Հրավիրում է ոչ թե ծնող-1, այլ` Մայր Ռուսաստանը. ֆլեշ-մոբ` դեսպանատների դիմաց
Միջազգային
Ռուսաստանում երկրի օրվա առթիվ ֆլեշ-մոբ է իրականացվել ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ունեցող երկրների դեսպանատների դիմաց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության:
Նիկոլ Փաշինյանի լուսանկարով պաստառ է տեղադրվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց, որի վրա գրված է հետեւյալը. «Հայաստան, հրավիրում ենք ձեզ նշելու Ռուսաստանի օրը: Միայն թե ասեք` կգա՞ք, թե` ոչ, որովհետեւ մեկ դուք գալիս եք, մեկ` չեք գալիս»:
Իսկ Թուրքիայի դեսպանատան դիմաց Էրդողանի լուսանկարով պաստառի վրա գրված է եղել. «Թուրքիա, հրավիրում ենք ձեզ Ռուսաստանի տոնին: Խնդրում ենք` վերցրեք ձեզ համար աթոռ, ավելի լավ է երկուսը…»:
Հատկանշական է նաեւ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղադրված պաստառը, որտեղ նախագահի փոխարեն` ԼԳԲՏ սիմվոլիկայով լուսանկար է տեղադրվել:
«Հարգելի Միացյալ Նահանգներ, կամ ով եք դուք հիմա այդտեղ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս), հրավիրում ենք ձեզ Ռուսաստանի ավանդական տոնին: Հարգանքներով` ոչ թե ծնող-1, այլ` Մայր Ռուսաստան», - գրված է եղել ԱՄՆ դեսպանատանն ուղղված պաստառի վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

