Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը
ՎերլուծությունԱյս օրերին եւս մեկ երկրում՝ Իրանում, տեղի ունեցան ընտրություններ, որը, հասկանալի է, Հայաստանի համար եւս (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=287382&l=am) ամենաուղիղ հետաքրքրությունն է ներկայացնում: Ու չնայած տարածված այն ընդհանրական թեզին, թե այս ընտրությունները ոչ մի կերպ չեն կարող ազդել Հայաստանի ուղղությամբ Իրանի հայտնի մոտեցումների վրա՝ անկախ արդյունքներից, սակայն իրականում դա միայն մասամբ է այդպես:
Իրանում, իհարկե, ընդհանուր ռազմավարությունը որոշողը երկրի նախագահը չէ: Այսինքն, ով էլ լինի նախագահ, պետք է ենթարկվի այդ ռազմավարությանը: Բայց նախագահն էլ, բնական է, ինչ-որ անիմաստ պաշտոնյա չէ, կառավարում է գործադիր համակարգը եւ տակտիկական լուծումներ տալիս ընդհանուր քաղաքական կուրսին: Եվ, ելնելով մասշտաբների մեծ տարբերությունից, Իրանի համար տակտիկական փոքր տեղաշարժերը, իհարկե, կարող են Հայաստանի վրա էական էֆեկտ թողնել՝ այս կամ այն կողմ: Այսինքն, կա շատ պարզ հարց՝ Իրանի այս պահին արդեն երկու նախագահի թեկնածուներից ո՞ւմ ընտրվելն է Հայաստանին ավելի ձեռնտու:
Հայտնի է, որ երկրորդ փուլ են անցել ռեֆորմների կողմնակից համարվող Մասուդ Փեզեշքիանը եւ պահպանողական թեւից՝ Սայիդ Ջալիլին: Փեզեշքիանը, ով ստացել է 10,4 մլն ձայն, նաեւ շատ իրանական աղբյուրների համար է ընկալվում, մեղմ ասած, ոչ լավագույն նախագահացուն: Ըստ փորձագետներից մեկի՝ «երջանկահիշատակ նախագահ Ռաիսին նույնպես բարեփոխումների կողմնակից էր եւ մի շարք նման առանցքային քայլեր կատարել է: Սակայն նրա մոտ կար հստակ գիծ՝ բարեփոխումը պետք է նախ լինի խորությամբ ուսումնասիրված եւ հետեւողականորեն իրականացված, եւ, ամենաէականը, ոչ մի կերպ չպետք է ազդի երկրի անվտանգության հարցերի վրա, այլ, ընդհակառակը, պետք է էլ ավելի ամրապնդի անվտանգությունը: Փեզեշքիանի պարագայում այս պահին ամեն բան հիմնականում խոստումների տեսքով է՝ անել այս-այս ռեֆորմները: Ինչով ամեն մի նման քայլը կամրապնդեր Իսլամական Հանրապետության անվտանգությունը, տեսանելի չէ»:
Մյուս կողմից, Փեզեշքիանը, հայտնի է, որ ունի թյուրքամետ գործչի համարում: Ինչ չափով եւ ինչ խորությամբ, այստեղ հարցեր շատ կան: Բայց եթե անգամ աշխատի Իրանի կառավարման ողջ համակարգը՝ արգելակելով նախագահին թյուրքական ուղղությամբ այս կամ այլ քայլերին գնալ, դա դեռ ամբողջական լուծում չէ: Հարց է՝ իսկ ի՞նչ թիմ իր հետ կբերի Փեզեշքիանը, այդ թիմում թյուրքական գործոնը որքանո՞վ ամուր կլինի, ի՞նչ քայլերի պատրաստ կլինեն եւ այդպես շարունակ: Անգամ տակտիկական բնույթի լուծումները, որոնք, կրկնենք, նախագահի դաշտում են, եթե տրվեն թյուրքամետության դիրքերից ելնելով, ի՞նչ ազդեցություն կունենան հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական ուղղություններով: Մեկ բան ենթադրելի է՝ հաստատ ոչ հայ-իրանականի օգտին է դա լինելու:
Սայիդ Ջալիլին, ով առաջին փուլում ստացել է Փեզեշքիանից մեկ միլիոնով պակաս քվե, իրանական ավանդական պահպանողական քաղաքականության կրողն է, որի պարագայում խնդիրները, որոնք Հայաստանը կարող է ունենալ Փեզեշքիանի պարագայում, գործնականում զրոյանում են:
Այսպիսով, առաջին տեղով առաջին փուլն ավարտած Փեզեշքիանն ունի՞ հաղթելու ավելի մեծ հնարավորություն: Առաջին փուլում պատկերը հետեւյալն էր. Փեզեշքիանը միակ ռեֆորմիստն էր, որի օգտին եկան նաեւ թյուրքական ուղղվածության ոչ փոքր ձայները: Այսինքն, լինելով այդ դաշտում միայնակ, նա, ըստ էության, առանց կիսելու արդեն ստացել է այդ դաշտում եղած ձայների հիմնական քանակը: Ասել, թե երկրորդ փուլում այն էական աճի հավանականություն ունի, երեւի սխալ կլիներ:
Ջալիլիի մոտ պատկերն այլ է: Նա առաջին փուլին մասնակցող պահպանողական մյուս թեկնածուներից մեկն էր միայն, այսինքն, Ջալիլիի ստացած 9,4 միլիոն քվեն պահպանողական ընդհանուր ձայների մի մասն է միայն: Երկրորդ փուլում պահպանողական պարտված թեկնածուները եւ, առաջին հերթին՝ մոտ 3,4 միլիոն ձայնով երրորդ հորիզոնականը զբաղեցրած Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արդեն իսկ հայտարարել է Ջալիլիին աջակցելու մասին: Այս ֆոնին, շատ ավելի նախապատվելի են դառնում Ջալիլիի հաղթելու շանսերը:
Մեկ նյուանս եւս կա, որն իր հերթին է խոսում պահպանողական թեկնածուի հաղթանակի առավել մեծ հավանականության օգտին: Վերջին ժամանակներս, հայտնի է, որ կտրուկ ակտիվացել է Իսրայելի կողմից Լիբանան ներխուժելու, ավելի կոնկրետ՝ Հեզբոլլահի հետ պատերազմի մեջ մտնելու հավանականությունը: Հայտարարությունը, որով օրերս ՄԱԿ-ին դիմեց Իրանի ներկայացուցչությունը, միանշանակ էր. Իսրայելի հարձակման դեպքում Իրանը միանշանակ կներգրավվի:
Որ խաղադրույքներն իրոք չափազանց բարձր են, հուշեց նաեւ ոուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը. «Մերձավոր Արեւելքում հակամարտությունը սրվում է: Իսրայելը գտնվում է Լիբանանի հետ ուղիղ բախման շեմին։ Եկել է ժամանակը, որ Ռուսաստանը սկսի ռազմավարական զենք, ներառյալ մարտավարական միջուկային զենք մատակարարել Հեզբոլլահին եւ հուսիթներին…»: Իհարկե, նման հայտարարությունը կարող է ամենատարբեր կողմերից մեկնաբանվել, որին դեռ անդրադառնալու առիթ կունենանք: Այս պահին այն կապենք միայն Իրանի հետ. իրավիճակը չափազանց լուրջ է, այսինքն՝ ամենեւին էլ ռեֆորմներ խաղալու պահը չէ: Դա նույնպես Ջալիլիի հաղթանակի օգտին է գործելու: