Տեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. Միջազգայնագետ
ՀանդիպումՖրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանի ընտրության երկրորդ փուլից հետո առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, նախագահ Մակրոնի «Միասին» իշխող դաշինքը երկրորդն է, իսկ աջ ծայրահեղական ուժերը՝ երրորդը։ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում ի՞նչ իրավիճակ է, և հաշվի առնելով այս պատկերը, այն ինչպե՞ս է ազդելու Հայաստանի հետ հարաբերությունների վրա հարցին անդրադարձել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նախ նկատելով.
– Ֆրանսիայում հասունանում է քաղաքական ճգնաժամ հենց այդ պատճառով, մանավանդ որ երկրորդ փուլում լրիվ այլ պատկեր ստացանք, երբ խմբակցություններից որևէ մեկը միանձնյա կառավարություն ձևավորելու համար բավարար քանակի ձայներ չի ստացել, ու ստացվում է, որ օրենսդիր մարմնի քաղաքական պատկերն էականորեն փոխվում է։
Եթե առաջին փուլում առաջատարը աջ ծայրահեղական ուժերն էին, ապա այս փուլում նրանք երրորդն են, իսկ առաջատարը ձախակողմյան դաշինքն է, Մակրոնի դաշինքն էլ՝ երկրորդը։ Նման «ռասկլադ» որևէ մեկը չէր ենթադրում, ու պետք է հասկանանք, որ ընտրության երկրորդ փուլի արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում այսօր իսկ արդեն ճգնաժամ է հասունանում: Ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստորին պալատում 182 տեղ է վերցրել, նախագահ Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի այդ ազգային աջակողմյան միավորումը խորհրդարանում 143 մանդատ ունի:
Այս պատկերի պարագայում, արդեն ասացի, հասունանում է քաղաքական ճգնաժամ, որովհետև ոչ մի կուսակցության չհաջողվեց բավարար թվով ձայներ ստանալ՝ բացարձակ մեծամասնություն կազմելու համար։ Առաջին տեղում հայտնված քաղաքական ուժը հայտարարեց, որ պատրաստ չէ դաշինք կազմել Մակրոնի հետ, ինչը նշանակում է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է ձևավորվելու ապագա կառավարությունը։
Ի դեպ, սա Ֆրանսիայի պատմության մեջ բավականին ակտիվ մասնակցության ցուցանիշով ընտրություն էր։ Նախնական արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Գաբրիել Ատտալը հայտարարեց, որ պատրաստակամ է հրաժարական ներկայացնել, չնայած գործող իշխանության ղեկավարը հայտարարեց, որ ինքն անձնապես խնդրել է, որ նա հրաժարական չներկայացնի։ Մակրոնը որոշել է ժամանակավորապես պաշտոնում թողնել Ատտալին ու ոչ մի կերպ թույլ չտալ ձախակողմյաններին, որ սահմանված օրենքի շրջանակներում կառավարություն կազմեն, որը, ի դեպ, էլի բացառիկ քաղաքական երևույթ է Ֆրանսիայի պատմության մեջ։
Կարծում եմ, որ մինչև օրվա ավարտ պատկերը պարզ կլինի, թե ինչպիսի կուլմինացիա կապրի քաղաքական այս գործընթացը, բայց ինքնին Մակրոնի որոշումը, որ գնաց ընտրության, ես ողջունում եմ, որովհետև վերջին երեք տարիներին Ֆրանսիայում ձևավորվել էր փողոցային պայքար, ժողովուրդը դեմ էր գործող իշխանություններին, ու Մակրոնը քաղաքական կամք դրսևորեց, ընդունելով, որ պետք է գնա նոր ընտրության: Այսօր Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունը խճճել է ներքին քաղաքական ողջ կոնյունկտուրան։
Հարց է նաև, թե ձախերը կգնա՞ն ճգնաժամը խթանելու ճանապարհով, որպեսզի ամեն ինչ հասցնեն նախագահի հրաժարականին՝ ակնկալելով նախագահի արտահերթ ընտրություն՝ սեփական թեկնածուին առաջադրելով, թե՞, այդուհանդերձ, տեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ։
– Այսինքն՝ դեռ վա՞ղ է ասել, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչ ընթացք են ունենալու։
– Բազմիցս եմ ասել, որ Ֆրանսիան այն խորքային պետությունն է, որ որևէ ղեկավար կազմի կամ առաջնորդի փոփոխություն չի կարող անդրադառնալ, առավելևս՝ բացասաբար անդրադառնալ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։
Հայաստանը դիտարկվում է Ֆրանսիայի բարեկամ, դաշնակից երկիր, ու դա վերաբերում է բոլոր ղեկավարներին՝ անկախ փաստից, թե այդ պահին ո՛վ է իշխանության։ Նորից եմ կրկնում, դա խորքային այն պետությունն է, որն իր ռազմաքաղաքական հայեցակարգում ու քաղաքական ուղեգծում հստակեցրել է իր հարաբերությունները Հայաստանի հետ, մտահոգության որևէ առիթ մենք չունենք