Թեհրանը չի հանդուրժի Ֆրանսիա-ԱՄՆ-ՆԱՏՕ-ի մուտքը Հայաստան
ՎերլուծությունԱյն, որ Նիկոլի վերջին հայտարարությունները խոստանում են աչքի առաջ սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հասկանում են բոլորը: Բայց դա դեռ խնդրի մի մասն է. խոսելով ֆրանսիական ռազմական օգնության մասին, Նիկոլը եւս մեկ կոշտ հարված հասցրեց Հայաստանին:
ՖՐԱՆՍԻԱՆ ՆԱՏՕ Է, ԵՎ ՎԵՐՋ
Նիկոլի այդ քայլերը, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան Հարավային Կովկասում Ֆրանսիայի, այն է՝ ՆԱՏՕ-ի համար ոտատեղ ստեղծելու ծրագիր: Կհաջողվի դա, թե` ոչ, դա դեռ հարցի մի կողմն է: Այս պահի իրողությունն այն է, որ Իրանի համար նման ծրագրերն ընկալվում են, որպես իր հյուսիսային սահմաններին ՆԱՏՕ-ի տեղակայման ռեալ հեռանկար՝ հնարավոր բոլոր ռեալ հետեւանքներով հանդերձ:
Իրանն իրականում առանց այդ էլ իր սահմաններին արդեն ունի ՆԱՏՕ-ական երկիր՝ Թուրքիան: Սակայն Թուրքիայի պարագայում կա սեփական շահերով առաջնորդվող պետություն, այսինքն՝ Թեհրանն այս դեպքում ունի ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Անկարայի հետ հարաբերությունների խնդիր: Ընդ որում, եթե անգամ Անկարան կարողանա սեփական միջոցներով վերահսկողության տակ վերցնել Հայաստանը, ապա իր այդ դիրքերը հազիվ թե նվիրի ԱՄՆ-ՆԱՏՕ-ին, եւ Թեհրանը նորից գործ կունենա Անկարայի հետ: Այլ հարց, եթե Հայաստանը ուղիղ գծով` առանց Անկարայի ՆԱՏՕ-ին բերի այստեղ: Այդ պարագայում հեռանկարներն այլ են. այստեղ ՆԱՏՕ-ի տեղակայման դեպքում գերիշխող է լինելու ոչ թե Հայաստանի կամ Թուրքիայի, այլ՝ ՆԱՏՕ-ի, այսինքն՝ ԱՄՆ-ի շահը: Թուրքիան, հասկանալի է, այդ իրավիճակում էլ կփորձի իր պատառը ստանալ, բայց արդեն ոչ թե սեփական, այլ ամերիկյան շահի համատեքստում: Հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանում տեղավորվելով, ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հաջորդ թիրախն է դառնալու Ադրբեջանը՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու անթաքույց ծրագրերով: Ինչի մասին, ի դեպ, առանց դես ու դեն ընկնելու օրերս հայտարարեց նաեւ Մակրոնը՝ Նիկոլի հետ հանդիպման ժամանակ: Եվ այդ իրավիճակում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությունը դառնալու է Իրանին Ռուսաստանից կտրող ամերիկյան պատնեշ: Արդյունքում, Ֆրանսիայի միջոցով ՆԱՏՕ-ին Հայաստան բերելու սցենարը վատթարագույնն է Իրանի համար, ասենք նաեւ Ռուսաստանի: Խոշոր հաշվով` նաեւ թուրք-ազերիական տանդեմի. եթե Թուրքիան ստիպված է լինելու պատառ խնդրել ԱՄՆ-ից, ապա ավելի լավ է, որ այդ պատառը ստանա Ռուսաստանից, միգուցե նաեւ Իրանից. Թուրքիան էներգակիրների ՀԱԲ դարձնելու ռուսական տեսլականը հենց այդ հավելյալ բոնուսն է:
Այս ֆոնին նկատենք, որ վերջին ժամանակներս Հայաստանի հանդեպ Թեհրանին վերագրվող խորը մտահոգությունների պակաս չկա: Նախ, տարածվեցին լուրեր, որ իրանցի պաշտոնյաները, ընդհուպ՝ նախագահ Ռայիսին, ծայրահեղ կոշտ մեսիջներ են փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով՝ նրա վերջին իրանական այցի ժամանակ: Դրան էլ հաջորդեց Նիկոլի եւ Մակրոնի այս նոր «ֆրանսիական համբույրը», որը միայն սրելու է Թեհրանի ռեակցիան: Ընդ որում, եթե մինչ այս Թեհրանից դեռ մեսիջներ էին գալիս, թե պատրաստվում են Հայաստանի հետ ընդհուպ ռազմական խորը համագործակցության պայմանագիր կնքել, ապա նույն աղբյուրները հիմա սկսել են այլ մոտեցում ի ցույց դնել: Այն է. «Ռեշտ-Աստարա եւ Չաբահար-Զահեդան երկաթգծերի ավարտը կբարելավի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կապը, եւ Հնդկաստանը կկարողանա ավելի հեշտությամբ հասնել Եվրասիայի ցանկացած հատված արեւմտյան ճանապարհով»: Այն դեպքում, երբ մինչ այս Հնդկաստան-Իրան-Ռուսաստան կապի հիմնական օղակ Թեհրանը տեսնում էր Հայաստանին` ընդհուպ դեպի Պարսից ծոց նավահանգստից օգտվելու իրավունքով: Մյուս կողմից, սա նաեւ Ադրբեջանի համար է առաջարկ, թե Հյուսիս-Հարավ ուղղությանը ներառվելն ինչ պոտենցիալ օգուտներ է խոստանում:
Բայց ասել, թե այս ամենով հանդերձ, Թեհրանը (Մոսկվային չմոռանանք) կհանդուրժի ի դեմս Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի մուտքի հեռանկարը Հայաստան, միամտություն կլիներ: Այնպես, ինչպես պատրաստ էր պատերազմի մեջ մտնել թուրք-ազերիական տանդեմի հետ՝ հայաստանյան գիծը կտրելու դեպքում: Ընդամենը բախվելու ենք հավելյալ ճնշումների ու հանուն նրա, որ Նիկոլի պատկերացմամբ՝ Մակրոնն իր մեծ եղբա՞րն է. խեղճ Հայաստան:
ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Չնայած, կա նաեւ այն տպավորությունը, որ Իրանը խաղը դեռ վերջնականապես տապալված չի համարում եւ փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների թեման դեռ պահել բանակցային դաշտում: Ամեն դեպքում, իրանական աղբյուրները շարունակում են խոսել Հայաստան-Իրան, այստեղից նաեւ Իրաք եւ այլ ուղղություններով երկաթուղային շարժի հեռանկարների մասին: «Հայաստանը մտնում է Մերձավոր Արեւելք. Իրանն ու Իրաքը երկաթգիծ են կառուցում, որից կարող է օգտվել նաեւ Հայաստանը»,- գրում է Հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը՝ հիշեցնելով նաեւ Իրաքի վարչապետի հետ Նիկոլի հանդիպման մասին: Ընդ որում, այս ֆոնին նաեւ որոշակի մտորումների տեղիք է տալիս փաստը, որ Վահագն Խաչատուրյանն այս օրերին պաշտոնական այցով գտնվում էր Իրաքում։
Սակայն Իրանից եկող այս հերթական առաջարկի հիմքում նաեւ պարզ փաստի հիշեցում կա: Իրանի ու Իրաքի կառուցվող երկաթգծին միանալու համար Հայաստանը նախ պետք է ունենա Իրանի հետ երկաթուղային կապ: Միակ ռեալ կապի հնարավորությունը, որն այս պահին կա, դա Նախիջեւանն է: Իսկ դա, հասկանալի է, կախված է Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաների եւ, մասնավորապես, Մեղրիի հատվածի վերագործարկումից: Ու դժվար չէ հասկանալ, որ եթե Մեղրիի հատվածը մնա ԱՄՆ-ՆԱՏՕ վերահսկողության տակ, այդ դեպքում պարզապես էս գլխից է բացառվում Նախիջեւանից Իրան տանող հանգույցի վերագործարկումը, եւ հայաստանյան հատվածն ընդամենը կմնա, որպես Արեւելք-Արեւմուտք ուղղությամբ «Զանգեզուրի միջանցքի» դերում՝ որպես Վաշինգտոնի ձեռքին գտնվող փական: Եվ Իրան-Իրաք-Պարսից ծոց ուղղության մասին խոսելով, Թեհրանը պարզապես մատնանշում է ամերիկյան ծրագրերի այլընտրանքը: Դա, հասկանալի է, նաեւ Ռուսաստանի համար է ճանապարհ՝ դեպի Մերձավոր Արեւելք – Պարսից ծոց եւ դրանից էլ այն կողմ, եւ որի համար էլ այդքան անհրաժեշտ է Մեղրիում անվտանգության երաշխավորի ֆունկցիան, որն առաջին հերթին նախ Մոսկվայի համար է երաշխիք, որ օրը մեջ այդ ճանապարհի հետ կապված տարաբնույթ խաղեր ի հայտ չեն գա՝ արեւմտյան գործոնի ազդեցությամբ: Եվ հենց դա է հիմնական պատճառներից մեկը, որ Բրիտանիան եւ Արեւմուտքը «կաշվից դուրս են գալիս» Հայաստանին հակառուսական տիրույթում պահելու համար: Կարճ ասած՝ գնդակը շարունակում է մնալ Նիկոլի դաշտում:
ԲԱՅՐԱՄՈՎ-ՄԻՐԶՈՅԱՆ
Ամեն դեպքում, այսօր մեծ ընդմիջումից հետո մեկնարկում է Բայրամով-Միրզոյան հանդիպումը: Ճիշտ է, Բեռլինում, բայց նման է նրան, որ գործընթացը հիմնականում երկկողմ ձեւաչափով է ընթանալու: Այն, որ հիմնական հարցը լինելու է հենց երկաթուղու՝ Մեղրիի հատվածի թեման, դա կարծես թե կասկածից դուրս է: Կասկածից դուրս է նաեւ, որ բրիտանացիները տեղը տեղին սպառնացել են Նիկոլին՝ անգամ չմտածես մեր թիկունքի հետեւում գործարքի գնալու մասին, եւ երեւի Բեռլինում հանդիպում անցկացնելը` դրա երաշխիքն է. լսել կա, ընթացքից տեղեկանալ կա:
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Ալիեւի համար, իհարկե, երազանքների գագաթնակետ կլիներ թուրք-ազերիական վերահսկողության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցք» ունենալը: Միայն թե այս դեպքում ՌԴ-Իրան ուղղության հետ բախումը գործնականում անխուսափելի կդառնա: Մյուս երկու տարբերակներից՝ Մեղրիի հատվածում ռուսական կամ ամերիկյան վերահսկողությունից միանշանակ ավելի ընդունելի է ռուսական տարբերակը: Նախ, ամերիկյան տարբերակի դեպքում պետք է մոռանալ Իրան-Հնդկաստան ուղղության մասին, որն Ալիեւին հսկայական եկամուտներ է խոստանում: Երկրորդը, Ալիեւը, իհարկե, հասկանում է, որ նման իրավիճակում ԱՄՆ-ի քաղաքական էքսպանսիայից խուսափել ոչ մի դեպքում չի կարողանա: Իսկ ռուսների եւ պարսիկների հետ կարելի է քաղաքական առումով լեզու գտնել: Նաեւ, կգործեն ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ՝ Արեւելք-Արեւմուտք ուղղությունները, որին խոչընդոտելու ռեալ միջոցներ օվկիանոսից այն կողմ գտնվող ԱՄՆ-ն կամ ընդամենը մի քանի տասնյակ կիսասարքին տանկ ունեցող Բրիտանիան չունեն:
Եվ հայտարարությունը, որն Ալիեւը հնչեցրեց նախօրեին՝ Բեռլինում ԱԳ նախարարների հանդիպման մասին լուրի տարածմանը զուգահեռ, թեեւ կոպիտ է, բայց ունի տողատակեր: «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասաց Հեյդարովիչը: Հասկանալի է, նոր տեր այս պահին փնտրելու կարիք չկա. Էրդողանն ընդամենը 70 տարեկան է, դեռ չի պատրաստվում մեռնել, թեեւ նրա հիվանդությունների մասին շատ է խոսվում: Բայց դա մի կողմ. հարցն այն է, թե այդ ի՞նչ «բոլոր պայմաններից» է նա խոսում: Նիկոլը մի գլուխ իրեն է կոտորում, թե՝ Ալմա-Աթայի հռչակագիր, եւ դա արդեն իսկ փակում է «տարածքային պահանջների» թեման: Սահմանադրություն փոխել-չփոխելն էլ այս դեպքում էական չէ. այսօր Նիկոլն է, կփոխի (եթե կարողանա), վաղը կգա մեկ ուրիշը ու ապօրինի կճանաչի Նիկոլի բոլոր որոշումները:
Եվ այստեղ չմոռանանք, որ Ալիեւի «բոլոր պայմաններից» մեկն էլ` կոմունիկացիաների գործարկումը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացնելն է: Այդ մասին քանիցս հայտարարել է Ալիեւը, հայտարարել է Բայրամովը, եւ փոխարենը՝ տվյալ պայմանից հրաժարվելու մասին ակնարկ անգամ Բաքվից չի հնչել: Այսինքն, ավելի մարդկային լեզվով Ալիեւի ասածը սա է՝ Նիկոլը պետք է հրաժարվի Մակրոնի միջոցով Հայաստանը ՆԱՏՕ բերելու մտքից եւ շարժվի կոմունիկացիաների մասին այն սցենարով, որի տակ ստորագրություն է դրել…
Չնայած, սպասենք Բեռլինի հանդիպմանը, այստեղ պետք է որ որոշ նորություններ լինեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ