Կգա պահն ու Ալիեւ ամեն ինչից կզրկվի․Իշխանական պատգամավորը բացահայտում է, թե ինչ ընտրության առաջ է կանգնած երկիրը
ՆերքաղաքականԻշխող խմբակցությունից հայտարարում են՝ Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, պետք է կողմնորոշվել՝ առկա անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում խոսքով՝ կառավարությունն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի: Թե երբ, չհստակեցրեց։
«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց իշխանական պատգամավորը։
Թե որն՞ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Մելքոնյանը նկատում է․
-Մենք կամ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք, կամ էլ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնենք։ Դաշնակիցն իրեն դաշնակցի պես չի պահում։ ՀԱՊԿ-ն ավելի շատ Ադրբեջանին են բարեկամ, քան մեզ դաշնակից։ Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք ինքներս, ոչ թե ՀԱՊԿ-ի վրա հույս դնենք։
Հարցին, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության որեւէ նշույշ տեսանելի է իշխանության համար, պատգամավորը այսպես արձագանքեց․
-Իհարկե, իրենք էլ են խաղաղություն ուզում, մենք էլ: Բայց այստեղ ուրիշ հարց կա: 1994-ին մենք խաղթանակ էինք տարել, եւ հնարավորություն ունեինք գնալ խաղաղության, բայց չգնացինք խաղաղության: Չգնացինք, որովհետեւ Ռուսաստանը չէր ուզում, որ խաղաղություն լինի: Դրան հաջորդեց եռանախագահողների հանդիպումները, տարեկան 15-20 անգամ գալիս էին Բաքու, Երևան, Ստեփանակերտ: 1997-1998-ին երբ փուլային ու փաթեթային տարբերակներ էին առաջարկվում, որ խաղաղություն կնքվի, մենք միանգամից դարձանք «ոչմիթիզական»: Ո՞վ էր մեզ հրահրում, որ ոչ մի թիզ հող չտանք, իհարկե Ռուսաստանը: Նա չէր ցանկանում, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, ու դրանում ինձ ոչ ոք հակառակը չի ապացուցի։
Հիմա տեսնում ենք, որ ԱՄՆ-ն հստակ քայլեր է իրականացնում խաղաղության հաստատման համար, Ադրբեջանն էլ ուզի թե ոչ պետք է իվերջո հաշվի նստի։ ԱՄՆ Ադրբեջանի հետ նեյնիմ-նեյնիմ կխաղա այնքան, ինչքան որ իրեն պետք է, հետո կսկսի կոշտ քայլեր իրականացնել։
Հիմա Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվի Հայաստանի վրա, քանի որ Եվրամիությունն արդեն բացատրել ա, թե ինչը ինչով կավարտվի։Ադրբեջանի նպատակն Արցախն էր, հայաթափեցին վերջացրեցին, բայց չեն հանգստացել, քանի որ իրենց թիկունքին կանգնած են երկու հզոր պետություններ՝ Թուրքիան ու Ռուսաստանը, Հայաստանից ինչ-որ բան պոկելու համար անընդհատ հրահրում են Ադրբեջանին։ Սակայն Եվրոպան անպայման պատժելու է Ադրբեջանին, կգա պահն ու Ալիեւ ամեն ինչից կզրկվի։