Մեզ Եվրոպա չեն տանում, այլ տանում են դեպի պղծություններ եւ սատանիզմով ոչնչացում. Մարինա Խաչատրյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի զրուցակիցն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
- Տիկին Խաչատրյան, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Բագրատ Սրբազանի նախորդ հանդիպմանը Դուք ներկա էիք, իսկ այս անգամ, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ ոչ։ Ինչո՞վ էր պայմանավորված։
- Այս պահին մասնագիտական վերապատրաստում եմ անցնում արտերկրում եւ այդ է պատճառը, որ ֆիզիկապես չէի կարող ներկա գտնվել: Սակայն, նաեւ գտնում եմ, որ սա չպետք է լինի քաղաքական պայքար, քանի որ մարդիկ հոգնել են քաղաքական պայքարից։ Սա պետք է լինի ազգային, ազատագրական պայքար, ինչի համար քաղաքական ուժերին հավաքել եւ ինչ-որ քննարկումներ անցկացնելն անիմաստ եմ համարում։ Բացի այդ, արդեն այն մեծ էներգիան, որը կուտակվել էր սրբազանի քայլերթի արդյունքում, մարվել է արդեն։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը թշնամիներից եւ թշնամական վերաբերմունքից փրկելու համար՝ այլ քայլեր են անհրաժեշտ, որոնք, ցավոք սրտի, այս պահին չեն իրականացվում։ Կարծում եմ, որ մեր երկիրն այս վիճակին հասցնողը եւ միակ մեղավորը ԱԱԾ-ն է՝ առանց որի եւ առանց նրա գոյության հնարավոր չէր՝ ո՛չ Փաշինյանի գալը իշխանության, ո՛չ այս պարտությունը 2020 թվականի պատերազմում, ո՛չ մեր տարածքների առանց կռիվ հանձնելը թշնամուն։ Կրկնում եմ՝ այս ամենի միակ մեղավորը կարծում եմ՝ ԱԱԾ-ն է։ Այս ամենը նրանց խարանն ու ամոթը պետք է լինի, որ ինչ-որ նիկոլներ կարողացել են սողոսկել համակարգ, եւ երկիրը հասցնել այս վիճակի։
- Քաղաքական դիսկուրսում լայնորեն քննարկվում է, թե՝ վերջապես ընդդիմությունն իր մանդատները պետք է վայր դնի՞, թե՝ ոչ՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց այդպես էլ չսկսվեց՝ Բագրատ սրբազանի շարժման ֆոնին։ Դուք ինչպե՞ս եք կարծում։
- Կարծում եմ, որ իրենք մանդատ ունենալով որեւէ գործ չեն անում եւ քանի որ իրենք հրաժարվում են իրենց մանդատները վայր դնել, ապա մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս մարդիկ պաշտոնամոլ են, եկել են պաշտոնի եւ իրենց ստացած այդ աշխատավարձի հետեւից։ Նրանք փողամոլ են եւ չեն մտածում հայրենիքի գոյության մասին։ Այդ մարդիկ ինձ համար չեն տարբերվում նաեւ ՔՊ-ական աղբակույտից։ Մենք պետք է նաեւ հասկանանք, որ պատգամավորները վերջնական որոշումներ կայացնողներ չեն եւ իրենց այդ բուրգի վերեւում որոշում կայացնող մարդիկ (անունները չտամ) իրենք են ուզում օգնած լինել Փաշինյան Նիկոլին՝ Սահմանադրություն փոխելու, սահմաններ գծելու, թուրքերին հողեր տալու համար: Ինձ համար կարեւոր չէ, թե ինձ խոսելուցս հետո ով կսիրի կամ չի սիրի, այլ կարեւոր է, որպեսզի մարդկանց գիտակցությանը ճշմարտությունը հասնի։ Սա անխտիր վերաբերում է ամբողջ տիտղոսային ընդդիմությանը։ Որեւէ մեկն իրենից լուրջ արժեք չի ներկայացնում։ Եթե կարող են, թող ցույց տան, թե իմ երկրի համար ի՞նչ են արել։ Օգնել են, որպեսզի Փաշինյան Նիկոլը իրականացնի իր պրոթուրքական քաղաքականությունը։ Հետեւաբար, իրենք վնաս են տվել իմ երկրին եւ իրենք ոչ մի բան են՝ առանց իրենց բուրգի վերեւում կանգնած մարդկանց։ Շատերն անգամ որոշումներ կայացնող չեն, այլ պարզապես գումարի համար այնտեղ նստած են, քանի որ դա են իրենց համար կարեւորում։ Փաստացի երկիրը կործանման տանող գործիքներ են։ Ոչ մի հարցով չի զբաղվում ընդդիմությունը։ Իրենք զինվորիկ են՝ շախմատի տախտակի վրա։ Իրենց ինչպես իրենց գլխավորներն ասեն, այդպես էլ կանեն։ Պարզապես, ես ուզում եմ ասել, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ այդ մանդատով, ուղղակի, մեր վճարած հարկերից փող են ստանում։
- 4 արեւմտամետ քաղաքական ուժ լսումներ անցկացրեցին խորհրդարանում՝ օրակարգ բերելով Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու հարցը: Որքանո՞վ եք իրատեսական համարում:
- Ես ուսման նպատակով շատ եմ եղել եվրոպական երկրներում եւ ուզում եմ հավատացնել, որ եվրոպական արժեքները դրանք այն արժեքները չեն, որոնք բերվում եւ մտցվում են Հայաստան։ Այսինքն, Եվրոպայում այնպես չէ, որ ողջունում են համասեռամոլներին ու ուրախանում են այդ սրբապղծություններով։ Եվրոպայում բարձր է դասվում ընտանիքի հասկացությունը, ընտանեկան արժեքները, հավատարմությունը: Ինչ վերաբերում է Եվրոպա գնալուն՝ իհարկե, մեզ Եվրոպա չեն տանում, այլ մեզ տանում են դեպի պղծություններ, սատանիզմով ոչնչացում։ Պարզապես, անունն են դրել եվրոպական արժեքներ։ Սա կեղծիք է, իսկ Եվրամիությունը մեզ, ցավոք սրտի, չի ընդունելու։ Մենք այնքան պետք է հիմար չլինենք, որ գոնե նայենք եւ ուրիշների սխալների վրա սովորենք։ Հիմա մենք պետք է տեսնենք, թե Վրաստանի հետ ի՞նչ տեղի ունեցավ։ Իրենց այդ ԼԳԲՏ շքերթները, Վրաստանում թմրամոլության եւ մուսուլմանացման իրողությունը։ Մենք պետք է դրանից հասկանանք, որ այդպիսի բաներ չենք ուզում մեր երկրում։ Ի՞նչ Եվրոպա գնալ, դա հերթական հիմարությունն է։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնալու եւ ուր էլ գնանք կարծում եմ, որ մեզ ոչ ոք չի ընդունելու։ Եվրոպան եւ եվրոպացիներն այն մարդիկ չեն, որոնք նստած են Եվրախորհրդում եւ անհիմն խոսում են։ Բայց իրենք չեն էլ պատրաստվում ընդունել Հայաստանը Եվրոպայի կազմում։ Իրենք պարզապես այս պահի դրությամբ ուզում են խառնաշփոթ ստեղծել մեր տարածաշրջանում, ուզում են, որ այստեղ պատերազմ լինի, թեեւ արդյունքում կործանում են նաեւ Եվրոպան եւ վերջում էլ ուզում են հայերին հարվածելով հետ շպրտել այդ տարածքից։ Եվ այստեղ կրկին հարցեր է ծագում՝ մեր ԱԱԾ-ի ուղղությամբ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ