Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղել
ՎերլուծությունԻսկ ահա ԱՄՆ-ում շարունակում են կրքերը եռալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289008&l=am): Թեեւ Բայդենի թեկնածության հարցն արդեն չկա, բայց հիմա այլ սկանդալ է պայթում: Ամեն ինչ սկսվեց միանգամայն պարզ եւ անմեղ հարցից՝ իսկ որտե՞ղ է Բայդենի որեւէ կասկած չհարուցող հայտարարությունը, թե դուրս է գալիս ընտրապայքարից: Առավել եւս հիմնավորումը, թե ինչու է դուրս գալիս, քանի որ այդ հարցի պատասխանն այս պահից ԱՄՆ-ի համար հսկայական արժեք է ներկայացնում: Եվ այս ֆոնին, արդեն նախօրեից մեկ շատ ավելի պարզ հարց մտավ շրջանառության մաջ՝ իսկ ո՞ւր է Բայդենը:
Գոնե երեկ կեսօրի դրությամբ Բայդենի գտնվելու վայրի մասին գոնե նրա անմիջական շրջապատից դուրս որեւէ մեկը որեւէ բան չգիտեր: Նրա անունից ներկայացվել է ինչ-որ գրություն, թե՝ դուրս է գալիս ընտրապայքարից, աջակցում է փոխնախագահ Հարիսին, եւ վերջ, որեւէ ֆոտո-տեսանյութ չկա:Եվ այն, որ սկսեցին համառ լուրեր տարածվել, թե Բայդենը մահացած է, պատահական չէր: Այլ վարկածով՝ նրան ստիպել են հրաժարականի դիմում գրել, վախեցել են անգամ տեսախցիկի առաջ դա անել, որ Բայդենը ահազանգ չհնչեցնի, եւ հիմա ԱՄՆ նախագահը փակի տակ է: Միգուցե այս ամենը դավադրությունների տեսության ժանրից է, Բայդենն այս պահին իր համար հանգիստ ինչ-որ տեղ պառկած է: Բայց այն, որ նա չի բացատրել, թե ինչու է հրաժարական տալիս, դա արդեն փաստ է: Ընդ որում, ամերիկյան օրենսդրության տեսանկյունից՝ կարեւորագույն փաստ:
Թե իմաստը որն է, նախօրեին մեկնաբանել են նաեւ Թրամփն ու նրա փոխնախագահի թեկնածու Վենսը: Նրանց խոսքով, տեղի է ունեցել հեղաշրջում ընդդեմ Բայդենի: Այսպես, համատեղ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե սա հեղաշրջո՞ւմ է Ջո Բայդենի դեմ, Թրամփը պատասխանեց. «Ինչ-որ առումով՝ այո»։
Վենսը ավելի ամբողջական մեկնաբանություն է տալիս. «Ես այդպես եմ կարծում: Կա սահմանադրական գործընթաց՝ 25-րդ փոփոխություն: Եթե Ջո Բայդենը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, նա չի կարող լինել նախագահ: Եվ եթե նրանք ցանկանում են հեռացնել նրան, քանի որ նա մտավոր անգործունակ է, ապա վկայակոչեք 25-րդ փոփոխությունը: Պետք չէ դա անել դեմոկրատների համար քաղաքականապես ամենաշահավետ ձեւով: Եթե դա իրական խնդիր է, նրանք պետք է համապատասխանաբար հոգ տանեն դրա մասին»:
Եթե ավելի խորը նայենք Վենսի մեկնաբանությանը, ապա նա խոսում է ոչ միայն ընդդեմ Բայդենի հեղաշրջման, այլ շատ ավելին՝ ընդդեմ պետության դավադրության մասին: Այսինքն, եթե Բայդենը մտավոր խնդիրների պատճառով չի կարող լինել թեկնածու, ապա նա պետք է հեռացվի նաեւ նախագահի պաշտոնից: Եվ եթե դա չի արվում, ապա պետության եւ Սահմանադրության հանդեպ հանցագործություն է: Եթե նա չի մնում ընտրարշավում այլ պատճառներով, ապա պետք է անձամբ հստակ ներկայացնի եւ հիմնավորի դա:
Առավել եւս, որ կա նաեւ հետեւյալ փաստը: Վերջին անգամ, երբ Բայդենը հայտնվեց հրապարակային դաշտում, պաշտոնապես հայտարարվեց, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Այդպես է, թե՝ ոչ, դա հարցի մի կողմն է: Հիմնականն այն է, որ եղել է պաշտոնական հաղորդագրություն, որից հետո ի հայտ է եկել Բայդենի հրաժարականի դիմումը: Այսինքն ի՞նչ, կորոնավիրուսով հիվա՞նդն է դիմում գրել, որ այդ պահին, պարզ չէ, թե առողջական ինչ վիճակում էր գտնվում: Կորոնավիրուսով հիվանդը կարող է նաեւ զառանցանքի մեջ լինել, որի ժամանակ ինչ ասես, կարող է ասել: Մինչդեռ խոսքը երկրի նախագահի պաշտոնի, այն է՝ երկրի ապագայի մասին է: Այս նյուանսը եւս բազում հարցեր է առաջ քաշել. Բայդենն իրոք գրե՞լ է հրաժարականի դիմում, այդ պահին նա, որպես պաշտոնապես կորոնավիրուսով վարակված, ի՞նչ վիճակում էր կամ ո՞ղջ էր, որտե՞ղ է համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, որ նման դիմում գրելիս նախագահը գիտակցում էր իր արարքները եւ այդպես շարունակ. բազում հստակ հարցադրումներ են հնչում ամերիկյան քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում, եւ ոչ մի կոնկրետ մեկնաբանություն: «Իրավիճակն այնքան տարօրինակ է, որ եթե անգամ Բայդենն այս պահին հայտնվի եւ սկսի խոսել, արդեն նաեւ պետք է հստակ ուսումնասիրել եւ հիմնավորել՝ արդյոք այդ խոսքերն ինչ-ինչ ազդեցությունների տակ չե՞ն հնչեցվում»,- ասում է հեղինակավոր փորձագետը:
Այսպիսով, առանց պատասխանելու հարցին, թե ինչու է հրաժարվում թեկնածությունից, առանց այդ մասին պաշտոնական բացատրությունների, բժշկական եզրակացությունների, ԱՄՆ նախագահն «անհետանում» է, եւ գոնե երեկվա դրությամ ողջ երկիրը զբաղված էր նրան փնտրելով: Ավելին, երեկ ԱՄՆ ժամանեց Նեթանյահուն, որը կարեւորագույն հարցեր պետք է լուծեր՝ կապված Մերձավոր Արեւելքում հնարավոր մեծ պատերազմի, այն է՝ չբացառվող Երրորդ աշխարհամարտի հետ: Եվ անգամ այս իրավիճակում Բայդենը ի հայտ չեկավ. Նեթանյահուին Սպիտակ տանն ընդունեց Հարիսը, ով կարծես թե փորձում է իրեն դրսեւորել նախագահի կերպարում:
Ավելին, Հարիսն այս պահին ամենեւին էլ Դեմոկրատական կուսակցության կողմից հաստատված նախագահի թեկնածու չէ, բայց արդեն նաեւ իրենով է անում Բայդենի նախընտրական շտաբը, նվիրատվություններ եւ աջակցության խոստումներ է ստանում:
Արդյունքում, որոշ աղբյուրներ մեջբերել են Օբամայի խոսքը՝ մենք առաջիկա օրերին կբախվենք աննախադեպ խնդիրների: