Լավ, սա մանկապարտե՞զ է, թե՞ խորհրդարան. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՈւշագրավ հայտարարությամբ է հանդես եկել 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Լրագրողի հարցին, թե` պատրաս՞տ է ներել Նիկոլ Փաշինյանին, պատասխանել է. «Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է, բայց ներել՝ չի նշանակում իրեն հանդուրժել վարչապետի պաշտոնում»: Ի՞նչ ասես, նորություն չէ, որ Գեղամ Նազարյանի ամեն հաջորդ հայտարությունն ի վնաս իրեն է եւ հօգուտ իր նախկին ընկեր Նիկոլի: Թող Աստված ների Գեղամ Նազարյանին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ, եթե կարող է, մենք` մահկանացուներս ո՞վ ենք, որ ներում ենք շնորհում` այսքան կորուստ, ցավ ու տառապանք տեսնելուց հետո:
Ստեղծված ներքաղաքական իրավիճակում «ունիկալ» լուծում է գտել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ: Նա ասում է. «Թո՛ղ ՔՊ-ն մանդատները վայր դնի. ես իրենց հետ հավասար պատրաստ եմ հրաժարվել»: Լավ, սա մանկապարտե՞զ է, թե՞ խորհրդարան: Ում ում, բայց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղիչին, ինչ խոսք, չի սազում նման պարզունակ արդարացում գտնել` ինչ է թե մանդատը վայր չդնի: Հատկապես, երբ նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասում է. «Իշխանությունները փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը կառչած է մանդատներից, բայց դա հիմարություն է»: Ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեւորգ Պետրոսյանը գրել է. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը հենց այսօր վայր չի դնում մանդատները եւ չի ապահովում իրենց ցուցակների լիակատար մաքրումը, ուրեմն` վաղվանից իրենք ինձ համար իշխանությանը հավասար են…»:
Բագրատ սրբազանի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառմամբ է հանդես եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե` փորձ է արվում իշխանափոխության համար հայտարարված 96 ժամը լղոզել ու մոռացության մատնել: Հարց է ծագում` իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած Չախոյանն ինչո՞ւ է հուզվել, եթե անգամ այդպես է: Կարո՞ղ է հոգնել է շեֆից ու իշխանափոխություն է ուզում: Այլապես ինչպե՞ս բացատրել այս մուննաթը, որը կարող էր արտահայտել ամեն մի ընդդիմադիր, բայց ոչ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
«Իրավունքն» անդրադարձել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նրա կինը` Անգին Մալխասյանն ահազանգում է, որ իրեն հասած տեղեկություններով` ամուսնուն տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ եւ որ 6 օր է` Կ. Պողոսյանին թույլ չեն տալիս կապ հաստատել հարազատների հետ։ Նա ընդամենը մեկ անգամ բարձրախոսով քննիչի, փաստաբանների ներկայությամբ տնեցիներին հորդորել է իրենց լավ նայել, դրանից հետո որեւէ հեռախոսազանգ չի հնչել։ Սա իրավական գործընթա՞ց է, թե՞ 3 անչափահաս երեխաների հոր առեւանգում: Ի վերջո, մի՞թե չկար խափանման այլ միջոց, ասենք, ստորագրություն երկրից չհեռանալու մասին կամ թեկուզ` տնային կալանք: Արդեն ընդդիմադիր լինելը քրորեն պատժելի՞ է դարձել «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում: