Ադրբեջանում աճել են կրոնական խտրականություն, ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ
ՄիջազգայինՎերջին տարիներին Ադրբեջանում աճել են կրոնական խտրականությունը, ճնշումներն անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության հրապարակած տարեկան հերթական զեկույցում։
Ըստ միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին՝ իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց հետո, և մտավախություն է առաջացել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն իսկ խախտվել են։
Զեկույցն ընդգծում է, որ վիճելի տարածքներում ապրող մարդիկ հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատների թշնամանքի, ինչպես նաև նրանց էքսպանսիոնիստական օրակարգի զոհերը: Որպես այդօրինակ փաստ՝ զեկույցում ներկայացված է անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմագործողությունները, որը հանգեցրեց տեղական իշխանությունների լուծարմանը և ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ անվանեցին էթնիկ զտումներ:
Արդյունքում, ըստ Freedom House-ի հերթական զեկույցի, ԼՂ-ում, որը նախկին զեկույցում մասամբ ազատ էր համարվել, 2023 թվականին աշխարհի ամենամեծ վարկանիշային անկումն է տեղի ունեցել` ընդհանուր կորցնելով 40 միավոր:
Freedom House-ը հավելել է, որ Բաքվի ռազմական հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար բռնաճնշումների խորացման հետ, իսկ այդ երկրի կառավարությունը 1990-ականներից ի վեր էթնիկ հայերի նկատմամբ վարում է խտրական քաղաքականություն: