Ստալինի ծոռը նամակ է գրել Լավրովին՝ առաջարկելով լուծարել ՄԱԿ-ը
Միջազգային
Իոսիֆ Ստալինի ծոռը՝ նկարիչ Սելիմ Բենսադը, նամակ է գրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով լուծարել ՄԱԿ-ը՝ անվտանգության պարտականությունները չկատարելու պատճառով։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։
Բենսադը գրել է, որ հետևել է կազմակերպության գործունեությանը և եկել այն եզրակացության, որ պաշտոնյաներն ու դիվանագետները չեն կատարում իրենց պարտականությունները։
Ինչպես պարզաբանել է Ստալինի ծոռան՝ Վադիմ Գորժանկինի մամուլի կցորդը, նամակում Բենսադը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է Ստալինի անմիջական մասնակցությամբ 1945 թվականի հունիսի 26-ին՝ աշխարհաքաղաքական վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։
«Այժմ այս կազմակերպությունը կորցրել է վստահությունը, և, հետևաբար, Ստալինի ծոռան կարծիքով, ՌԴ ԱԳՆ-ն պետք է բարձրացնի ՄԱԿ-ի վերակազմավորման և/կամ լուծարման հարցը։ Անհրաժեշտ է նաև նախաձեռնել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումը Մոսկվա կամ Յալթա, որտեղ հաղթանակած երկրների Յալթայի համաժողովի ժամանակ որոշվել է ողջ աշխարհի աշխարհաքաղաքական ճակատագիրը։ Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ ներկայումս ամերիկացի դիվանագետները վիզային ռեժիմ ու այլ գործիքներ են օգտագործում որպես ճնշում՝ ռուսական պատվիրակությանը զրկելով Նյու Յորքում ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու հնարավորությունից»,- նշել է Գորժանկինը։
Ինչպես ասվում է նամակում, ՄԱԿ-ը «ապացուցել է իր անհետևողականությունը առանձին ժողովուրդների և ազգերի ցեղասպանությունը կանխելու, Դոնբասում ռուսների բնաջնջումը թույլ տալու և Գազայի հատվածում երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու հարցերում»։