Եթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն Գրիգորյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում վերահաստատեց այն, ինչ ավելի վաղ նշել էր խմբակցության ղեկավարությունը: Պարզվում է` խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե էլ մտադիր է եղել կառավարության հրաժարականի պահանջով ուղերձի նախագիծ բերել Ազգային ժողով եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Իսկ ուղերձի նախագիծ բերելու համար 27 ստորագրությունը լիովին բավարար էր:
— Պարոն Գրիգորյան, տեւական ժամանակ լայնորեն քննարկվում էր, որ եթե Դուք եւ եւս երկու պատգամավոր միանայիք խորհրդարանական ընդդիմության ստորագրություններին, հնարավոր էր իմպիչմենթի գործընթաց սկսել: Իրականում ի՞նչն էր պատճառը, որ չստորագրեցիք:
— Շիրակի մարզում եմ եղել, իմ ամենամոտ ընկերը 40 տարեկան հասկանում մահացել էր, հուղարկավորությանն էի մասնակցում: Բայց մեծ հաշվով նմանատիպ նախագծեր միշտ էլ եղել են, որոնց համար անհրաժեշտ էր 27 ստորագրություն, որպեսզի գումարվի արտահերթ նիստ: Այսինքն` պարտադիր չի եղել բոլորի ստորագրությունը:
— Հստակեցնենք, որովհետեւ այլ կերպ մեկնաբանվեց Ձեր չստորագրելը, որ եթե լիներ Ձեր եւ մյուս բացակայողների ստորագրությունը, հնարավոր կլիներ ոչ թե ուղերձի նախագիծ բերել, այլ անվստահության գործընթաց սկսել: Տեղի ունեցած դժբախտությանը բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, բայց այս դեպքում հարցը երկրի օրհասական վիճակի մասին էր…
— Նորից եմ շեշտում` ի սկզբանե կոնկրետ այդ ուղերձի նախագծի համար է եղել ստորագրությունները, որի համար պարտադիր չէին բոլորի ստորագրությունները: Իսկ եթե անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ այդ ստորագրությունը դրվեր: Այս մասին նաեւ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասել է, որ դրա կարիքը չի եղել: Անգամ տեղյակ էլ չեմ եղել` նախագծի ստորագրման հետ կապված:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ