Մելքոնյանին եվրոպացիներն ինչո՞վ են տաքացնելու, քաղցր խոսքերո՞վ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀերթական «մտքի գոհարն» է շախ տվել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ կառավարության նիստում, թե` «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»` չգոյության»: Որպեսզի հնչեցված մտքի պարզամտությունն ակնառու լինի, բերենք մի քանի օրինակ, որն առանձնացրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը. «Բագրատունյաց թագավորության սկզբնական շրջանի մասին մեր հիմնական պատկերացումները ստանում ենք 10-րդ դարասկզբի հայ մատենագրության խոշորագույն ներկայացուցիչ Հովհաննես Դրասխանակերտցու երկից, որը կրում է «Պատմություն Հայոց» անունը։ Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության ընդարձակ հատվածը` առասպելական շրջանից մինչեւ 924 թ։ Մանրակրկիտ նկարագրված է Բագրատունյաց պետության ձևեւավորման ու կայացման դժվարին ժամանակաշրջանը։ Ենթադրվում է, որ այն շարադրվել է Վասպուրականի Գագիկ Արծրունու եւ Բագրատունի Աշոտ Երկրորդի (Երկաթ) խնդրանքով»։ Պատկերացնու՞մ եք` Անիի ու Վասպուրականի թագավորները կաթողիկոս Դրասխանակերտցուն ասեին` արի աշխատությունը վերնագրենք` «Հայաստանի պատմություն», որպեսզի այն չընկալվի որպես պետության չգոյության պատմություն։ Պետրոսյանը հորդորում է` ոչ էլ փորձել պատկերացնել. «Նման բան մենակ 21-րդ դարի տկար ուղեղում կարող է հասունանալ, դարաշրջան, որտեղ մարմնի ամեն մի մաս կարելի է մեծացնել ու փոքրացնել, բացի ուղեղից»։
Դե որ Նիկոլ Փաշինյանն է փայլատակել իր «մտքի գոհարներով», մենք կզարմանայինք, որ դրանից զերծ մնային ՔՊ-ական կարկառունները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գեներալ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ասում է. «Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ անկախ լինենք»: Երգիչ Ռազմիկ Ամյանը կասեր. «Սա երգի հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բռնի»: Համաձայնեք, որ միայն Մելքոնյանի ուղեղում կարող էր հղանալ, որ անկախ չէ, քանի դեռ ռուսական գազով է տաքանում: Հետաքրքիր է` օր ծերության, Մելքոնյանին եվրոպացիներն ինչո՞վ են տաքացնելու, քաղցր խոսքերո՞վ:
Իսկ Լուլուն արդեն ոչ միայն «դուխով է, այլեւ անգամ Ռեմբոն կնախանձեր նրան: Սահման կատարած այցի մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Միայնակ քայլել եմ, տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի սահմանապահի, ու որեւէ վտանգ չեմ զգացել»: Ի դեպ, այս մասին ավելի վաղ զգուշացնում էր քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որ` «Տավուշի պաշտպանական գիծը դիտավորյալ քանդած Նիկոլն ու լուլույանմանները պետք է համոզեն տգետներին, որ հիմա Տավուշում ավելի անվտանգ է, քան երբ մենք հաղթանակած էինք...»: Հիմա այդպես էլ չհասկացանք` Լուլուն առյուծի կա՞թ է խմել, թե՞ այնքան ահ է տվել Նիկոլ Փաշինյանը, որ էլ վտանգի զգացումը չի զգում: Թեպետ այս դեպքում` դեռ վտանգ չզգալը ոչինչ, լավ է, որ ադրբեջանցիներին տեսնելիս չի խոնարհվել:
Իրենց զարմանալի պահվածքով ՔՊ-ական պատգամավորներից հետ չեն մնում նաեւ ՔՊ-ամերձ կրթության մշակները: Այսպիսով` Բրյուսովի անվան պետական համալսարանը վերածվել է այնպիսի համալսարանի, որի ռեկտոր ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆՆ ուսանողներին պատժելու համար չեղարկում է դիպլոմների հանձնման արարողությունը։ Այս մասին ահազանգում է նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը. «Երեկ հայտարարություն են տարածում, որ միջոցառումը լինելու է բուհի դահլիճում, ուսանողները մոտենում են «ժամանակատարին»՝ խնդրելով միջոցառումը կազմակերպել այնպիսի վայրում, որտեղ կկարողանան նաեւ ծնողները ներկա լինեն, զայրանում է ու ասում՝ եթե այդպես է ոչ մի տեղ էլ չենք կազմակերպում։ Սա չե՞ք…»:
Զարմացած է «Իրավունք»-ը