«Դավաճանությանը հավասարազոր կլինի` հանել ռուսաց լեզուն մեր դպրոցներից կամ մղել երկրորդական պլան»
ՄշակութայինՆիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին ծափահարող եւ «Մեր բակը» աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը համարող երգիչ-երգահան, իշխանության սրտի արվեստագետ Ռիչարդ Մադլենյանը կրկին աչքի է ընկել նոր «մտքի փայլատակումով»:
Այս անգամ Մադլենյանը խնդրել, աղաչել, տո եթե կուզեք՝ պաղատել է ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարությանը, որ օր առաջ ռուսերենը հանեն պետական երկրորդ լեզվի կարգավիճակից եւ փոխարենը, որպես պետական երկրորդ լեզու, համարեն անգլերենը, պատճառաբանելով, որ այդ լեզվի պատճառով է մեր բոլոր դժբախտությունները:
«Այս լեզվի շեմն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քաղաքակիրթ աշխարհը։ Գիտակցելով այս լեզվի եւ լեզվամտածողության հետեւանքով առաջացած ազգային մեր բոլոր խնդիրները, արհավիրքներն ու աղետները, խնդրում եմ ՝ օր առաջ ռուսաց լեզուն հանեք պետական երկրորդ լեզվի կարգավիճակից եւ փոխարենը, որպես պետական երկրորդ լեզու ,ընդունեք անգլերենը»,- գրել է Մադլենյանը:
«Իրավունք»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին՝ «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (ՄԵՍՐՈՊՅԱՆ) չցանկացավ մեկնաբանել Ռիչարդ Մադլենյանի հայտարարությունը` ուղղված գործադիրին, օրենսդիրին եւ ԿԳՄՍ նախարարությանը, այլ պարզապես հիշեցրեց, որ այսօր բազմաթիվ հայեր Հայաստանում շփվում են ռուսերեն:
«Ինչու պետք է հրաժարվել մի լեզվից, փոխարենը ընտրել այլ լեզու: Լեզու իմանալը շատ լավ բան է: Ռուսերենը այսօր կոմունիկացիոն լեզու է, եւ կարծում եմ հակառակը պետք է արվի, ավելի ամրապնդվի ռուսաց լեզուն դպրոցներում՝ մնացած այլ լեզուների հետ, որոնք ներգրավված կլինեն ուսումնական ծրագրերում եւ նույնպես կկիրառվեն»,- ընդգծեց երգիչը:
Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՍԻՍՅԱՆԻ կարծիքով՝ ռուսաց լեզուն գեղեցիկ լեզու է եւ հայերիս համար շատ հարազատ:
«Դավաճանությանը հավասարազոր կլինի` հանել ռուսաց լեզուն մեր դպրոցներից կամ այն մղել երկրորդական պլան: Իհարկե, թող սովորեն անգլերեն, բայց սա չի նշանակում, որ պետք է ամբողջապես տրվեն անգլերենին եւ մոռանան ռուսաց լեզուն: Մենք պետք է ընդունենք, որ ռուսական մշակույթը շատ բարձր մշակույթ է, եւ մենք դարավոր բարեկամություն ունենք ռուս ազգի հետ»,- շեշտեց տիկին Ներսիսյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ