Ցավալի է, որ գիտնականի կողմից հնչեցված խոսքը փաստերի խեղաթյուրում է պարունակում. Տեր Մովսես
Հասարակություն«Ապրիլի 5-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրված դատավորի թեկնածուների հարցազրույցի փուլի ընթացքում, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրական հատուկ կարգավիճակին, նշել է, թե վերջինիս` իբրև «ազգային եկեղեցի» ճանաչումը, միջազգային փորձառության տեսանկյունից խնդրահարույց է և հակասում է 2005 թվականին հաստատված ՀՀ Սահմանադրության դրույթների տրամաբանությանը, ինչպես նաև սահմանափակում է խղճի ու կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությանը։
Ցավալի է, որ գիտնականի կողմից հնչեցված խոսքը փաստերի խեղաթյուրում է պարունակում։ 2015 թվականին հաստատված Սահմանադրության 18-րդ հոդվածի դրույթները, որոնցով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչվում է իբրև «ազգային եկեղեցի», բառացի կրկնությունն են 2005 թվականի Սահմանադրության 8.1 հոդվածում առկա դրույթների, որտեղից և փոխառվել են։ 2015 թվականի Սահմանադրությունը որևէ կերպ չի ոտնահարում խղճի ազատության դրույթը և չի սահմանափակում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, որոնք ամրագրված են 17.1 և 41 հոդվածներով։
2015 թվականի Սահմանադրությամբ` «ազգային եկեղեցու» հատուկ կարգավիճակի արձանագրումը, որն առկա է նաև 2005 թվականի Սահմանադրության մեջ, որևէ կերպ խտրականության դրսևորում չի կարող համարվել։ Այն պատմական և փաստացի իրողության արձանագրում է։ Անդրադառնալով միջազգային փորձին՝ հարկ է նշել, որ տարբեր երկրներ, ինչպես օրինակ` Մեծ Բրիտանիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, Հունաստանը և Բուլղարիան օրենսդրական և, հատկապես, սահմանադրական հատուկ կարգավիճակ են տալիս իրենց տարածքում գերակայող եկեղեցուն: Այսպես` օրինակ.
Համաձայն Դանիայի Սահմանադրության. «Ավետարանական-լյութերական եկեղեցին Դանիայի ազգային եկեղեցին է, որին աջակցում է պետությունը» (հոդված 4) և որին «պարտավոր է հարել թագավորը» (հոդված 6)։
«Շվեդիայի Եկեղեցու մասին» (Lag om Svenska kyrkan) օրենքի 1-ին հոդվածում գրված է, որ Շվեդիայի «ազգային» եկեղեցին` «Ավետարանական-լյութերականն է»:
Նորվեգիայի Սահմանադրության մեջ արձանագրված է. «Ավետարանական-լյութերական եկեղեցին Նորվեգիայի պետական եկեղեցին է, որին աջակցում է պետությունը» (հոդված 16), և որին «պարտավոր է հարել թագավորը» (հոդված 4)։
Հունաստանում Ուղղափառ եկեղեցին ճանաչված է իբրև իշխող, գերակայող եկեղեցի և ունի պետական իրավունքներ: Սահմանադրության 3.1 հոդվածում գրված է. «Հունաստանում գերակայող կրոնը Քրիստոսի Արևելյան Ուղղափառ Եկեղեցու կրոնն է: Հունաստանի Ուղղափառ եկեղեցին, որը որպես իր գլուխ ճանաչում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր դավանանքով անխզելիորեն կապված է Քրիստոսի Կոնստանդնուպոլսի Մեծ Եկեղեցու և նույն դավանանքը ունեցող մնացյալ Եկեղեցիների հետ, որոնց հետ ճշգրտորեն պահպանում է սուրբ, առաքելական ու ժողովական կանոնները և սրբազան ավանդությունը: Այն ինքնիշխան է և համաձայն եկեղեցական կանոնադրության՝ ղեկավարվում է եկեղեցական ծառայության մեջ գտնվող եպիսկոպոսների Սուրբ Սինոդի կողմից»:
Բուլղարիայի Սահմանադրության 13.3 հոդվածի համաձայն. «Արևելյան Ուղղափառ Քրիստոնեությունը համարվում է Բուլղարիայի Հանրապետության ավանդական կրոն»:
Անգլիկան Եկեղեցին ընդհանրապես ազգային եկեղեցու դասական օրինակներից է, որտեղ Թագավորն ինքը ներգրավված է Անգլիայի Եկեղեցու կառավարման մեջ, իսկ Քենթերբերիի և Յորքի արքեպիսկոպոսներն ու քսանչորս այլ եպիսկոպոսներ մասնակցում են խորհրդարանի աշխատանքներին՝ իբրև անդամներ (Lords Spiritual)», - գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Պետական եւ հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ ՏԵՐ ՄՈՎՍԵՍ քահանա ՍԱՀԱԿՅԱՆԸ: