Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Աղստև գետը ողողել է Խաշթառակում գտնվող «Հեքիաթ» ճամբարի տարածքը. մանրամասներ
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ բանակավայրի մոտ գործող «Հեքիաթ» ճամբարում, Աղստև գետը վարարել և ողողել է ափամերձ հատվածը, որտեղ կան մեծ թվով քաղաքացիներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Իջևանի փրկարարական ջոկատի փրկարարները։
Դեպքի մասին տեղեկանալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի հանձնարարականով ճամբարին են մոտեցել Տավուշի մարզի գումարտակի պարեկները։
Փրկարարները ճամբարի ափամերձ հատվածից դուրս են բերել այնտեղ հանգստացող 46 երեխայի, 4 ջոկատավարի և 5 աշխատակցի։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն լիներ բժշկական օգնության նրանք տեղում լինեին։ Շնորհիվ փրկարարների բոլորը անվտանգ դուրս են բերվել ապահով վայր։