Թալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբ
Մեծ շուքով նշվեց Թալինի օրը․ տոն հավատարմության և նվիրվածության, Թալինը սիրելու և նրա զավակը լինելու համար՝ հպարտ լինելու մասին․
Հուլիսի 20-ին նշվեց Թալի՛նի՝ սիրո, ուժի, հավատարմության և նվիրվածության քաղաքի օրը։ Հերթական անգամ թալինցին աշխարհին պատմեց իր մասին, հիշեցրեց՝ որ կա, ապրում է իր սիրելի ու այնքան հարազատ հայրենի Թալինում, սիրում է իր Թալինն ու հպարտ է թալինցու կոչումը կրելու, այստեղ իր կյանքի պատմությունը հյուսելու, կյանքի քառուղիներում մշտապես Թալինն ընտրելու և Թալինի մերօրյա պատմությունը կերտելու համար։
Հենց այս գաղափարներով, հպարտությամբ ու նվիրվածությամբ թալինցիները նշեցին իրենց քաղաքի օրը, վերածելով հուլիսյան մի շաբաթ օր՝ իրական տոնի։ Թալինի օրվա տոնական միջոցառումներին միացել, ու թալինցիների հետ օրը տոնում էին նաև այլ համայնքներից, մարզերից և երկրներից եկած հյուրեր։ Օրը նշանավորվեց միջոցառումների գեղեցիկ շղթայով, քաղաքի փողոցները լցված էին վառ գույներով ու ջերմությամբ։
Միջոցառումների մեկնարկը տրվեց հյուրերի դիմավորումով, թալինցիներին էին միացել և մեզ հետ նշում էին քաղաքի օրը՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ և համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ ներկաներն այցելեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մասնակցեցին օրհնության ծեսի, հաջորդիվ քայլերթով այցելեցին Թալինի Պանթեոն, խնկարկեցին և գլուխ խոնարհեցին Հայաստանի սահմանների անառիկության համար մարտնչած և անմահացած թալինցիների հիշատակին։ Թալինի խորհրդանիշներից մեկում՝ Կաթողիկե եկեղեցում, ներկաները վայելեցին սանթուրի հրաշալի կատարումներ։