«Մեր բակ»-ից Մադլենյանին հորդորում են զբաղվել իր գործով
Մշակութային«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարազրույցում մասնավորապես նշել էր, թե՝ «Մեր բակը» աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկն է համարում, որը սկիզբ է դրել «անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձեւավորմանը»։ Հատկանշական է այն, որ թեպետ սոցցանցերում բուռն քննարկվում է Մադլենյանի խոսքերը, սակայն «Մեր բակի» հերոսներին կերտած հայտնիները, ինչպես նաեւ ֆիլմի «կնքահայրերը» հիմնականում խուսափում են հակադարձել կամ համաձայնել ասվածի հետ: Այդուհանդերձ, վերոնշյալի մասին մեզ հաջողվեց մեկնաբանություն ստանալ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրներից մեկից` ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ, ով նաեւ եղել է «Մեր բակի» դերակատարներից, իսկ այժմ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգաին համալիրի տնօրենն է:
«Շատ ավելի լավ կլինի, որ ամեն մարդ զբաղվի իր գործով եւ գնահատական չտա ուրիշների կատարած աշխատանքին: Ես միայն իմ կատարած աշխատանքին եմ գնահատական տալիս ու շատ գոհ եմ իմ արածներից: Բացարձակ չեմ կիսում այն կարծիքը, որ ներկայիս սերնդի վարքագիծը «Մեր բակ»-ի դաստիարակության արդյունքն է: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս որեւիցե բան, կարող է չդիտել, ինչպես ես եմ անում՝ հավանում եմ, դիտում եմ, լսում եմ, չեմ հավանում` չեմ դիտում, բայց նաեւ չեմ խառնվում ուրիշի արածների մեջ: Ամեն մարդ իր գնահատականը թող իր մեջ պահի: Համենայնդեպս, այդ ֆիլմով շատ մարդ ուրախացել է, պետք է դա հաշվի առնել»,- իրեն բնորոշ հանգստությամբ պատասխանեց Ղազարյանը:
Ի դեպ, թերեւս շատ ջուր ծեծած այս թեմային մեզ մնում է հիշեցնել Ռիչարդ Մադլենյանի նախկինում արված եւս մեկ աղմկոտ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի սիրելի բանախոսը ժամանակին ասում էր, թե սիրով ծափահարում է վարչապետի տղային՝ Աշոտ Փաշինյանին` նրան համարելով զուսպ ու տարբերվող բոլորից: Մշակութային կուլիսներում կատակում են, թե` Աշոտ Փաշինյանին ծափահարելու մակարդակին իջած Մադլենյանը, դժվար թե, «Մեր բակ»-ին ծափահարեր:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ