Լուկաշենկոն և Պուտինը շնորհավորել են միմյանց
ՄիջազգայինԼուկաշենկոն և Պուտինը շնորհավորել են միմյանց «Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների միասնության օրվա առթիվ», փոխանցում է Sputnik Բելառուսը։
Ապրիլի 2-ը երկու երկրներում նշվում է՝ որպես «Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների միասնության օր»։ Երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորանքներ են փոխանակել։
«Վերջերս, չնայած միջազգային ծանր պայմաններին, մեզ հաջողվեց շատ բան անել ռուս-բելառուսական բազմաբնույթ կապերը զարգացնելու և Միութենական պետության ինստիտուտներն ամրապնդելու համար»,- իր շնորհավորանքում ըննդգծել է ՌԴ նախագահը և գործընկերոջը մաղթել քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Բելառուսի «եղբայրական ժողովրդին»՝ երջանկություն և բարգավաճում:
«Միութենական պետությունը եզակի համատեղ նախագիծ է, հետխորհրդային տարածքում ամենահաջող ինտեգրման օրինակ»,- իր հերթին ասել է Լուկաշենկոն։
«Քառորդ դարի ընթացքում ձեռք բերված փորձը թույլ է տալիս արագ և արդյունավետ արձագանքել մեր երկրների առջև ծառացած աննախադեպ մարտահրավերներին և սպառնալիքներին, համախմբել և պաշտպանել ընդհանուր շահերը միջազգային ասպարեզում», - ասվում է Բելառուսի ղեկավարի շնորհավորական ուղերձում։