Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում
ՀասարակությունԱշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում։ Արքայազն Հարին եւ Բորիս Ջոնսոնը Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 600 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում են, հայտնում է Independent-ը։
Հուլիսի կեսերին ամբողջ աշխարհից հայտնի մարդիկ մեկնեցին Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին, որը ավարտվեց եռօրյա շքեղ տոնակատարություններով:
Այժմ Ամբանիները կրկին կհայտնվեն համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ Բրիտանիայում երկամսյա անսովոր երեկույթներով:
Ակնկալվում է, որ տոնակատարությունները կվերսկսվեն պատմական Stoke Park Country Club-ում: Յոթաստղանի հյուրանոցը Ամբանիի ընտանիքը գնել է 2021 թվականին՝ 57 միլիոն ֆունտով, եւ այն մեծ էկրանին հայտնվել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմում, երբ Հյու Գրանտի կերպարը նավով թիավարելիս ընկնում է ջուրը։
Որոշ հյուրեր, ովքեր մասնակցել են Մումբայի հարսանիքին, ինչպիսիք են Բորիս եւ Քերի Ջոնսոնները, որոնք, ըստ տեղեկությունների, վճարվել են ներկա գտնվելու համար, կարող են կրկին հայտնվել տոնակատարություններին: Զույգին կարող են միանալ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը, որոնք, ըստ լուրերի, կլինեն Մեծ Բրիտանիայի հյուրերի ցուցակում:
Այդուհանդերձ, իրադարձությունն առանց հակասությունների չի անցնում։ Գոլֆի ակումբի մոտ 850 անդամներ զգուշացվել են հեռու մնալ տարածքից, քանի որ ընտանիքը հյուրանոցը վարձակալել է մինչեւ սեպտեմբեր՝ միջոցառումից առաջ վերանորոգումներ իրականացնելու համար: Ասում են, որ Ամբանիները վիճում են տեղական խորհրդի հետ, քանի որ հարցեր են ծագել, թե արդյոք նրանք ճիշտ են պահպանում գույքի վարձակալության պայմանները, հայտնում է Financial Times-ը: Վարձակալության մեջ հստակ ասվում է, որ կալվածքը պետք է օգտագործվի որպես կոմերցիոն սեփականություն, այլ ոչ թե մասնավոր:
Ենթադրվում է, որ Անանտ Ամբանին եւ Ռադհիկա Մերչանտն արդեն 600 միլիոն դոլար են ծախսել հարսանեկան տարբեր միջոցառումների վրա, որոնք կշարունակվեն եւս երկու ամիս։ Անանտը Հնդկաստանի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի որդին է, իսկ Ռադհիկան դեղագործական դինաստիայի ժառանգորդն է։