Ովքեր են այս օրերին նոր կուսակցություններ ստեղծում
ՆերքաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակիցներից «Երիտասարդի ձայն» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, որը 2021 թվականին եղել է նաեւ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, ինչպես նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Էջմիածնի ավագանու «Էջմիածին» դաշինքի խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը կուսակցություն են հիմնադրել՝ անունն էլ դրել՝ «Առաջ»: Կուսակցության անդրանիկ համագումարին Կենտրոնական Գործադիր Կոմիտեի նախագահ է ընտրվել Հովհաննես Հարությունյանը: Թե արդյոք սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս հույսեր չի կապում «Հայաստան» դաշինքի հետ, ոչ էլ` հետո քոչարյանականներով ձեւավորված «Մայր Հայաստան» շարժման, եւ որոշել է նոր քաղաքական հենարան ստեղծել, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, Ն. Մանթաշյանը պնդում է. «Կուսակցության հետ կապ ունեն այստեղ գտնվող անձինք, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»:
Մշտապես հակառուսական դիրքերից հանդես եկող քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը եւս հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, որի նպատակն է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Նոր ուժ»՝ այսպես է կոչվելու արեւմտամետների շարքերը համալրող այս նոր կուսակցությունը, որի առաջնորդը կարեւորում է ոչ միայն ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելը, այլեւ՝ դուրս գալը ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից: Կարճ ասած՝ քաղաքականություն է մտնում մի նոր Լեւոն Շիրինյան, պարզապես՝ երիտասարդ: Չէ որ քաղաքագետից Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ դարձած Շիրինյանն էլ է նույն հակառուսական երգը երգում, ինչ Սիմոնյան Գուրգենը:
Սեփ. լրատվություն