Կայացավ «Նռանե» նորաստեղծ երգչախմբի առաջին համերգը
ՄշակութայինՄոսկվայում հուլիսի 28-ին «Ժամանց» մշակութային կենտրոնի գողտրիկ դահլիճում տեղի ունեցավ «Նռանե» նորաստեղծ երգչախմբի (գեղ. ղեկ.՝ Անժելա Վարդազարյան) երկար սպասված առաջին համերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին:
Համերգը սկսվեց մեծ երաժիշտ, երգահան, բանահավաք, երաժշտագետ, երգիչ Կոմիտաս վարդապետի կյանքին ու ստեղծագործական գործունությանը նվիրված կարճամետրաժ ճանաչողական ֆիլմի ցուցադրությամբ: Երգչախումբը կատարեց հոգեւոր եւ ազգային երգեր, ինչպես նաեւ հատվածներ Սուրբ Պատարագից, որոնք արժանացան բուռն ծափահարությունների։
Երգչուհիների ձայները, ներդաշնակորեն միահյուսվելով միմյանց, ստեղծեցին յուրահատուկ հնչողություն, որը հաճելիորեն հուզեց ունկնդիրներին՝ թույլ տալով զգալ ազգային երաժշտության խորությունը, արտահայտչականությունն ու հարստությունը։ Մենակատար Աղավնի Կիրակոսյանը կատարեց «Անտունի» եւ «Կռունկ» երգերը, որոնք նույնպես իսկական նվեր էին ներկաների համար:
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնության խոսքում նշեց, որ համերգը ոչ միայն երաժշտական իրադարձություն էր մոսկվաբնակ հայերի կյանքում, այլեւ կարեւոր քայլ հայ հոգեւոր-մշակութային ժառանագության պահպանման եւ հանրահռչակման գործում։ Սրբազան հայրը գնահատանքի խոսք ասաց երգչախմբի անդամներին, գեղարվեստական ղեկավար Անժելա Վարդազարյանին` կատարողական տաղանդի, հիանալի համերգային ծրագրի, պրոֆեսիոնալ պատրաստվածության համար:
«Երգիչները, որոնք նույնիսկ երաժշտական կրթություն չունեն, բայց մեծ հանձնառությամբ հանդես են գալիս համերգային ծրագրով, միավորված են երաժշտության հանդեպ սիրով եւ ազգային երգի գեղեցկությունը հանրությանը փոխանցելու ցանկությամբ»,- ասաց թեմակալ առաջնորդը: