ԶԱՐՄԱՆՔ
ՊատմականԻշխանական ռեպրեսիաները նոր թափ են առնում: Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի միջեւ` ո՛չ ավել, ո՛չ պակաս հանրային տրանսպորտում: Խոսքից խոսք` բանը հասել է նրան, որ իշխող խմբակցության պատգամավորը հարվածել է Ս. Վարդանյանի ձեռքին, երկրորդ հարվածն էլ ուղղել քաղաքացու որովայնին: Բայց սա չի խանգարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ քաղաքացու անմեղության կանխավարկածը ոտնատակ տալով` հայտարարի. «Մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթեւեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որեւէ մեկը չկասկածի»: Փաստացի, Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարել է իրավապահ մարմիններին, որպեսզի Ս. Վարդանյանի նկատմամբ հարուցվի խուլիգանության մեղադրանքով քրեական հետապնդում, ինչն էլ գլուխները կախ իրավապահ մարմիններն ընդունել են ի գիտություն, եւ շտապել բերման ենթարկել քաղաքացուն: Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում, ահա, թե ինչպես է լինում:
Եվ մինչ «Freedom house»-ն է անգամ փաստում, որ Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է, ԱԺ ՔՊ խմբակցքության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ անում է ապշեցնող «ժողովրդավարական» քայլ: Վերջինս ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է, թե` «Freedom house»-ը չէ, որ պետք է որոշի Հայաստանի ժողովրդավար լինելը…Մենք գնահատում ենք բոլոր մեր միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն եւ շարունակում ենք զարգացնել մեր ժողովրդավարությունը»։ Թե իրենցն այդ ի՞նչ «ժողովրդավարություն» է, որից անգամ «Freedom house»-ը տեղյակ չէ, երեւի անգամ ՔՊ-ում են զարմացած:
Մինչ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պարզել եւ հրապարակել` ցեղասպանության միլիոնուկես զոհերի անուն-ազգանունները, թե որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, պարզվում է` բանից բեխաբար է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն ԷԴԻՏԱ ԳԶՈՅԱՆԸ: «Մեզ հետ որեւէ քննարկում չի եղել` ցեղասպանության զոհերի անունները ճշգրտելու վերաբերյալ»,- ասել է նա: Հիմա եթե անգամ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը տեղյակ չէ, բա այդ ցուցակները որտե՞ղ է փնտրելու Փաշինյանը:
Եթե չունեք հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են մեր երկիրը ՀՀ քաղաքացու համար դարձնում անտանելի, ապա տեղեկացնենք, որ զուտ տեղ են բացում Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալների համար: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այստեղ: Ինչ է սա նշանակում, հանրամատչելի եւ դիպուկ պարզաբանել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Այսինքն` ինչքան անհասկանալի կերպար Բուրկինա Ֆասո, Բանգլադեշ եւ այլն կա, գալու են լցվեն Հայաստան: էն որ ասում է 5 միլիոն է Հայաստանում ապրելու, ճիշտ ա ասում` ուղղակի հայերը կլինեն 2-3-րդ տեղում: Ու այս ֆոնին ընդդիմադիրներ կան, որ մեզ վախեցնում են, թե բա` Հայաստանը դառնալու է ռուսական գաղութ: Տղաներ եւ աղջիկներ, դուք դեռ պետք է շատ երազեք, որ ռուսական գաղութ կարողանաք դառնալ, ձեր մտածելակերպով մաքսիմում կամ ենթավիլայեթ եք դառնալու, կամ սպիտակամորթ անգլիացու մոտ դռնապան աշխատող պակիստանցու օգնական»: