Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Երիտասարդ բժշկի գրառումները» տրագիկոմեդիան՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածքների (բեմականացումը՝ Ն. Գրիգորյանի և Վ. Ժուրավլյովայի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
 
Առաջնախաղը կկայանա փետրվարի 24-ին: Ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մեզանից յուրաքանչյուրը, լինելով երիտասարդ և սիրահարված իր մասնագիտությանը, անցել է ինքնաճանաչման, կայացման այս դժվարին ճանապարհը՝ հասարակությանն ապացուցելու ցանկությամբ, որ ինքն էլ է ծառայում իր մասնագիտությանը, իր կոչմանը։ Եվ նա, ով արժանապատվորեն է անցնում այս ճանապարհը և կարողանում է երիտասարդ հասակում իրենից վանել փառամոլությունը, եսասիրությունը և անձնական շահերը, վերջում իբրև պարքև ստանում է մեծ սեր, ջերմություն և համակվում է աշխարհը ավելի լավը դարձնելու ցանկությամբ:
 
Ներկայացման դերակատարներն են Վլադիմիր Օհանյանը, Արմեն Արնաուտովը, Լիլիա Մուկուչյանը, Աննա Մանուչարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Հայարփի Զուռնաչյանը, Յուրի Սոշնիկովը, Գրիգոր Խոջայանը, Ալեքսանդր Հայրապետովը։ Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Լուսինե Կարապետյանի, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: