ՆԻԿՈ՞ԼՆ ԷՐ ԳԱԳՈՅԻ «ԲԵՐԱՆՈՎ ԽՈՍՈՒՄ», ԹԵ՞ ԳԱԳՈՆ ԻՐԵՆԻՑ «ԴՈՒՐՍ ՏՎԵՑ»
Ներքաղաքական
Վերջին օրերին ՔՊ-ականները եւ հատկապես «շուստրի» ջոջերը փորձում էին լրագրողներին շրջանցել՝ աշխատելով չմեկնաբանել Նիկոլի վերջին աղմկոտ հայտարարություններն ու Զելենսկու` Հայաստան հնարավոր այցի մասին լուրերը: Օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նախօրեին պարզապես հրաժարվեց պատասխանել ՀԱՊԿ-ի անդամության սառեցման եւ Զելենսկու մասին հարցերին: Իսկ ահա Քոչարյան Անդոն, ով որպես կանոն պատրաստակամորեն է պատասխանում լրագրողներին, այս անգամ գերադասեց վազեվազ փախչել նրանցից՝ փոքրիկ «խորիմաստ» մեկնաբանություն տալով. ««Սառեցված» բառը նշանակում է, որ սառեցված է»:
ԳԱԳՈՅԻ «ԴՈՒԽՈՎԸ»
ՔՊ-ականենրից ամենամիամի՞տը, թե՝ «ամենադուխովն» էր Մելքոնյան Գագոն, ով որոշեց խոսել: Էլ` թե Լուկաշենկոն «ճորտի կարգավիճակով է ապրում», էլ` թե Ռուսաստանն այդ ո՞վ եղավ, որ մենք նրա արձագանքել-չարձագանքելուն նայենք: Վերջին նարկո՞զն էր այդպես վրան ազդել կամ միգուցե հիշե՞լ էր, որ ՔՊ-ականների միջի, ամոթ էլ է ասել, գեներալն է, պետք է մյուսներին «դուխովի» օրինակ ծառայել, թե՞ մի այլ բան: Չնայած, «դուխովի» տարբերակը երեւի բացառենք: Նկատի ունենք, որ այն պահին, երբ Գագոն ասում էր, թե՝ «Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք», նույն պահին Ալիեւը ոտքերն էր տրորում նիկոլյան իշխանությունների վրա, թե՝ «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»: Գագոն էլ, հասկանալի է, որպես «անկախ երկրի հպարտ պատգամավոր», բառ անգամ չհղեց Ալիեւի հասցեին՝ դրանով ցույց տալով, որ «դուխովից» մինչեւ «Վերգո» թռիչքը շատ արագ է կատարվում:
Իհարկե, Գագոյի այս հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել: Միայն թե այս դեպքում խնդիրը մի փոքր այլ է: Մասնավորապես, Նիկո՞լն էր Գագոյի միջոցով ինչ-որ մեսիջներ հղում, թե՞ դա ընդամենը նոր-նոր աշխատանքի վերադարձած եւ միգուցե դեռ իրավիճակին չտիրապետող Գագոն իրենից «դուրս տվեց»: Կամ միգուցե այստեղ բոլորովին այլ հանձնարարականների՞ հետ գործ ունենք:
ՈՎ՞ ՏԱՐԱԾԵՑ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԱՅՑԻ ԼՈՒՐԸ
Իրականում, ինչպես որոշ հետաքրքիր աղբյուրներ են հավաստիացնում, այս օրերին Նիկոլը փորձում է կրքերը հանդարտեցնել: Մի կողմից` նա պետք է որ հասկանար, որ իր վերջին հայտարարությունները շիկացնելու են ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլ նաեւ` ներհայաստանյան մթնոլորտը: Ընդ որում, աղբյուրը նաեւ կարծում է, որ Զելենսկու հնարավոր այցի մասին «տեղեկատվական արտահոսքը» տեղը-տեղին նյարդայնացրել է Նիկոլին: Այսինքն` այդ այցի մասին իրականում եվրոպաներում դեռ միայն ակնարկներ են եղել, վերջնական որոշում չկա: Եվ երբ այդ նախնական խոսակցությունները հայտնվեցին հայաստանյան հրապարակային դաշտում, Նիկոլը դրա տակ դիտավորություն է տեսնում:
Կարծես թե այդպես էլ կա, փաստն այն է, որ Արցախում հայ զինվորների մահվան մեջ ուղղակի մասնակցություն ունեցած Զելենսկու հնարավոր այցի մասին խոսակցություններն էլ ավելի թեժացրին հայաստանյան ներքին մթնոլորտը: Նման է նրան, որ Զելենսկու պատմությունը կպցնելով Նիկոլի վերջին հակառուսական հայտարարություններին` որոշ հայտնի ուժեր պարզապես փորձում են էլ ավելի սրել Մոսկվայի զայրույթը՝ դրանով Նիկոլին ասածներից նահանջելու եւ ռուսների հետ թշնամության դաշտում անդառնալիության կետից այն կողմ տանելու համար: Սակայն դա հավելյալ խնդիրներ է առաջացրել Նիկոլի համար: Բանն այն է, որ հանրության մի էական հատվածը Զելենսկու պատմությունը տեսնում է ոչ միայն Մոսկվայի հետ հայաստանյան իշխանությունների քյալլա տալու տիրույթում, այլ համարում է ուղիղ ապտակ ողջ ժողովրդին: Եվ այն պահին, երբ առանց այդ էլ խնդիրների պակաս չկա, սա դառնում է Նիկոլի համար ավելորդ գլխացավանք:
Ընդ որում, մի այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ դժվար է ասել, թե ներհայաստանյան մթնոլորտն ուր է գնալու, որի հետ կապված Նիկոլն արդեն իսկ լուրջ մտահոգություներ ուներ: Թվարկենք միայն վերջին դեպքերը: Նախ` սեւանցի ձկնորսներն ամենաուղիղ ձեւով դուրս եկան իշխանությունների դեմ, ավելին՝ պարտադրելով ինչ-որ կերպ իրենց հետ լեզու գտնել: Հիմա էլ ծավալվում է «խոպանչիների բունտը», որը թե ինչպես է հունից հանել առանց այդ էլ գերնյարդային վիճակում գտնվող Նիկոլին, կարելի է դատել այս հարցով նրա ելույթից, որտեղ ինքն իրեն գերազանցեց աբսուրդի ժանրում՝ հասնելով մարդկանց ոտքով օդանավակայան ուղարկելու «գաղափարին»: Մեծ աղմուկ է նաեւ Եկեղեցու դեմ ցույցի թեմայով, եւ սա եւս հանրային կարծիքն ուղիղ կապում է Նիկոլի, այսինքն՝ նրա կնոջ հետ: Եվ այսպես շարունակ: Այս ամենը Նիկոլի համար, Երեւանի քաղաքապետարանի ընտրություններում ընդամենը 9 տոկոս ձայն հավաքելուց հետո, հերթական լուրջ ազդակն է: Այսինքն, եթե դեռ կար կարծիք, թե կորցնելով Երեւանի ձայները, մեկ է, մարզերը մնում են Նիկոլի հետ, ապա հիմա, երբ նման պայթյուններ են մարզերում, այդ հույսը եւս սկսում է ի չիք դառնալ: Նաեւ չի աշխատում երբեմնի պոպուլիզմը, որը ժամանակին հարյուր հազարավոր մարդկանց էր «զոմբիացնում»: Մինչդեռ առաջիկայում դեռ պետք է կատարել մի շարք քայլեր, որոնց ուղղությամբ արդեն իսկ կա ծայրահեղ հանրային անհանդուրժողականություն: Իսկ այդ դեպքում, օրինակ, ինչպե՞ս է Սահմանադրություն փոխելու, էլ չասած, որ հերթական ընտրությունները սկսել են կամաց-կամաց իրենց զգացնել տալ:
ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄՈՏ ՕՏԱ՞Ր
Նիկոլի համար, թերեւս, մեկ այլ խնդիր է, որ սեփական թիմակիցներն են սկսել, հասկանալով թե չհասկանալով, քայլեր կատարել, որոնք էլ ավելի են շիկացնում մթնոլորտը: Օրինակ` հիշատակված աղբյուրն ակնարկում է, որ Էջմիածնի իշխանությունները, մեծ աղմուկից վախեցած, Նիկոլի հրահանգով է, որ արգելեցին հակաեկեղեցական ակցիան: Ու դրանից հետո ինչպե՞ս հասկանալ, որ Ավինյանն արտոնում է այդ ակցիայի անցկացումը Երեւանում: Ընդ որում, եթե լուրջ միջոցառում լիներ, էլի ոչինչ: Բայց մասնակիցների խղճուկ քանակը հերթական հարվածն էր՝ ուղղված Նիկոլին: Թե սա՞ էր քո հակաեկեղեցական արշավի իրական թափը: Ընդ որում, անկախ այն բանից, թե այս արշավի ակունքներում նա՞ էր կանգնած, կի՞նը՝ Աննան, թե՞ այլ ծպտյալ կազմակերպիչներ. մեկ է, հարվածը բաժին հասավ Նիկոլին:
Կամ այս համատարած աղմկոտ դեպքերի ֆոնին ինչպե՞ս հասկանալ, որ Ավինյանը հերթական աղմկոտ թեման է օրակարգ բերում: Խոսքը Կոնդի մասին է, որը որոշել են քանդել, եւ մարդկանց այնքան խղճուկ փոխհատուցում են առաջարկում, որ այդ ֆոնին անգամ Հյուսիսային պողոտայի նախկին սեփականատերերի թալանի հին պատմությունն է սկսում իսկական բարեգործության կերպար ստանալ: Այն, որ կոնդեցիները պայքարելու են, դա հասկանալի է: Ենթադրելի է նաեւ, որ այս դեպքում եւս Նիկոլը, ըստ ամենայնի, կգերադասի նահանջել: Բայց ի՞նչ է ստացվում, աղմկոտ խաղը սկսի Ավինյանը, իսկ վախեցած նահանջողի հավանական կերպարի «դափնիները» մնան Նիկոլի՞ն:
Ու ինչո՞ւ միայն Ավինյանը. ԿԳՍՄ նախարար Ժաննան քի՞չ բան է արել հականիկոլյան անհանդուրժողականության էլ ավելի ծաղկման ուղղությամբ: Բա Ալենը՝ իր եղբոր կնոջով հանդերձ: Կամ նորից գանք հնչեցված հարցին՝ իսկ Մելքոնյան Գագոն իրականում ո՞ւմ հանձնարարականով էր նմամ մեծ-մեծ հայտարարություններ անում: Եվ այսպես շարունակ. դիտավորությո՞ւն է, սաբոտա՞ժ, թե ունեն վերին հրահանգ՝ Նիկոլին այնպիսի փակուղու առաջ պահել, որ մտքով անգամ չանցնի՝ «թռնել»:
Ընդ որում, հենց այն ժամանակահատվածում, երբ արտաքուստ հանդարտ եւ անտարբեր թվացող հայաստանյան հանրության խորքերում սկսել են եռման նշույլներ նկատել, որոնք համապատասխան ուղղորդման դեպքում կարող են լուրջ տեկտոնիկ տեղաշարժերի վերածվել: Վերջին դեպքը. նախօրեին տարածվեց լուր, թե ՔՊ-ի գրասենյակներից մեկի մոտ պայթուցիկ սարք է տեղադրված: Իրավապահները քիչ անց շտապեցին հերքել, թե՝ պայթուցիկ սարք չէր, այլ՝ «մուլյաժ»: Բայց դրանից բա՞ն է փոխվում. մեկն այս անգամ «մուլյաժով» է ՔՊ-ին սպառնում, մեկն էլ, ո՞վ է բացառում, որ թեկուզեւ այս օրինակով կանցնի իրական պայթուցիկներ տեղադրելու: Այս առումով հետաքրքիր էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանի մեկնաբանությունը . «Չեմ բացառում, որ տեղադրված ռումբերի մասին գնալով ավելի շատ տեղեկություններ կլսենք: Ռումբերը կարող են նաեւ պայթել, գուցե մի նոր ՊՊԾ գունդ նորից գրավեն: Կհաջողվի՞ արդյոք վատ «պարողին» փախչել շուռ տված խաղատախտակի մոտից, իսկ եթե անգամ այդ վատ «պարողին» դա հաջողվի, ում անգամ Ավարայրի ճակատամարտը, դասագրքերն ու Արարատ սարն են խանգարում, մենք ենք մնալու ջարդված խաղատախտակի մոտ»:
Նիկոլը գնում է եվրոպայահաճո տարբերակով, թե՝ ռուսներն են ուզում ինձ «հեղաշրջել»: Ու ի՞նչ է, Ալե՞նն է «ռսի մարդը», Ավինյա՞նը, թե՝ ԿԳՍՄ-ի Ժաննան…
Մինչդեռ Գագոն գոնե մեկ տեղին ակնարկ հնչեցրեց. «Հիմա էլ, եթե 100 հազար մարդ դուրս գա, կարող է իշխանափոխություն անել»: Իսկ որ այդ 100 հազարն արդեն իսկ կարող են փողոց դուրս գալ, ասում են, Նիկոլն էլ է վստահ:
ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ