Ինչ արեց ԱՄՆ-ն, բերեց Լիպարտյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ մեր երկիրը քանդեց. Գեղամ Գալստյան
ՏեսանյութերՀայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության փոխնախագահ ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ, անդրադառնալով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը, նշեց, որ իր մտապատկերում ուրվագծվում է 980 թվականից մինչեւ մեր օրերը երկու ժողովուրդների կիսած ե՛ւ տանջանքը, ե՛ւ տառապանքը, ե՛ւ հաղթության բարիքները: Նա ընդգծեց, որ այդ բարեկամությունը ո՛չ Պուտինն է ստեղծել, ո՛չ էլ Հայաստանի ղեկավարությունը, այլ դարերով է գալիս եւ չունի որեւէ տեղ կանգնելու կամ ընդհատվելու սահման: Իսկ թե ինչ են արել Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները մեզ համար, թվեց կոնկրետ պատմական օրինակներով:
— 1913 թվականին Վուդրո Վիլսոնն ընտրվեց ԱՄՆ նախագահ: Հենրի Մորգենթաուերը, որն ամերիկյան դեսպանն էր Թուրքիայում պարբերաբար զեկուցում էր, թե` պարոն նախագահ, այստեղ թուրքերն ինչ-որ բան են պատրաստում, ո՛չ մի ուշադրություն չդարձրեց, եւ տեղի ունեցավ Եղեռնը 1915 թվականին: Եվ վերջ, մոռացան:
1919 թվականին, երբ անգլիացիները դուրս եկան մեր պետությունից, ամերիկացիները մտան Հայաստան` «միսիայի» խորագրի տակ եւ սկսեցին գործունեություն ծավալել: Ամերիկյան բանակի գեներալ Ջեյմս Հարբորդին նշանակեցին որպես Անտանտի ներկայացուցիչ Հայաստանում: Այն ժամանակ Հայաստանի բարաստիճան պաշտոնյաները նստում էին Թիֆլիսում, Երեւանում չէին բարեհաճում նստել եւ հրավիրեցին Ադրբեջանի եւ Հայաստանի վարչապետին ու կարգադրեցին` պայմանավորվեք, Ղարաբաղը ժամանակավոր թողնել Ադրբեջանի կազմում: Շեշտում եմ` այդ հարցը «լուծվեց» ամերիկյան գեներալի գլխավորությամբ:
Անցան տարիներ, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որի ավարտից հետո` Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը հարց բարձրացրեց, թե` հայկական հողերի հարցը լուծված չէ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը պատասխանեց` այդպես մի վախեցրեք թուրքերին, իսկ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենն ասաց` Թուրքիայի սահմանն անցնում է ամերիկյան սահմանով: Ահա այս է մեր ԱՄՆ-ն ու Արեւմուտքը:
Էլի անցան տարիներ, փլուզվեց Սովետական միությունը, մեծ հաճույքով եւ մեծ թափով եկան «օգնության» Ժիրայր Լիպարիտյանը, Սեպուհ Թաշչյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհյաննիսյանը: Եկան ու քանդեցին մեր երկիրը, գնացին, որովհետեւ նրանք բոլորը ամերիկյան Ֆլետչերի դիվանագիտական դպրոցն ավարտած մարդիկ էին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ