ՎԱՉԱԳԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 - ՏԱՐԵԿԱՆ
Հուլիսի 1-ը, անմահ հերոս ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐՈՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 20-տարեկան։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, համագյուղացիներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Վաչագանը ծնվել է 2004 թվականին, Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ գյուղում։ 2010֊2022 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ 2021֊ին, հաճախել է Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Հերոսի մայրը, տիկին ՌՈՒԶԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «Վաչագանս զբաղվում էր նաև սպորտով։ Նրա սիրելի մարզաձևերն էին ֆուտբոլն ու բասկետբոլը։ 2023֊ի հունվարի 15֊ին է զորակոչվել Հայոց բանակ ծառայության։ Սկզբից ծառայում էր Արմավիրում, ապա տեղափոխվեց Վարդենիս, Սոթքի զորամաս։ Օրինակելի ու շատ կարգապահ զինծառայող է եղել։ 2023֊ի սեպտեմբերի 1֊ին, թշնամու դիվերսիոն խմբին հետ շպրտելու ժամանակ, հերոսաբար զոհվել է Սոթքում, անօդաչու թռչող սարքի հարվածից։ Վաչագանս ծառայեց 8 ամիս, որից 2 ամիսը անցկացրել է դիրքերում, լինելով առաջնագծում։ Այդ դիրքը նրան է վստահված եղել, նա ուներ կրտսեր սերժանտի կոչում, հրաձգային ջոկի հրամանատար էր։ Դիրքը իր իսկ ձեռքով էր կառուցել ու ծառայեց երդմանը հավատարիմ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։ Հպարտ եմ, որ նման զավակ եմ լույս աշխարհ բերել, սակայն դրանից չի մեղմանում մեր ցավը, երանի չլիներ պատերազմը ու հանգիստ ծառայեր տուն վերադառնար որդիս։ Շնորհակալ եմ բոլորից, մեր ցավը կիսողներից, դժվար պահին միշտ մեր կողքին լինելու համար, թող ոչ մի մայր արցունք չտեսնի»։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ