«Վտանգավոր շրջադարձ». մեր հասարակությունը նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ չի եղել
ՄշակութայինԹատերական աշխարհը կարող է ոչ միայն զվարճացնել եւ ոգեշնչել, այլեւ ստիպել հանդիսատեսին մտածել կյանքի ամենախորքային հարցերի շուրջ: Այս առումով անգլիացի գրող Ջոն Բոյնթոն Պրիստլիի «Վտանգավոր շրջադարձը» դարձավ դրամայի ժանրում իսկական ֆենոմեն։ Ներկայացումն արտացոլում է ոչ միայն հերոսների անձնական ողբերգությունները եւ թաքնված ճշմարտությունները, այլ նաեւ մեր հասարակության ընդհանուր բնութագիրը բոլոր ժամանակներում: Այն հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս, թե որքան հաճախ ենք մենք ընտրում խաբեության մեջ ապրելն՝ անտեսելով իրականությունն ու խնդիրները, որոնք մենք գիտենք, բայց չենք ուզում ընդունել: «Վտանգավոր շրջադարձը» ոչ միայն թատերական ներկայացում է, այլ հանդիսատեսին մղում է ինքնաճանաչման եւ իրենց գործողությունների իրական դրդապատճառների գիտակցման։ Ահա, թե ինչի մասին է Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը Երեւանում, որը հանդիսատեսի դատին ներկայացվեց՝ յուրահատուկ միջավայրում: Ի դեպ, թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԱՆՆԱ ԿՐԻԿՈՐՈՎԱՅԻ ռեժիսուրայի շնորհիվ՝ հանդիսատեսն էլ դարձավ ներկայացման ակտիվ մասնակից՝ ընկղմվելով նրանց աչքի առաջ բացվող հույզերի ու կոնֆլիկտների մեջ: Ավելին՝ հանդիսատեսը ներկայացման ընթացքում դարձավ հարգելի ատենակալներ, իսկ վերջում նույնիսկ հայտնվեց բեմում՝ ներկայացման հերոսների հետ պարելու: «Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսորը նախ անդրադարձավ «Վտանգավոր շրջադարձի» սյուժեին:
- Տիկին Կրիկորովա, «Վտանգավոր շրջադարձ»-ը՝ հիանալի ավարտ ունեցավ, ինչի մասին փաստում է հերոսների հետ պարող հանդիսատեսը: Ինչպե՞ս հաջողվեց այս ամենն իրականություն դարձնել:
- Ասեմ, որ պիեսի հեղինակը, երկու վերջաբան է գրել՝ ողբերգական եւ խորհրդանշական, որտեղ հերոսները, շրջանցելով կյանքի վտանգավոր շրջադարձերը, մնում են պատրանքների աշխարհում՝ ձեւացնելով, թե ամեն ինչ լավ է, իսկ հակամարտությունները մնում են չլուծված։ Հերոսները շարունակում են ձեւացնել, թե ամեն ինչ իսկապես հրաշալի է. նրանք հիանալի ընկերություն են անում, բոլորը սիրում եւ հարգում են միմյանց: Այո, սա նույնն է, ինչ կատարվում է մեր քաղաքական կյանքում եւ ընդհանրապես հենց յուրաքանչյուրիս կյանքում: Յուրաքանչյուր մարդ իր պահարանում ունի, այսպես ասած, ինչ-որ կմախքներ, եւ մենք չենք խոսում կամ բացահայտում ճշմարտությունը ոչ միայն այն պատճառով, որ ամաչում ենք կամ խղճի խայթ ենք զգում, այլ պարզապես այն պատճառով, որ դիմացինն ի վիճակի չէ ընդունել այդ ճշմարտությունը: Մարդը չի կարող ընդունել իր մասին ճշմարտությունը՝ նույնիսկ առանց ուրիշի մասին խոսելու։ Մեր հասարակությունն էլ երկար տարիներ ստի մեջ է ապրում ու գիտի այդ մասին, բայց նախընտրում է ստի մեջ ապրել՝ ձեւացնելով, թե ոչինչ չի եղել։ Դրա համար կարծում եմ՝ այս պիեսը շատ արդիական է: Ու մենք այն դարձրեցինք հանդիսատեսին ներկայացման մեջ ներգրավող բեմադրություն, ինչը կարծում եմ՝ հաջողված է: Նշեմ նաեւ, այս պիեսը Բրյուսելում համարվում է ամենասիրվածն ու ամենաբեմադրվածը, որոնց հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր: Շատ տարբեր մեկնաբանություններ կան այս պիեսին։ Օրինակ, մի դեպքում ներկայացման ավարտին հերոսներից երկուսն ամուսնանում են իրար հետ: Մենք հավատարիմ ենք մնացել հեղինակի մտահղացմանը, որովհետեւ, ինչպես ներկայացման սկզբում ասում է Երենիա Ալվինը, կան ճշմարտություններ, որոնք պարզապես փաստեր են: Բայց երբ փաստերը հանվում են կոնտեքստից, ճիշտ չէ: Չէ որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր մարդու հոգում, ինչու է նա անում այս կամ այն քայլը: Մենք չգիտենք կամ չենք ուզում իմանալ. սա ամենամեծ հարցն է:
- Նկատեցինք, որ ներկայացման մեջ ներգրավված են ոչ միայն Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այո, դերասաններից մեկը Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն է: Նախորդ ներկայացումներում եւս ընդգրկել ենք հրավիրյալ դերասանների, որովհետեւ մեր ստեղծագործական անձնակազմը շատ փոքր է: Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվում է այսպես համագործակցել, որովհետեւ այսպիսով նաեւ միաձուլվում ենք երեւանյան թատերական կյանքին: Ինչպես նաեւ սա հնարավորություն է տալիս՝ սովորելու փորձառու դերասաններից եւ ընկերանալու նրանց հետ: Մենք շատ սիրեցինք նրանց, ովքեր մեր հետ աշխատել են: Արվեստն, իսկապես, միավորում է:
- Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնը շարունակելու է գործել այստե՞ղ, որտեղ ներկայացումն էր բեմադրված՝ գրեթե բաց երկնքի տակ՝ Այգեձոր 69 հասցեում:
- Ուրիշ էլ որտե՞ղ… Այս տեղը պարզապես մեր հրաշալի ընկերներն ու գործընկերներն են գտել: Այն կոչվում է «Ա տուն»: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հայկական խոր մշակութային արմատներով։ Եվ մենք տեսանք, որ ներկայացումը կարելի է անել այստեղ: Իրենք էլ ասացին՝ արեք։ Շնորհակալ եմ դրա համար ինչպես «Ա տանը», այնպես էլ Armenian Heritage կազմակերպությանն ու Տերյան մշակութային կենտրոնին՝ առանց, որոնց այս ամենը չէր կայանա:
- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:
- Սեպտեմբերին մենք կկրկնենք մեր ներկայացումները, որ արել ենք Երեւանում՝ այս հինգ ամիսների ընթացքում, քանի որ շատ քիչ հանդիսատես է դրանք տեսել։ Ուզում ենք ավելի շատ հանդիսատեսի ներգրավել: Հետո շատերը սկսում են գրել, որ ներկայացումները քիչ ենք խաղում: Խնդիրն այն է, որ տարածք վարձակալելը խելահեղ թանկ է: Մենք չենք կարող ավելին անել, որովհետեւ չունենք մեր սեփական թատրոնը։ Չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ, քանի որ Երեւանում դեռ լավ գովազդված թատրոն չենք, որտեղ տոմս գնելու համար հերթեր են գոյանում: Այնպես որ, այստեղ շատ հարցեր կան։ Անգամ մշտական փորձեր անելու տեղ չունենք: Մենք իրականում տանիք էլ չունենք: Բայց գտնում ենք հնարավորություններ, ընկերներ ու համախոհներ։ Ահա այսպես մեզ օգնում են, մենք էլ մեկ այստեղ, մեկ ուրիշ տեղ ներկայացումներ ենք խաղում: Հետեւաբար, սեպտեմբերին կկրկնենք մեր ներկայացումները, իսկ հետո հոկտեմբերին կլինի պրեմիերա, որը թող մնա փոքրիկ անակնկալ: Այժմ հրավեր ունենք Ռուսաստանի թատերական գործիչների միության մասնաճյուղից։ Նոյեմբերին Մուրմանսկում կկայանա Arctic Stage փառատոնը։ Դեռ վերջնական որոշում չունենք՝ մասնակցելու հարցում, բայց հրավեր կա։ Միգուցե գնանք փառատոնին եւ այնտեղ էլ հանդես գանք ներկայացմամբ: Մենք ունենք շատ փառատոնային ներկայացում՝ Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով՝ «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որն ինչպես Մայակովսկու, այնպես էլ Արցախի ձայնն է:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը (ՍՌԴԹ) ստեղծվել է 2022 թվականի մարտին Ստեփանակերտ քաղաքում, որտեղ այն գործել է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը։ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ՝ այն վերածնվեց եւ այսօր գործում է Երեւանում։ Թատրոնի հիմնադիրն ու տնօրենն է Ալեքսանդր Բորդովը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ