Արտաշատում եւ Վեդիում էլ կունկնդրեն իտալական արիաներ
Մշակութային
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ բարիտոն ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մենահամերգը (hամերգի կոնցերտմայստեր` հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Նվարդ Մարուխյան): Հանդիսատեսն արդեն սկսել է ճանաչել երիտասարդ օպերային երգչին, որն ընդամենն ամիսներ առաջ ազդարարեց ու սկսեց իր ակտիվ համերգային գործունեությունը։
«Իրավունք»-ի հետ զրույցում նա նշեց, որ համերգներով ելույթ է ունեցել Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում, իսկ այս անգամ՝ կրկին երեւանյան հանդիսատեսի առաջ հանդես եկավ նոր ծրագրով:
«Հնչեցին բացառապես իտալական երգեր, արիաներ՝ տարբեր օպերաներից։ Իսկ հաջորդ կանգառը հունիսի 28-ին Արտաշատում է եւ հուլիսի 1-ին՝ Վեդիում», - ասաց Վ. Խաչատրյանը։
Նշենք, որ համերգին ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը, օպերային երգիչ (բաս) Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Զարուհի Թոփչյանը, ով, ի դեպ, Գոհար Գասպարյանի կոնցերտմայստերն է եղել երկար տարիներ, դիրիժոր Կարեն Լավչյանը եւ այլք։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
