«Ժողովուրդ». «Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասին
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ հրաժարվել իր դեմ ներկայացրած բոլոր հայցերից.
«Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր․ «Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:
ԱԳՆ-ն հավելյալ մեկնաբանություն չուներ:
Ստացվում է, որ ամենևին բացառված չէ այդ հեռանկարը, ինչն էլ իր հերթին նշանակում է նաև, որ հայ գերիների հարցով, որոնք խոշտանգվել ու խոշտանգվում են Ադրբեջանի բանտերում, ՀՀ-ն միջազգային գանգատ չի ներկայացնի»: