«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑԱ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՊԱՐԳԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍպորտՕրերս ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած պրոֆեսիոնալ խառը մենամարտերի /MMA / միջազգային մրցաշարում, հաղթանակ է տոնել մեր երկրի ներկայացուցիչ, պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ ՊԱՐԳԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը, կապ է հաստատել օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում բնակվող մեր հայրենակցի Պարգևի հետ ու բացառիկ զրույց ունեցել։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը .
- Մենամարտի առաջին ռաունդի 59-րդ վայրկյանին ձախ ոտքի հարվածով գլխին նոկաուտի ենթարկեցի տեղացի հակառակորդիս։ 57 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մրցակիցս սևամորթ էր, լիգայի չեմպիոն էր, շատ փորձառու մարզիկ էր։ Այս հաղթանակով ես պաշտպանեցի չեմպիոնական գոտին։ Չնայած բնակվում եմ ԱՄՆ - ում, սակայն այստեղ միշտ ծածանում եմ մեր երկրի Հայաստանի դրոշը ու երբեք չեմ մոռանում իմ հայրենիքը։ Հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած մեր բոլոր հերոսներին։ Այս հաղթանակով ես ավելի մոտեցա Աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Սեպտեմբերի 28-ին նորից պետք է պաշտպանեմ իմ գոտին Կալիֆոռնիայի գոտու մենամարտ է լինելու։
- Պարգև, երբ ես մեկնել ԱՄՆ։
- 9 տարի առաջ եմ եկել ԱՄՆ, այստեղ շատ հնարավորություններ կան սպորտում առաջ գնալու համար։ Ես այստեղ մարզչական գործունեությամբ էլ եմ զբաղվում, սաներիցս շատերը հայ են։ Փաստաթղթերի հետ խնդիր ունեմ, երբ կարգավորվի, անպայման գալու եմ Հայաստան ու մենամարտեր ունենամ։
- Շնորհակալություն, Պարգև, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ