Լեո Նիկոլյանին Փարիզում կալանավորել են. ինչում է մեղադրվում նա
ՆերքաղաքականՖրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ դեռեւս հուլիսի 16-ին Փարիզից տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էր, թե կանչվել է ոստիկանություն հարցաքննության: Նա հայտնել էր, որ, հավանաբար, 48 ժամով նրան կձերբակալեն: Տեսանյութում նա հանում է կոշիկները եւ ոտաբոբիկ մտնում ոստիկանություն՝ ասելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ մարդկանց խփում-տփում է, գլուխներն է ջարդում: Սա նրա վերջին հրապարակումն էր, Լեո Նիկոլյանն առ այսօր անազատության մեջ է:
Նշենք, որ վերոնշյալ տեսանյութի հրապարակումից ընդամենն օրեր առաջ Լ. Նիկոլյանը հարցազրույց էր տվել «Իրավունք»-ին՝ պատմելով, թե ինչի համար է Ֆրանսիայի ոստիկանությունը հետապնդում իրեն:
«Իմ թաղամասում, որտեղ ապրում եմ, նկատեցի, որ ոստիկանությունը մեքենաների զննություն է իրականացնում: Իրենց գործն են անում, ոչ մի խնդիր չկա, բայց այդ ստուգումներն ուղեկցվում էին ոստիկանների կողմից շատ տհաճ վիրավորանքներով ու ուժի կիրառմամբ: Կարծես, ահաբեկիչներ էին գտել: Երբ արդեն 6-րդ ավտոմեքենային էին մոտենում, որոշեցի լուսաբանել, թե ինչ է կատարվում: Իմ հեռախոսով սկսեցի նկարել 8-10 մետր հեռավորությունից… Տեսնելով, որ նկարահանում եմ՝ իրենց վարքագիծը փոխվեց, սկսեցին հարգանքով վերաբերվել քաղաքացիներին՝ առանց խփել-տփելու, հայհոյելու՝ մեքենայի մեջ եղած երիտասարդներին ասում էին՝ բարի ճանապարհ, մաղթում նորմալ վերադարձ դեպի տուն: Փաստորեն, իմ ներկայությունը փրկեց այդ երիտասարդներին: Դրանից հետո՝ որոշեցի այդ տեսանյութը հրապարակել, թեպետ գիտեի, որ կարող է տուգանք վճարեմ, քանի որ ֆրանսիական նոր օրենքով չի թույլատրվում ոստիկանների դեմքերը նկարահանել: «Տիկտոկում» այդ տեսանյութի դիտումների քանակն արդեն կես միլիոնի է հասնում: Հաջորդ օրը ուշ երեկոյան, երբ գնում էի «ՄաքԴոնալդս»՝ մայրիկիս ուտելիք գնելու, եւ կանգառում սպասում էի ավտոբուսի, ինձ մոտեցավ ոստիկանական մեքենա: Զինված ոստիկանները հրահանգեցին ձեռքերս վեր բարձրացնել, գնածս ուտելիքը թողնում են գետնին եւ ինձ ձեռնաշղթաներ հագցնում: Ինձ տանում են ոստիկանական բաժանմունք: Մեքենայի մեջ սկսում են հարվածներ հասցնել դեմքիս: Ես ասացի՝ եթե օրենք եմ խախտել՝ տեսանյութ հրապարակելով առանց ոստիկանների դեմքերը փակելու, կարող եք դրա համար բողոքել: Բայց ասացին, որ միայն այդքանով չեմ փրկվի», - պատմել էր նա:
Լեո Նիկոլյանը նաեւ նշել էր, որ խոշտանգումների ենթարկվելու հետեւանքով՝ ոստիկանությունից նրան տեղափոխել էին անազատության մեջ գտնվող անձանց համար նախատեսված հոսպիտալ, որտեղից էլ օրեր անց ազատ էր արձակվել: Նա ահազանգում էր, որ ոստիկանությունում այրել են իր ունեցած մի քանի բջջային հեռախոսները՝ վերացնելով իր տարիների աշխատանքը, ոչնչացնելով դրանցում առկա ողջ պարունակությունը: Այս ամենից հետո՝ Լ. Նիկոլյանը, թերեւս ենթադրում էր, որ այս գործի շրջանակում են իրեն կրկին ոստիկանություն կանչել եւ էլի իրեն ձերբակալելու են 48 ժամով, բայց պարզվում է, որ՝ ոչ:
Մեր ֆրանսիական աղբյուրների համաձայն, Լեո Նիկոլյանը կալանավորված է. օգոստոսի 22-ին տեղի կունենա նրա դատավարությունը: Բայց ոչ թե այն գործով, որի մասին մեզ պատմել է Լ. Նիկոլյանն, այլ՝ մեկ ուրիշ գործով: Նրան փորձում են մեղադրել հակասեմիտիզմի մեջ՝ հարուցված քրեական գործի հիմքում դնելով ազգամիջյան ատելության հրահրումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ֆրանսիական սոցցանցներում առկա կցկտուր լուրերից հաջողվեց տեղեկանալ, որ դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին փարիզյան ավտոբուսում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում «Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին» ու տեսանկարահանել եղելությունը: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Դեպքից հետո՝ Եվրոպական հրեական կազմակերպության իրավաբան Գրեգորի Բենսադունը հայտարարել է, որ բողոք է ներկայացվել Փարիզի դատախազին՝ «ռասայական ատելություն հրահրելու համար»։ Նա հույս է հայտնել, որ Լ. Նիկոլյանը կկալանավորվի:
Ըստ էության, եթե դեպքերի ժամանակագրությունը փորձենք վերլուծել, ստացվում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո՝ Լ. Նիկոլյանը եկել է Հայաստան, մեկնել Կիրանց եւ տեւական ժամանակ մնացել է այստեղ: Հետո կրկին վերադարձել է կարճ ժամանակով Ֆրանսիա ու նորից որոշել գալ Հայաստան, սակայն այլեւս նրա մուտքն արգելել են: Լ. Նիկոլյանը նույնիսկ քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից, բայց՝ շատ արագ մերժվել է: 40 եւ ավել օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնելուց հետո՝ նա կրկին վերադարձավ Ֆրանսիա եւ սկսվեցին նրա դեմ իրականացվող հալածանքները՝ ձերբակալություններ, քրեական գործեր, խոշտանգում:
Ինչ վերաբերում է հակասեմիտիզմին, նշենք, որ ֆրանսիական մամուլը բազմիցս անդրադարձել է, որ այն աճել է ողջ Արեւմուտքում, այդ թվում՝ Ֆրանսիայում՝ Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումներից եւ Գազայում պատերազմի մեկնարկից հետո:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ