«Վառեմ-մարեմ»-ը գոռալով՝ «մարում է». ո՞վ է մեղավոր
ՏեսանյութերԳյումրիում «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը հուլիսի 28-ին մասամբ փլուզվել է։ Նույն օրը, երբ Գյումրիում աննախադեպ քանակի մարդիկ կային, ովքեր գնացել էին Թաթա Սիմոնյանի համերգին: Ըստ էության, միայն երջանիկ պատահականություն է եղել, որ տուժածներ չկան: Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, նախնական տվյալների համաձայն, վնասվել է շենքի պատշգամբի մեկ արգելապատնեշ եւ շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ: Նշենք, որ շենքը գտնվում է Վարդան Աճեմյան փողոցում, Գյումրու Կենտրոնական այգու հարեւանությամբ։ Երկհարկանի շինությունը «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի կառույցներից մեկն է եւ ժամանակին փոխանցվել է Մշակույթի նախարարությանը, որը պետք է վերակառուցեր շենքը, սակայն դեռեւս ոչինչ չի ձեռնարկվել:
Ով է մեղավոր՝ տեղի ունեցածի համար «Իրավունք»-ին պարզաբանում տվեց Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա մասնավորապես նշեց, որ վերակառուցման ծրագիր եղել է դեռեւս 2009 թվականից, երբ շենքը փոխանցվել է պետության հոգածության տակ: Վերակառուցման հետ կապված առաջարկություններ եւ ծրագրեր շատ են եղել, սակայն մինչ օրս այն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել: Հենրիկ Գասպարյանը չափազանց կարեւոր է համարում հարցի լրջությունը, որը հստակ դրված է այն հարթության մեջ, որ շենքը պետք է ծառայի մշակութային նպատակների համար եւ այլ գործառույթ չի կարող ունենալ: Այդ տրամաբանությամբ է շենքը հանձնվել Մշակույթի նախարարությանը: Վերջինս նախագիծ է կազմել, եւ այդ նախագիծն իր մեջ ներառել է պատկերասրահ, արհեստանոցներ եւ այլն. «Ինչ-ինչ պատճառներով այդ հարցը այդպես էլ մնաց անավարտ, որից հետո անհրաժեշտություն առաջացավ, եւ մենք փոխեցինք մեր պայմանները` այն դարձնելով կրթական եւ մշակութային կենտրոն: Դա նույնպես ընթացք ստացավ, հասանք մինչեւ նախագծային փուլ, սակայն գործը կրկին առաջ չգնաց»:
Գասպարյանի խոսքերով՝ կան անհատներ, կազմակերպություններ, որոնք դիմում են համայնքապետարանին տարբեր առաջարկներով, սակայն համայնքապետարանը որեւիցե գործողություն ձեռնարկել չի կարող: Լավագույն դեպքում՝ միջնորդում է դիմել ԿԳՄՍ նախարարություն եւ կառավարություն, որպեսզի շենքը փրկվի, քանի որ այն օր օրի փլուզվում է:
«Շենքը 2000 քառակուսի է կազմում: Ռեստավրացիոն աշխատանքը դժվար է ասել, թե ինչ կարժենա, որովհետեւ դա ստանդարտ աշխատանք չէ, եւ մինչեւ նախագիծը վերջնականապես չլինի՝ դժվար է գումարի մասին խոսելը: Այնուհանդերձ, որոշակի աշխատանքներ մենք կատարել ենք՝ տեսնելով որ փլուզման վտանգ կա, պարիսպապատել ենք, լարերով ամրացրել ենք որոշ քարեր, որ չընկնեն, եւ վտանգավոր քարերը հեռացրել ենք, որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովենք: Հարցը կրկին հասել է մինչեւ նախարարություն, նույնիսկ եղել է հանձնաժողով՝ փորձագետներով: Քանի որ այդ փողոցներն արդեն վերանորոգման ընթացքի մեջ են, ունեինք մտավախություն, որ փողոցի շինարարության ժամանակ շինարարական ծանր տեխնիկաներն իրենց շարժումներով կարող էին վնաս պատճառել շենքին: Մեզ հետ համաձայն էին փորձագետները, որ աշխատանքները պետք է կատարվեին ձեռքով՝ առանց ծանր տեխնիկայի: Իհարկե, շինարարների հետ այդ հարցում խնդիրներ առաջացան, բայց մենք մեր խոսքը պնդեցինք: Մնացածը նախագծային փուլում կքննարկվի», - ընդգծեց Գյումրու գլխավոր ճարտարապետը՝ վստահեցնելով, որ ինչպես եղել է տարիներ շարունակ, այնպես էլ կշարունակվի եւ պարբերաբար կբարձրաձայնվի հարցը ու կմնա ուշադրության կենտրոնում:
Ի դեպ, ողջ օրը համառորեն զանգահարել ենք ԿԳՄՍ նախարարության Մշակութային բաժին, սակայն այդպես էլ մեր զանգերը մնացին անպատասխան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ