհարվածենք, վաղը կհարվածենք, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ այս անգամ եւս ոչ մի մեծ պատերազմի էլ չեն գնա: Նման պատերազմը միգուցե ցանկալի է Նեթանյահուի համար գոնե այն իմաստով, որ նրան աշխարհով մեկ ներկայումս համարում են ռազմական հանցագործ, պատասխան տալու պահն արագորեն մոտենում է, եւ պատերազմի հաշվին հնարավոր է այդ բոլոր մեղադրանքները դուրս գրել: Բայց մյուս կողմից, երբ իսրայելյան բանակն անգամ համեմատաբար փոքրիկ ՀԱՄԱՍ-ի հարցը չի կարողանում լուծել, ի՞նչ պետք է անի Հեզբոլլահի հետ, գումարած ողջ «դիմադրության շարժում» կոչվածը՝ մոտ 250 հազար մարտիկներով եւ տասնյակ հազարավոր հրթիռներով զինված: Եվ դա առանց Իրանին հաշվի առնելու:
Կարելի էր այդ հաշվի մեջ ներառել նաեւ Թուրքիային, որի նախագահն արդեն իսկական «լեզվակռիվ» է սկսել Թել Ավիվի հետ: Բանը հասավ նրան, որ Էրդողանը խոստացավ ներխուժել Իսրայել՝ «ինչպես Ղարաբաղ եւ Լիբիա», իսկ Նեթանյահուի կառավարությունը նրան համեմատեց Սադամ Հուսեյնի հետ՝ խոստանալով ոչնչացնել Թուրքիան: Բայց, ինչպես նկատում է իրանական աղբյուրը, Էրդողանը միայն խոսում է պատերազմից, բայց «տակից» շարունակելով Իսրայելի հետ առեւտուրը: Ի տարբերություն Իրանի, որը խոսում է բացառապես խաղաղության մասին, սակայն անհրաժեշտության դեպքում կոնկրետ հարվածներ է հասցնում Իսրայելին:
Կարճ ասած, Թեհրանում, մեղմ ասած, ինչքան էլ որ Թուրքիայի հետ ռազմական տեսանկյունից գործնական հույսեր չեն կապում, բայց դրանից Իսրայելի վիճակը չի թեթեւանում: Այսինքն` այն, որ առանց ԱՄՆ-ի անմիջական ներգրավման Իսրայելը կպարտվի ռեալ պատերազմում, լուրջ փորձագիտական հանրության մոտ նախապատվելի վարկածն է: Իսկ ԱՄՆ-ի մասնակցության հեռանկարն իրատեսակա՞ն է, այն էլ՝ նախընտրական այս ֆոնին եւ այն բանից հետո, երբ ամերիկյան փառաբանված ավիակիրները լռվել-մնացել են Եմենի ափերին, ավելի ճիշտ՝ Եմենի ափերից պատկառելի հեռավորության վրա, այդպես էլ չկարողանալով որեւէ ռեալ գործողություն իրականացնել հուսիթների դեմ:
Մյուս կողմից էլ, եթե Նեթանյահուն այս առիթը եւս չօգտագործի, երկու-երեք ամսից պատերազմ սկսելու հեռանկարը դառնալու է շատ ավելի բարդ: Այսպես, նախօրեին տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանի երդմնակալությունը, եւ Մոսկվան չհապաղեց հիշեցնել, որ արդեն հոկտեմբերի կեսերին նրան սպասում են Կազանում, որտեղ կայանալու է BRICS-ի գագաթաժողովը: Բացի BRICS-ի հետ կապված մի շարք առանցքային որոշումներից, սպասվում է նաեւ, որ Կազանում կստորագրվի ռուս-իրանական մեծ աղմուկ հանած ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը, հիշեցնենք, ըստ տարբեր գնահատումների, ունի բավականին ծանրակշիռ ռազմական բաղադրիչ: Իսկ այդ դեպքում, արդեն անգամ ԱՄՆ-ի ուղիղ մասնակցության դեպքում (անկախ այն բանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում) Իրանի հետ Իսրայելի բախումը դառնում է շատ ավելի վտանգավոր, հաշվի առնելով, որ նույնքան մեծանում է հավանականությունը, որ դա կվերածվի նաեւ Ռուսաստանի հետ ուղիղ բախման:
Էլ չասած, որ այս պահին նույն հետեւողականությամբ զարգանում են նաեւ ռուս-չինական ռազմական հարաբերությունները: Օրերս բանը հասավ ստրատեգիական ավիացիայի համատեղ թռիչքներին, ընդ որում, դրա արդյունքում չինական ավիացիան պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց ԱՄՆ-ի (Ալյասկայում) ափերի անմիջական հարեւանությամբ: ԱՄՆ-ն, բնական է, փորձում է հակազդեցության միջոցներ գտնել, ընդհուպ՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տիպի կառույց ստեղծելու փորձերի միջոցով: Բայց անգամ այդ դեպքում, առավել եւս, եթե կշեռքի ռուս-չինական նժարին ավելանում է նաեւ Հյուսիսային Կորեան՝ իր ռազմական միանգամայն ծանրակշիռ պոտենցիալով, ԱՄՆ-ի համար մոլորակի ցանկացած հատվածում ուղիղ բախման գնալը մնում է անհուսալի գործ, որքան էլ որ Իսրայելը փորձի նման խաղ առաջ տանել:
Իսկ փարիզյան «Արմագեդոնի հեծյալը», ի վերջո, վիրտուալ էր, մինչդեռ հակառակ կողմի տրամադրության տակ կան միանգամայն զորեղ եւ մոտիվացված բանակներ: